Մարցի Ամենափրկիչ խաչքար (Ճքնըվերի խաչ)

Մարցի Ամենափրկիչ խաչքար (Ճքնըվերի խաչ), միջնադարյան պատմաճարտարապետական արժեքավոր հուշարձան։

Ամենափրկիչ խաչքար (Ճքնըվերի խաչ)
Ամենափրկիչ խաչքար (Ճքնըվերի խաչ)
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԼոռու մարզ,
Ներկա տեղադրությունՄարց գյուղից 4-5կմ արևելք
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՀանրապետական նշանակության հուշարձան
ԽաչագործՎահրամ Մամիկոնյան
Ճարտարապետական ոճհայկական
Ստեղծման տարեթիվ1285 թվական
Զարդաքանդակի նկարագրությունՀիսուսի խաչելության տեսարան
Արձանագրությունառկա է
 Amenaprkich khatchkar in Marts Վիքիպահեստում
Մարցի Ամենափրկիչ խաչքար (Ճքնըվերի խաչ)

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Մարց գյուղից 4-5 կմ արևելք[1] ՝ Ճգնավորի թալա վայրում, խուլ անտառի մեջ, երբեմնի միջնադարյան գերեզմանոցի տարածքում։ Հայ նշանավոր պատմաբան Լեոն, լինելով այս վայրում, գրել է, որ ‹‹տեղը շատ նմանություն ունի Ղարաբաղի Թթուջրին և կարող է դառնալ առաջնակարգ կլիմայական կայարան (բուժարան)››[2]:

«Ճգնավորի քար» գյուղատեղիում առկա է արձանագրություններով հարուստ 5 խաչքար՝ շարված մի գծի վրա։ Բուն խաչարձանը, որ կոչվում է Ամենափրկիչ, կանգնեցվել է Հայոց ՉԼԴ (1285) թվականին, Հաղպատավանքի առաջնորդ, Զաքարյանների քրոջ՝ Դոփի թոռ տեր Յոհանեսի հայրապետության օրոք, Թոմա քահանայի և նրա եղբայր Տիրացուի կողմից։ Խաչքարը կանգնեցված է սրբատաշ բարձր, եռաստիճան պատվանդանի (խարսխի) վրա՝ ճակատով դեպի արևմուտք։ Այն դեղնակարմրավուն ֆելզիտից է, կարևորվում է իր պատկերագրական հարստությամբ, քանդակագործական արվեստով, տարբեր արտահայտչամիջոցների վարպետ ու ներդաշն միահյուսմամբ, հանդիսանալով հայ քանդակագործական արվեստի բարձրարժեք նմուշ։ Թիկունքին արված արձանագրության համաձայն այն տեղադրվել է այստեղ թաղված հանգուցյալների հոգիների փրկության համար։

Խաչքարի նկարագրություն խմբագրել

Մարցի Ամենափրկիչը հատկանշական է խաչելության լիակատար տեսարանով։ Հիսուսը խաչի վրա պատկերված է մերկ։ Նրա աջ կողմում պատկերված է Հիսուսի աջը համբուրող Մարիամ Աստվածածինը, ձախ կողմում՝ խաչի հորիզոնական թևի տակ, Հովհաննեսն է։ Նույնպես աջ կողմում՝ Աստվածածնից ցած, պատկերված է Հովսեփ Արիմաթացին։ Հիսուսի ոտքերից ներքև՝ Նիկոդիմոսն է, ով ունելիով դուրս է քաշում Տիրոջ ոտքի գամը։

Խաչքարի վերևում՝ աջից, պատկերված է արեգակ, ձախից լուսին (դրված արծվի և ցլի պատկերների վրա)։ Խաչի տակ պատկերված է Ադամի գանգը՝ իբրև հոգևոր դրախտի խորհրդանիշ, որի վրա հառնում է Խաչեցյալը՝ իբրև հոգևոր դրախտ կամ Կենաց ծառ։ Ողջ պատկերը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։

Այս խաչքարը կերտել է միջնադարյան նշանավոր քարգործ վարպետ Վարհամը (Վահրամ)։ Մարցի Ամենափրկիչ խաչքարի հետ հորինվածքային նմանություն ունեն Ջղինգյոլ կոչվող հնավայրից Էջմիածին փոխադրված Ամենափրկիչ խաչքարը (1273), ինչպես նաև Դսեղի (1281) և Հաղպատի (1273) Ամենափրկիչ խաչքարերը[3]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Ռուդիկ Ափիցարյան «Մարց», Երևան «Ասողիկ» 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Լեո, Երկերի ժողովածու, 1985, հ․8,էջ 447-448
  3. «12-13 –րդ դդ․ Խաչքարերի կրոնական և աշխարհիկ թեմաներով պատկերաքանդակները». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.