Մաֆիա
Մաֆիա (իտալ.՝ mafia), կազմակերպված հանցագործության սինդիկատի տեսակ, որի հիմնական գործունեությունն է պաշտպանության ռեկետը, հանցագործների միջև վեճերի արբիտրաժը, ապօրինի համաձայնությունների ու գործարքների միջնորդությունն ու գործադրումը։ Հաճախ զբաղվում է նաև երկրորդական գործունեությամբ, ինչպիսիք են ազարտային խաղերը, վաշխահավաքությունը, (վարկային շնաձկություն), թմրավաճառությունը, մարմնավաճառությունը և զեղծարարությունները։
Որպես սոցիալական երևույթ ծագել է 18-րդ դարի վերջին 19-րդ դարի սկզբին, ֆեոդալական կարգի քայքայման շրջանում, Սիցիլիայի (իտալիա) հասարակության սոցիալ-քաղաքական հետամնացության պայմաններում։ Արմատավորվել է պատվի, հպարտության, ընտանեկան և տոհմային կապերի խեղաթյուրված հասկացողությունների հիման վրա։ Ունի խիտո հիերարխիկ կարգ, կազմակերպչական և նույնիսկ ծիսական ձևեր, մահվան սարսափի տակ գրեթե բացառված է կազմակերպության անդամների (կամ գործունեության) մատնությունը ոստիկանությանը, որը համարյա անխոցելի է դարձնում Մաֆիան։
20-րդ դարում Մաֆիայի գործունեությունը տարածվել է արդյունաբերական և քաղաքական կյանքի ոլորտը։ Մաֆիան օգտագործվում է ընտրական կամպանիաների ժամանակ, կարող է սերտ կապերի մեջ լինել Հռոմի դատական աստիճանավորների, ոստիկանության, քաղաքական որոշակի շրջանների հետ[փա՞ստ]։ 1950-1970-ական թվականներին պաշտոնապես պայքար սկսվեց մղվել Մաֆիայի դեմ, ստեղծվեց հատուկ «Հակամաֆիա» («Անտիմաֆիա») կազմակերպությունը, սակայն Մաֆիան շարունակեց գործել։ Սիցիլիական Մաֆիան պատմականորեն սերտ կապեր է ունեցել Միացյալ Նահանգների՝ հատկապես իտալական ծագման գանգստերական կազմակերպությունների հետ։ ԱՄՆ Մաֆիան թափանցել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համբավավոր էր համարվում «Կոզա նոստրա» («Մեր գործը») մաֆիական կազմակերպությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 371)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաֆիա» հոդվածին։ |