Մեծ Նահատակ միանավ բազիլիկ Ղզղալա, Աշան և Նորշեն գյուղերի սահմանագծում։

Մեծ Նահատակ եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեղագրությունԼեռնային Ղարաբաղ գ․ Ղզղալա, Աշան, Նորշեն

Նկարագրություն

խմբագրել

Կառուցված է համանուն բարձր լեռան գագաթին, և հավասասարապես համարվում է վերը նշված գյուղերի հուշարձանը։ Շարվածքն իրականացված է կիսամշակ քարերով։

Նահատակի անտապանագիր գերեզմանը գտնվում է եկեղեցու մեջ, իսկ ընդհանուր գերեզմանատունը տարածվում է սրբավայրի շուրջը։ Եկեղեցու մոտ պահպանվել են խցերի ավերակները։ Այս ամենը հիմք են տալիս ենթադրելու, թե այստեղ ժամանակին եղել է կրոնական «փոքր միաբանություն»։ Եկեղեցու պատերի վրա պահպանվել են արձանագրություններ։ Արևմտյան պատի շինարարական արձանագրությունը հետևյալն է․ «Ես Ղզղալեցի Ղարայխանս շինեցի եկեղեցիս․ հայրն իմ Ամիրխան և մայրն իմ Մայրասն և եղբայրն իմ Սարուխան, Պաղի, Բաբասի և կողայգիցն իմ Փերին և որդին իմ Սարքիս․ Թվին։ ՌՃԻԵ։ էր» (1676)։ Արձանագրություններ կան նաև արևմտյան մուտքի բարավորի, Հյուսիսային պատի մեջ ագուցված փոքր խաչքարերի վրա։

Տեղացիները Վարդապետի տափ են կոչում այն արոտավայրը, որը գտնվում է Մեծ նահատակ եկեղեցու մոտ։ Նրանից քիչ ներքև ընկած սարալանջի վրա կա մի դարավոր ծառ, որի արմատներից մեկը դուրս է ցցվել հողից և այնքան բարձրացել, որ նրա տակով կարելի է անցնել։ Այս անցքը ծառայել է որպես «բուժիչ վայր» հատկապես հազի դեմ։ Այդ պատճառով էլ այն կոչվում է «ըխտըլ ծառ», այսինքն հազը բուժող ծառ։

Հարակից պատմական հուշարձաններ

խմբագրել

Ղզղալայի տարածքում գտնվում են եկեղեցիներ, գյուղատեղիներ, խաչքարեր (7-րդ, 9-րդ, 13-րդ, 17-րդ դարեր)։ Գյուղում է գտնվում Հինգշենատեղ հնավայրը, որտեղ հայտնաբերվել է բրուտագործի արհեստանոց, կավե խողովակների շարք, բրոնզից և պղնձից ձուլած բազմաթիվ իրեր, որոնք նման են Դվինում հայտնաբերված համանման իրերին։ 1972 թվականին Ղզղալաում հայտնաբերվել է թրծված կավե պատերով ձուլարան։

Աշանի շրջակայքում (նաև հին Աշանում) են գտնվում Սուրբ Աստվածածին (19-րդ դար) եկեղեցին, Պիծի կամ Նալբադանց սուրբ, Ավետարան ուխտատեղիները, խաչքարեր, հին բնակավայրերի ավերակներ։

Նորշեն համայնքի պատմամշակույթային հուշարձաններն են՝ Սբ. Հովհաննես եկեղեցի (19–րդ դար), կամուրջ (1912 թ.)։

Գրականություն

խմբագրել