Կոզա նոստրա (Cosa Nostra, սիցիլիական լեզվից թարգմանաբար նշանակում է «Մեր գործը»), սիցիլիական հանցավոր կազմակերպություն, մաֆիա[1]։ Կոզա նոստրա արտահայտությունը ամբողջ աշխարհում հայտնի է դարձել հիմնականում ամերիկյան գրող Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի միջոցով։

Պատմությունը

խմբագրել

Կոզա նոստրան գործում է Սիցիլիայում` սկսած 19-րդ դարի սկզբից։ 20-րդ դարի սկզբին վերածվել է միջազգային հանցավոր կազմակերպության։ Ի սկզբանե այն զբաղվում էր ավազակներից` նարնջենու այգիների և խոշոր հողատարածքների սեփականատերերին պաշտպանելով (ներառելով ամենադաժան մեթոդները)։ Ավելի ուշ Կոզա նոստրան սկսեց լայնացնել իր գործունեության ծավալները` բոլոր առումներով վերածվելով հանցավոր խմբավորման։ 20-րդ դարում Կոզա նոստրայի գլխավոր ուղղությունը դարձել էր ավազակությունը։

Կազմակերպությունը կազմված էր խմբերից, որոնք իրենց անվանում էին «ընտանիքներ» (famiglia): Բուն «ընտանիքն» ուներ կոշտ հիերարխիկ կառուցվածք, որը գտնվում էր այսպես կոչված «կնքահոր» (padrino) ենթակայության տակ։ «Ընտանիքի» գործունեության տարածքը բաժանվում էր յուրատեսակ «շրջանների», որոնք կարող էին ընդգրկել փողոցներ, շրջաններ, մարզեր կամ գավառներ։ Յուրաքանչյուր «շրջան» սովորաբար ղեկավարվում էր երեք «ընտանիքների» կողմից, որոնք ընտրում էին իրենց առաջնորդին (capo di capi` գլուխների գլուխ)։ Պարագլուխը ընտրում էր իր տեղակալին և մեկից մինչև երեք խորհրդատուների (կոնսիլյերի)։

Կոզա նոստրա անվանումը ներկայումս բացառապես վերագրում են սիցիլիական մաֆիային, ինչպես նաև ծնունդով Սիցիլիայից` ԱՄՆ-ում բնակվողներին։ Այն հիմնականում գործածվում է միջազգային այլ հանցավոր կազմակերպությունները ավանդական սիցիլիականից տարբերելու համար։ Կոզա նոստրայի գործունեությունը ներառում է թմրավաճառքը, կավատությունը, խաղային բիզնեսը, շորթումը, ռեկետը, զենքի առևտուրը, խարդախությունը, վաշխառությունը, սպանությունները և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել