Մեծ պատրանք

ֆրանասիական դրամատիկ գեղարվեստական ֆիլմ

Մեծ պատրանք (ֆր.՝ La grande illusion), ֆրանասիական դրամատիկ գեղարվեստական ֆիլմ, որ նկարահանվել է 1937 թվականին ռեժիսոր Ժան Ռենուարի կողմից։ Կոչվել է բրիտանացի տնտեսագետ Ռալֆ Նորման Էնջելի գրքի անունով, ով կարծում էր, որ եվրոպական ազգությունների տնտեսական ընդհանուր շահերը պատերազմն անօգուտ են դարձնում։

Մեծ պատրանք
ֆր.՝ La Grande Illusion
ԵրկիրՖրանսիա
Ժանրդրամա[1][2]
Թեմաօդագնացություն
Թվականհունիսի 4, 1937[3], հունիսի 8, 1937[4], սեպտեմբերի 12, 1938[4] և 1937
Լեզուֆրանսերեն, անգլերեն[5], գերմաներեն[5] և ռուսերեն[5]
ՌեժիսորԺան Ռենուար[1][2][6][…]
ՊրոդյուսերAlbert Pinkovitch? և Frank Rollmer?[5]
Սցենարի հեղինակԺան Ռենուար և Charles Spaak?
ԴերակատարներԺան Գաբեն[1][6][7][…], Դիթա Պարլո[1][6][7], Էրիխ ֆոն Շտրոհայմ[1][6][7][…], Պիեռ Ֆրենե[1][6][7][…], Մարսել Դալիո[1][7][8], Գաստոն Մոդո[1][7], Ժյուլիեն Կարետ[1][7], Jacques Becker?[9], Ժան Դաստե[9], Կլոդ Վերնիե[9] և Ժորժ Պեկլե[9]
ՕպերատորՔրիստիան Մատրաս
ԵրաժշտությունԺոզեֆ Կոզմա
ՄոնտաժՄարգերիտ Ռենուար[5] և Renée Lichtig?[5]
Պատմվածքի վայրԳերմանիա
ԿինոընկերությունRéalisation d'art cinématographique?
Տևողություն124 րոպե[10]
 Grand Illusion Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմն է։ Ֆրանսիացի օդաչուներ Մարեշալի և Բոելդյոյի ինքնաթիռը հետախուզական թռիչքի ժամանակ խփվում է գերմանացի աս Ֆոն Ռաուֆենշտայնի կողմից։ Նա հրավիրում է ֆրանսիացիներին, «եթե նրանց մեջ կան սպաներ», ընթրիքի, քանի դեռ նրանց չեն վերցրել ռազմագերիների համար նախատեսված համակենտրոնացման ճամբար։ Հյուրընկալ ձևով ընդունում է նրանց, սակայն սեղանի շուրջ պարզ, անմիջական Մարեշալին անուշադրության է մատնում, իսկ ազնվական պահվածքով Բոելդյոյի հետ հեշտությամբ ընդհանուր լեզու է գտնում։

Օդաչուներին ուղարկում են ճամբար, որտեղ արդեն գտնվում են մեծ թվով ֆրանսիացի ռազմագերիներ, այդ թվում` սպա Ռոզենթալը` հրեական հարուստ ընտանիքից։ Նրա հարազատներից ստացվող նպարեղենի կապոցները զարդարում են ամբողջ բարաքի կյանքը։ Գիշերով բարաքի բանտարկյալները, կյանքները վտանգելով, թունել են փորում փախուստի համար։

Թունելն արդեն պատրաստ է, սակայն ֆրանսիացիներին անսպասելիորեն տեղափոխում են մեկ այլ ճամբար։ Բազմաթիվ ճամբարներ փոխելուց ու փախուստի անհաջող փորձերից հետո Մարեշալին ու Բոելդյոյին ուղարկում են ամրոց, որտեղից, ինչպես վկայում են, դեռ ոչ մեկին չէր հաջողվել փախչել։ Պարզվում է, որ բանտապահը Ռաուֆենշտայնն է, ով ծանր վիրավորվելուց հետո հաշմանդամ էր դարձել։ Նա ջերմորեն է ընդունում ֆրանսիացիներին, նրանց համար ստեղծում ամենալավ պայմաններ` միաժամանակ զգուշանալով նրանց փախուստի փորձերից։ Ամրոցում օդաչուները կրկին հանդիպում են Ռոզենթալին։

Մարեշալին ու Ռոզենթալին վերաբերվելով արհամարհանքով` Ռաուֆենշտայնը ավելի վստահում էր Բոելդյոյին` հաճախակի զրուցելով նրա հետ։ Նա կարծում էր, որ իրենց միավորում է ընդհանուր ցավը. «Ինչ ելք էլ ունենա պատերազմը, այն կդառնա Ռաուֆենշտայնի և Բոելդյոյի վերջը»։ Բոելդյոն էլ, Ռաուֆենշտայնին համակրելով հանդերձ, չի վարանում ընկերների հետ փախուստի հերթական փորձը ծրագրել։ Վերջին պահին նա հրաժարվում է ընկերների հետ փախչելուց` պատճառաբանելով, որ փախուստի ծրագիրը լավ է երկուսի համար, և մնում է, որպեսզի շեղի պահակների ուշադրությունը։

Բոելդյոն, ծանր վիրավորում ստանալով Ռաուֆենշտայնի կողմից, մահանում է հենց նրա ձեռքերում, իսկ Մարեշալն ու Ռոզենթալը փորձում են հասնել շվեյցարական սահմանին։ Ճանապարհին նրանք հանգրվանում են գերմանուհի Էլզայի տանը, ով պատերազմում կորցրել էր ամուսնուն։ Շուտով Էլզայի և Մարեշալի միջև սիրո զգացմունք կամ պարզապես նորմալ մարդկային կյանքի նկատմամբ կարոտ է առաջանում։ Ֆրանսիացիներն օգնում են Էլզային տնտեսության գործերում, խաղում նրա փոքր դստեր հետ, կարծես ոչ մի պատերազմ չի էլ եղել։

Սակայն պատերազմը շարունակվում է, և ֆրանսիացիները հեռանում են։ Շվեյցարական սահմանի մոտ նրանք բաժանվում են։ Բաժանվելիս Մարեշալն ասում է Էլզային, որ պատերազմի ավարտից հետո անպայման կգտնի նրան` հուսալով, որ ներկայիս անիմաստ պատերազմը վերջինն է լինելու։ «Դա պատրանք է»,— պատասխանում է Ռոզենթալը։ Նրանց նկատում են գերմանացի սահմանապահները և կրակում են։ Սակայն փախստականներին հաջողվում է լքել սահմանը, որ վերադառնան Ֆրանսիա և շարունակեն պայքարը։

Դերերում

խմբագրել
  • Ժան Գաբեն - լեյտենանտ Մարեշալ
  • Մարսել Դալիո - լեյտենանտ Ռոզենթալ
  • Պիեռ Ֆրենե - կապիտան Բոելդյո
  • Էրիխ ֆոն Շտրոհայմ - Ռաուֆենշտայն
  • Դիտա Պարլո - Էլզա
  • Ժյուլիեն Կարետ - Կարտյե
  • Ժան Դաստե - ուսուցիչ
  • Սիլվեն Իտկին - լեյտենանտ Դեմոլդե
  • Գաստոն Մոդո - ինժեներ
  • Ժակ Բեքեր - անգլիացի սպա

Ստեղծման պատմություն

խմբագրել
 
Օտ Քյոնիգսբերգ ամրոցը, որ պատկերված է ֆիլմում

Ժան Ռենուարը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ինչպես իր ֆիլմի հերոսները, եղել է ռազմական օդաչու և կիսել է իր սերնդակիցների պատրանքն այն մասին, որ այդպիսի մեկ ուրիշ պատերազմ այլևս չի լինի։ Իր երիտասարդությանն անդրադառնալուն նրան մղել է նոր պատերազմի հասունացումը. Գերմանիայի նացիստական ղեկավարությունն այդ ժամանակ արդեն չէր թաքցնում իր նկրտումները։ Հենց Ռենուարի վկայությամբ նա երեք տարի ապարդյուն ֆինանսավորում է փնտրել։ Սակայն նույնիսկ այն հովանավորները, ովքեր խոստացել էին օգնել ռեժիսորին, չէին հավատում ֆիլմի հաջողությանը, ինչն ազդում էր ֆինանսավորման վրա[11]։

Երբ 1936 թվականին Ռենուարը վերջապես ձեռնամուխ է լինում «Մեծ պատրանքին», նա արդեն ուներ մոտ երկու տասնյակ համր և հնչուն ֆիլմեր և 1930-ական թվականների բանաստեղծական ռեալիզմի ներկայացուցիչներից էր։ Սակայն նրա ֆիլմերը միանշանակ չէին ընդունվում ո՛չ քննադատության և ո՛չ էլ լայն հասարակության կողմից։ Ֆրանսուա Տրյուֆոն գրել է, որ եթե «Մեծ պատրանքը» դուր եկավ միանգամից և ամենքին, ապա առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ դա Ռենուարի առաջին ֆիլմն էր, ուր ռեժիսորը հոգեբանությանն ավելի մեծ տեղ էր տվել, քան բանաստեղծականությանը[12]։

«Մեծ պատրանքը» տարբերվում էր հետպատերազմյան շրջանի պրոպագանդիստական ֆիլմերից. այնտեղ բացակայում էր թշնամու կերպարը։ Ռենուարը կարծում էր, որ դասային տարբերությունները մարդկանց ավելի շատ են բաժանում, քան ազգային հարցերը։ Ավելի ուշ նա գրել է. «Եթե ֆրանսիացի գյուղացին ֆրանսիացի ֆինանսիստի հետ հայտնվի նույն սեղանի շուրջ, նրանք ոչինչ չեն ունենա իրար ասելու։ Իսկ եթե ֆրանսիացի գյուղացին հանդիպի չինացի ֆերմերի, նրանք կգտնեն զրուցելու ընդհանուր թեմա»։ Այս տեսակետից էլ կառուցված են ֆիլմի հերոսների փոխհարաբերությունները[13]։

Իր հաջողության համար ֆիլմը պարտական էր նաև դերասանական կազմին։ Ռաուֆենշտայնի դերը սկզբնապես նախատեսված էր թատրոնի դերասան, ռեժիսոր Լուի Ժուվեի համար, սակայն որոշ հանգամաքներով պայմանավորված` նա հրաժարվում է դերից։ Արդյունքում Ռենուարը հրավիրում է իր սիրելի ռեժիսոր Էրիխ ֆոն Շտրոհայմին։ Փորձառու ռեժիսորն ու սցենարիստը ստիպում է Ռենուարին որոշակի փոփոխություններ կատարել. հենց նրա խորհրդով են ֆիլմում ոճավորվել որոշ դրվագներ։ Շտրոհայմի համար էլ դերը եղավ աստեղային[14]։

Նշանակություն

խմբագրել

Ֆիլմում չկան ճակատամարտի տեսարաններ. մահանում է հերոսներից միայն մեկը, այն էլ ոչ կռվի դաշտում։ Դրանով հանդերձ` «Մեծ պատրանքը» մինչև օրս էլ համարվում է հակապատերազմական ամենանշանավոր ֆիլմերից մեկը։

Չնայած հանդիսականների շրջանում ունեցած հաջողություններին` Վենետիկի կինոփառատոնի ժյուրին ֆիլմը չարժանացրեց գլխավոր մրցանակի (որոշ տվյալներով ֆիլմը շատ էր դուր եկել Մուսոլինիին)` բավարարվելով նրան հանձնելով միայն լավագույն դերասանի մրցանակը[12]։

Ֆիլմն արգելված է եղել Յոզեֆ Գեբելսի կողմից, ով Ռենուարին համարում էր «կինեմատոգրաֆում №1 թշնամի»։ Նա հրամայել էր վերացնել ֆիլմի բոլոր կրկնօրինակները։ Վախենալով ֆիլմի` զինվորների մարտական ոգու վրա ունեցած բացասական ազդեցությունից` 1940 թվականին ֆրանսիական կառավարությունը արգելել էր ֆիլմը, քանի դեռ ընթանում էին մարտական գործողություններ։ 1940 թվականին գերմանական զորքերը մտան Ֆրանսիա, և ֆիլմի կրկնօրինակները բռնագրավվեցին։

Երկար ժամանակ կարծում էին, որ ֆիլմի բնօրինակը ոչնչացել է 1942 թվականին՝ դաշնակիցների ռմբակոծության ժամանակ։ Ֆիլմի կրկնօրինակներն ի հայտ եկան 1958 թվականին, իսկ 1960-ական թվականներին այն կրկին էկրան բարձրացավ։ Ավելի ուշ պարզվեց, որ բնօրինակն ուղարկվել է Բեռլին Ռեյխսֆիլմարխվում պահպանելու համար։ 1945 թվականին այն ուղարկվել է Մոսկվա` Գոսֆիլմոֆոնդ։ 1960-ական թվականների բնօրինակը վերադարձվել է Ֆրանսիային, սակայն մոտ 30 տարի շարունակել է անտեսված մնալ Թուլուզի սինեմատիկայում, քանի որ ոչ մեկը չէր կարծում, որ պահպանվածը բնօրինակն է։ 1990-ական թվականների արխիվի տեղափոխման ժամանակ այն վերջապես հայտնաբերվում է և նույնականացվում։ Վերականգնված ֆիլմը էկրան է բարձրացել 1999 թվականի օգոստոսին։

Մրցանակներ

խմբագրել

Ֆիլմում բարձրացված թեման մեծ արձագանք է ստացել։ Ֆիլմը ստացել է Վենետիկի կինոփառատոնի (1937), ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի (1938) մրցանակներ։ Այն ներկայացված է եղել Օսկարի լավագույն ֆիլմ անվանակարգում, չնայած այդ անվանակարգում ներկայացվում էին միանյ անգլիալեզու ֆիլմերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.filmaffinity.com/es/film174723.html
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0028950/
  3. http://www.imdb.com/title/tt0028950/releaseinfo
  4. 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.cinematografo.it/cinedatabase/film/la-grande-illusione/2148/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.imdb.com/title/tt0028950/fullcredits
  8. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=338.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. https://www.cnc.fr/professionnels/visas-et-classification/3971
  11. Цит. по: Arthur Lennig. Stroheim. — Lexington: The University Press of Kentucky, 2000. — С. 365. — ISBN 0-8131-2138-8 (անգլ.)
  12. 12,0 12,1 Франсуа Трюффо. Жан Ренуар. «Великая иллюзия» // Трюффо о Трюффо. Фильмы моей жизни. — М.: Радуга, 1987.
  13. Arthur Lennig. Stroheim. — Lexington: The University Press of Kentucky, 2000. — С. 368. — ISBN 0-8131-2138-8 (անգլ.)
  14. Arthur Lennig. Stroheim. — Lexington: The University Press of Kentucky, 2000. — С. 365—366. — ISBN 0-8131-2138-8 (անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ պատրանք» հոդվածին։