Ամաչկոտ կին

Ամաչկոտություն (նաև անվստահություն), վախի, անվստահության կամ անհարմարավետության զգացում հատկապես այն ժամանակ, երբ անձը շրջապատված է այլ մարդկացով: Այս զգացումը հիմնականում դրսևորվում է նոր իրավիճակներում կամ անծանոթ մարդկանց միջավայրում հայտնվելիս: Ամաչկոտությունը բնորոշ է այն մարդկանց, որոնք ցածր ինքնագնահատական ունեն: Ամաչկոտության առավել խոր դրսևորումները կապված են սոցիոֆոբիայի հետ: Այս զգացումի հիմնական հատկանիշներից մեկն այն է, որ մարդու մոտ վախ է առաջանում նրանից, թե ինչ կմտածեն իր մասին ուրիշները: Հետևաբար մարդը դադարում է անել կամ ասել այն, ինչ կամենում է՝ վախենալով բացասական արձագանքներից, ծիծաղելի երևալուց, ստորացվելուց կամ խղճահարության արժանանալուց, քննադատությունից կամ մերժումից: Արդյունքում ամաչկոտ մարդն առանձնանում է հասարակական իրավիճակներից[1]:

Ամաչկոտության պարագայում կարևոր գործոն է սոցիալական հմտությունների զարգացումը: Դպրոցներում սոցիալական հմտությունների մարզմանը այնքան ուշադրության չեն դարձնում, որքան, օրինակ ընթերցանությանը կամ գրավոր աշխատանքներին, որի արդյունքում ամաչկոտ աակերտների մոտ չեն զարգանում դասերի ժամանակ ակտիվ լինելու և իրենց հասակակիցների հետ շփվելու հմտությունները: Դասերի ժամանակ ուսուցիչները իրենց հարցադրումները կարող են անել չվախեցնող և ոչ ուղիղ ձևով և այդպիսով քաջալերեն ամաչկոտ աշակերտներին դասերի ժամանակ խոսելու և մյուս երեխաների հետ ընկերանալու հարցում: [2]

Առաջացման պատճառներ խմբագրել

Ամաչկոտության առաջացման պատճառները տարբեր են: Գիտնականները հակված են հավատալ այն հիպոթեզին, որ ամաչկոտությունը մասնակիորեն ժառանգական բնույթ ունի: Մինչդեռ փաստարկներ կան նաև այն մասին, որ մարդու ամաչկոտությունը կախված է նրանից, թե ինչ միջավայրում է նա մեծացել: Օրինակ՝ հնարավոր է, որ մարդը մանկության տարիներին բռնության զոհ է դարձել կամ ծաղրանքի է ենթարկվել: Այս զգացումը կարող է առաջանալ, երբ մարդու մոտ եղել է ֆիզիկական անհանգստություն, բայց շատ դեպքերում սկզբում ամաչկոտության զգացումն է լինում, իսկ ավելի ուշ ի հայտ են գալիս անհանգստությունից առաջացած ֆիզիկական ախտանիշները:

Ամաչկոտությունն ու սոցիոֆոբիան նույնը չեն: Սոցիոֆոբիան ավելի լայն հասկացություն է. այն դեպրեսիայով ուղեկցվող հոգեբանական վիճակ է, որի ընթացքում մարդն այն աստիճանի է վախենում հասարակության գնահատականից, որ նրա մոտ խուճապ է սկսվում:

Այսպիսով, ամաչկոտությունը կարող է փոխանցվել ժառանգաբար, կամ կարող է կախված լինել մարդու կենսափորձից ու այն միջավայրից, որում նա մեծացել է: Ամաչկոտությունը կարող է լինել բնավորության գիծ, կամ կարող է առաջանալ երեխայի զարգացման տարբեր փուլերում:

Գենետիկա և ժառանգականություն խմբագրել

Ամաչկոտությունը խոչընդոտ է հանդիսանում մարդկանց զարգացման համար։ Բավականին վիճելի է այն հարցը, թե ինչը կարող է հանդիսանալ ամաչկոտության առաջացման պատճառ, բայց հայտնի է դարձել, որ վախը ուղղակի կերպով կապված է ամաչկոտության հետ[3] , հետևաբար վախկոտ երեխաները համեմատաբար ավելի ամաչկոտ են, քան անվախները։ Կենսաբանության տեսանկյունից ամաչկոտության պատճառ կարող է հանդիսանալ կորտիզոլի բարձր մակարդակը։ Եթե օրգանիզմում կորտիզոլի մակարդակը բարձր է, դրա պատճառով իմունային համակարգը թուլանում է, և օրգանիզմը ավելի դյուրազգաց է դառնում հիվանդությունների նկատմամբ[4]։ Ամաչկոտության ժառանգական լինելը ուսումնասիրության շատ փոքր դաշտ ունի և այնքան էլ ուշադրության կենտրոնում չէ, չնայած, որ ամաչկոտության վերաբերյալ կենսաբանական հետազոտությունները պատկանում են 1988թ․-ին։ Ըստ որոշ հետազոտությունների՝ ամաչկոտությունն ու ագրեսիան փոխկապակցված են դոֆամինի ընկալիչների միջոցով, սակայն այս մասին ուսումնասիրություններն այնքան էլ շատ չեն։ Հետագայում կարծիքներ եղան, որ ամչկոտությունն ու սոցիոֆոբիան (այս երկուսի տարբերությունը այնքան էլ ակներև չէ) փոխկապակցված են օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հետ։ Հոգեգենետիկայի տեսանկյունից ամաչկոտության սահմանումը բավականին բարդ է, քանի որ պետք է ներկայացնել դրանում ներառված գեների շարքը, ֆենոտիպը։

Ներկայումս ուսումնասիրության կենտրոնում են գտնվում ամաչկոտությանն առնչվող գենետիկական մի շարք հատկանիշներ։ Դրանցիից մեկը սերոտոնին փոխադրող պոլիմորֆիկ հատվածն է, որի երկար ձևը դպրոցական երեխաների մոտ կարող է ամաչկոտություն առաջացնել[5]։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ գենետիկայի այս ձևը փոխկապակցված է օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման և աուտիզմի հետ[6]։ Ամաչկոտությանն հետ կապված գեների ուսումնասիրության նպատակով օգտագործվել են նաև մոդելային օրգանիզմներ: Նմանօրինակ գեն է գլյուտամաթթուների դեկարբոքսիլազը, որը որոշակիորեն կապված է ամաչկոտության հետ[7]:

Ուսումնասիրվել է նաև դոպամինի ընկալիչ գենը, որն ուսումնասիրվել է և՛ ամաչկոտության, և՛ ագրեսիվ պահվածքի հետազոտությունների համար: Անհանգստության հետ կապված հատկանիշների (այդ թվում՝ ամաչկոտության) 1996թ.-ի ուսումնասիրոթյունում նշվում է. «Չնայած՝ երկվորյակների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անհատի՝ անհանգստության հատկանիշներով պայմանավորված փոփոխությունները 40-60%-ով ժառանգական են, համապատասխան գեներից որևէ մեկը դեռ չի հայտնաբերվել», նաև որ անհանգստության հատկանիշում «կարող է ներգրավված լինել 10-15 գեն»: Այս մասով առաջընթաց եղել է, հատկապես անձի բնավորության գծերում առկա գեների հայտնաբերման մեջ, բայց քիչ առաջընթաց կա այս փոխհարաբերությունները հաստատելու գործում[8]: Այժմ կարելի է ասել, որ սերոտոնին փոխադրող պոլիմորֆիկ հատվածի երկար ձևը ենթադրաբար կապված է ամաչկոտության հետ[5], բայց 1996թ.-ի ուսումնասիրության ժամանակ պարզ դարձավ, որ կարճ ձևն էլ անհանգստության հետ կապված հատկանիշների պատճառ կարող է դառնալ:

Լոնդոնի Թագավորական քոլեջի Հոգեգենետիկայի զարգացման դասախոս Թալիա Էլին պնդում է, որ ամաչկոտության ընդամենը 30%-ն է փոխանցվում ժառանգաբար, իսկ մնացած մասը առաջանում է այն միջավայրում, որում մարդն ապրում է[9]:

Նախածննդյան զարգացում խմբագրել

Ամաչկոտության առկայությունը կարելի է նաև կապել հղիության ընթացքում օրվա երկարության հետ, հատկապես նախածննդյան զարգացման կեսերին[10]: ԱՄՆ-ում և Նոր Զելանդիայում բնակվող երեխաների վերաբերյալ արված վերլուծությունները ցույց են տալիս, որ հղիության ընթացքում օրվա երկարության ու երեխաների վարքում ամաչկոտության առկայության միջև էական կապ կա: «Կարճատև օրերով հղիության դեպքում ծնված երեխաների մոտ ամաչկոտության դրսևորման հավանականությունը 1.52 անգամ ավելի մեծ էր, քան երկարատև օրերով հղիության դեպքում ծնվածների մոտ»[10]: Այս ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ երեխաների մոտ ամաչկոտության հինգ դեպքից մեկը կարող է կապված լինել կարճատև օրերով հղիության դեպում ծնված լինելու հետ[10]:

Ցածր քաշով ծնունդներ խմբագրել

Վերջին տարիներին ուսումնասիրություններ են կատարվել ցածր քաշով ծնունդների և ամաչկոտության միջև կապի վերաբերյալ: Տվյալների համաձայն՝ ցածր քաշով ծնվածների մոտ ամաչկոտության առաջացման հավանականությունն ավելի մեշ է, ի տարբերություն՝ նորմալ քաշով ծնվածների: Ամեն դեպքում այս արդյունքները չեն ենթադրում պատճառհետևանքային կապ[11]:

Բնավորության գիծ խմբագրել

Ամաչկոտությունը կարող է ի հայտ գալ անծանոթ իրավիճակներում: Ամաչկոտ մարդիկ խուսափում են իրենց համար վախ ներշնչող առարկաներից ու երևույթներից՝ անհարմար ու տհաճ իրավիճակում չհայտնվելու համար: Այսպիսով՝ իրավիճակը մնում է անծանոթ, իսկ ամաչկոտության զգացումը կրկին ու կրկին իրեն զգացնել է տալիս: Սակայն այս զգացումը կարող է մարել ժամանակի ընթացքում: Օրինակ՝ երեխան, որը ժամանակին ամաչում էր շփվել անծանոթների հետ, մեծանալով կարող է դառնալ առավել շփվող: Սա տեղի է ունենում հիմնականում դեռահասության կամ հասունության շրջանում (հաճախ 13տ-ին մոտ հասակում): Սակայն որոշ դեպքերում այն կարող է դառնալ բնավորության մշտական գիծ: Տվյալների համաձայն՝ երեխայի մոտ գոյություն ունի բնավորության երեք հիմնական տեսակ՝ հարմարվող, մասամբ հարմարվող և դժվար հարմարվող: Դժվար հարարվող երեխաները հետագայում պարփակվում են իրենց կաղապարների մեջ, և մի հարց է միշտ պտտվում նրանց գլխում՝ բարձրաձայնել խնդիրների մասին, թե լռել[12]: Այսինքն՝ սա վերաբերում է ամաչկոտ բանվորությամբ մարդկանց, քանի որ նրանք միշտ նախընտրում են լռել իրենց խնդիրների մասին ու այդ մտահոգությունները պահում են իրենց ներսում, որը հանգեցնում է դեպրեսիայի և անհանգստության[13]: Ամաչկոտությունը կարող է դրսևորվել մարդկանց մոտ տարբեր մակարդակներով և տարբեր վայրերում:

Ամաչկոտությունը դրսևորվում է նաև ակադեմիական կյանքում: Ակնհայտ է , որ ամաչկոտությունն ու դասաժամին ակտիվություն ցուցաբերելը փոքր-ինչ անհամատեղելի են: Երբ երեխայի մոտ ամաչկոտության մակարդակը բարձր է, նշանակում է, որ նա ավելի պասիվ է դասարանում[14]:

Ամաչկոտության արդյունքն է նաև այն, որ մարդը չի կողմնորոշվում ինչ խոսել հասարակական իրավիճակներում, կամ նման դեպքերում անհարմարավետության զգացում է ունենում: Հիմնականում այս երկու դրսևորումները կարող են միաժամանակ արտահայտվել մարդու մոտ՝ պատճառելով նրան իրական հիասթափություն, որի արդյունքում մեծամասամբ ամաչկոտ մարդը կարող է մտածել, որ ինքը ձանձրալի է, կամ հետաքրքիր երևալու փոխարեն տարօրինակ է թվում, և այս ամենը ի վերջո նրան առանձնացնում է հասարակությունից: Հասարակական իրավիճակներում վարքի դրսևորումները, օրինակ՝ ծիծաղելը, հեշտորեն թեմաներ քննարկելը, ազատ կեցվածք ընդունելը և հանգիստ կերպով խոսակցի աչքերի մեջ նայելը, այնքան էլ հեշտ չեն ամաչկոտ մարդու համար: Այս մարդկանց մոտ մեծ դժվարություն է առաջանում նման վարք դրսևորելու ժամանակ, կամ նրանք կարող են ընդհանրապես հրաժարվել նման վարք դրսևորել:


Իրենց պարփակված բնավորության պատճառով ամաչկոտ մարդկանց բացասաբար են ընդունում հատկապես այն մշակույթներում, որտեղ շփվելու հատկությանը մեծ կարևորություն է տրվում: Ամաչկոտ մարդիկ հաճախ հեռու են պահում իրենց զրույցների ժամանակ, որի արդյունքում մյուս մարդիկ կարող են վատ պատկերացում կազմել նրանց մասին: Այն մարդիկ, որոնք ամաչկոտ չեն, կարող են կոպիտ, ագրեսիվ և քննադատական վերաբերմունք ցուցաբերել ամաչկոտ մարդկանց նկատմամբ՝ փորձելով նրանց դուրս բերել իրենց պատյաններից: Բայց սրա արդյունքում ամաչկոտ մարդը կարող է նույնիսկ ավելի վատ ու անհարմար զգալ, քանի որ այդպիսով ամբողջ ուշադրությունն իրենց կողմն է սևեռվում:

Հասկացություններ խմբագրել

Ընդդեմ պարփակվածության խմբագրել

Այն ընտանիքներում, որտեղ կա ամաչկոտություն երևույթը, այն նույնացվում է այնպիսի մտահոգությունների հետ, ինչպիսիք են նոր մարդկանց հանդիպելու վախը, անվստահությունը, ընդհանրապես շփման հանդեպ վախը, ահաբեկված զգալը[15]: Ակնհայտ ամաչկոտությունը պարփակվածության կամ ինտրովերտության արտահայտումն է, բնավորության գիծ, որի առկայության դեպքում մարդը կամավոր կերպով խուսափում է հասարակության հետ կապից կամ հաղորդակցությունից, բայց անհարմարավետության, վախի կամ անվստահության զգացում չունի: Ինտրովերտությունը հաճախ շփոթվում է ամաչկոտության հետ: Ինտրովերտությունը անձնական նախընտրություն է, մինչդեռ ամաչկոտությունը անհանգստությունից է առաջանում:

Ըստ հոգեբան Բերնարդո Կապուչիի՝ ինտրովերտները նախընտրում են հեռու մնալ հասարակական իրավիճակներից, քանի որ որևէ օգտակար բան չեն տեսնում դրանց մեջ, մինչդեռ ամաչկոտ մարդկանց համար նման իրավիճակները վախեցնող են[16]: Հետազոտության արդյունքները զույց են տվել, որ ամաչկոտությունը կապ ունի և՛ ինտրովերտության, և՛ նևրոտիկության հետ[17][18][19]: Այս ամենի արդյունքում ամաչկոտ կամ ինտրովերտ մարդը ձեռք է բերում անինքնավստահություն[20]:

Եվ՛ ամաչկոտությունը, և՛ ինտրովերտությունը արտահայտում են հասարակությունից հեռացած վարքագիծ, այսինքն՝ հասարակական իրավիճակներից խուսափումը, հատկապես երբ այն անծանոթ է: Ըստ մի շարք հետազոտությունների՝ ամաչկոտությունն ու ինտրովերտությունը տարբեր շարժառիթներ են կրում և հանգեցնում են անձնական տարբեր փոխազդեցությունների, ուստի տեսականորեն չեն կարող նույնը լինել[13][21][22], ինչպես Սյուզան Քեյնի «Հանգիստ» աշխատությունում է ասվում՝ ինտրովերտությունը տարբերվող կերպով հասարակության անդամ լինելն է, և բնավ չի նշանակում հասարակությունից անջատված լինել[23]:

Ըստ հետազոտության՝ ի տարբերություն անծանոթ իրավիճակների՝ ծանոթ իրավիճակներում ամաչկոտ մարդու մոտ հոգեբանական որևէ հատուկ արձագանք չի նկատվում, օրինակ՝ արագ սրտխփոց: Բայց չշփվող լինելը հասարակական անծանոթ իրավիճակներում ներգրավված չլինելու պատճառ է դառնում, իսկ ամաչկոտությունը սահմանափակում է նման իրավիճակներում արձագանքելու կարողությունը: Արդյունքում ամաչկոտությունն ու չշփվող լինելը բնավորության տարբեր գծեր են[21]: Բացի այդ, տարբեր մշակույթներ չշփվող լինելն ու ամաչկոտությունը դրական կերպով են ընկալում՝ կապելով ինքնավերահսկողության հետ, մինչդեռ կամավոր առանձնացումը համարում են սպառնալիք հասարակական ներդաշնակության համար: Եվ քանի որ կոլեկտիվ հասարակությունը ընդունում է ամաչկոտությունը և մերժում է չշփվող լինելը, դրա համար, ի տարբերություն ինտրովերտների՝ ամաչկոտ մարդկանց մոտ զարգանում է բարձր ինքնագնահատական[22]: Մյուս կողմից, անհատականիստական մշակույթները ամաչկոտությունը թուլություն և թերություն են համարում, բայց չշփվող լինելն ընդունում են, քանի որ հարգում են ինքնավարության գաղափարը, հետևաբար արևելյան երկրներում ամաչկոտ մարդկանց մոտ ցածր ինքնագնահատական է, իսկ չշփվողների մոտ՝ բարձր[13]:

Ընդդեմ սոցիոֆոբիայի խմբագրել

Շատ ամաչկոտությունը համարվում է հոգեկան հիվանդություն, որի մասին առաջին անգամ տեղեկացվել է 1980թ․-ին Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում որպես սոցիոֆոբիայի դրսևորում, բայց հետագայում սա համարվեց հազվագյուտ դեպք [24][Հղում աղբյուրներին]։ Մինչև 1994թ․-ը Հոգեկան առողջության ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկն ուներ երկրորդ անուն՝ Սոցիոֆոբիա․ այն այժմ էլ բավականին տարածում ունի՝ ազդելով բնակչության 3-13%-ի վրա[25][26]։ Ամաչկոտ մեծահասակների և ուսանողների շրջանում արած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամաչկոտ անձանց 12-18%-ը սոցիոֆոբիայի զոհ են դառնում[18][27][28]։

Ամաչկոտությունը սկսվում է մարդու մոտ առաջանալ անծանոթ իրավիճակներից, երբ նա անհանգստություն է զգում այլ մարդկանց հետ շփվելիս։ Մյուս կողմից՝ սոցիոֆոբիան մարդկանց հետ շփվելուց, հասարակության ուշադրությանն արժանանալուց անիմաստ վախ է, քանի որ մարդը անհանգստանում է այն մտքից, որ իր ամաչկոտության համար իրեն կարող են քննադատել։ Սոցիոֆոբիան կարող է ուղեկցվել կարմրելու, շունչը կտրվելու, դողալու, քրտնելու հատկանիշներով կամ ուժեղ սրտխփոցով։ Որոշ դեպքերում այս հատկանիշներն այնքան տևական բնույթ ունեն, որ հանգեցնում են խուճապային գրոհի։ Մյուս կողմից՝ ամաչկոտությունը կարող է ուղեկցվել այս բոլոր հատկանիշներով , բայց ցածր հաճախականությամբ և չխանգարել նորմալ ապրելակերպին[1]։


Սոցիալականն ընդդեմ վարքային խանգարման խմբագրել

Նրանք, ովքեր ամաչկոտ են, հասարակության մեջ խնդիրներ են ունենում։ Սոցիալական խանգարումը մարդու՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար կերպով հասարակությանը հակադրվելու հատկությունն է։ Գոյություն ունեն սոցիալական խանգարման տարբեր մակարդակներ՝ թույլից ուժեղ։ Սոցիալական խանագրումը լավ է մյուսներին չվնասելու տեսանկյունից և վատ է, օրինակ, դասաժամերին քննարկումներին չմասնակցելու տեսանկյունից։

Սոցիալական խանգարումը անհատականության դրսևորման ձև է, որի արդյունքում մարդը դառնում է վախկոտ, ընկճված և նոր իրավիճակներից խուսափող։ Անհատակնության դրսևորման այս ձևը կապված է հասունության ժամանակ տագնապային խանգարման, հատկապես սոցիոֆոբիայի հետ[29][30]։

Թյուըմբռնումներ և բացասական կողմեր խմբագրել

Արևմտյան մշակույթում ամաչկոտ անհատների մասին բազում թյուըմբռնումներ կան։ Սրա պատճառն այն է, որ անհատականիստական ​​մշակույթները հասարակական իրավիճակներում ոչ թե արժևորում են հանգստությունը, այլ շատ հաճախ շփվող բնավորությունը։ Կան թյուրըմբռնումներ, որ ինտրովերտությունը ու սոցիոֆոբիան նույնն են, ինչ ամաչկոտությունը, կամ որ ամաչկոտ մարդիկ պակաս խելացի են[31][32][33][34]։

Խելք խմբագրել

Խելքի և ամաչկոտության միջև ոչ մի փոխազդեցություն չկա[33]։ Ըստ հետազոտության՝ ամաչկոտ երեխաների համար ավելի դժվար է հասարակական իրավիճակներում իրենց գիտելիքը ցուցադրելը, և քանի որ նրանք ակտիվորեն չեն մասնակցում քննարկումներին, ուսուցիչները մտածում են, որ նրանք խելացի չեն։ Հասարակական պահվածքի ուսումնասիրության թեորիայի տեսանկյունից դաասրանցիների և ուսուցիչների հետ չշփվելու հատկությունը դժվարացնում է նրանց սովորելու ընթացքը։ Թեստերի գնահատականները ցույց են տալիս, որ ամաչկոտությունն ամենևին էլ կապված չէ ակադեմիական գիտելիքի հետ, այլ միայն ակադեմիական ներգրավվածության[32]: Ինչքան ամաչկոտ է ուսուցիչն ինքը, այդքան ավելի անուղղակի աշխատանքներ են տարվում դասարանում ամաչկոտ անհատների գիտելիքը ստուգելու և նրանց համար հարմար միջավայր ստեղծելու համար[33]: Կատարվեցին ուսումնասիրություններ, որոնց ժամանակ միմյանց հասակակից մարդիկ մի քանի անգամ հանդիպեցին իրար: Արդյունքում պարզ դարձավ, որ առաջին հանդիպման ժամանակ մյուս մասնակիցները կարծել էին, որ ամաչկոտ մասնակիցները խելացի չէին: Սակայն մյուս հանդիպումների ժամանակ արդեն հասկանալի էր, որ նրանք իրականում խելացիի էին:

Օգտակար հատկանիշներ խմբագրել

Թոմաս Բենթոնի կարծիքով ամաչկոտ մարդկանց ինքնաքննադատական հակումներ ունենալու փաստը հաճախ նրանց ավելի ձգտող է դարձնում, ու ոչ միայն այն բնագավառներում, որոնք միայնակության տարր են կրում իրենց մեջ, օրինակ՝ հետազոտությունը կամ գրելը: Որևէ բանի հասնելու ձգտումը ամաչկոտ մարդկանց դրդում է կապ հաստատել այլ մարդկանց հետ՝ նույնիսկ ալտրուիստական վարքագիծ ցուցաբերելով[35]: Սյուզան Քեյնը ներկայացնում է ամաչկոտների՝ հասարակության մեջ ցուցաբերած օգտակար հատկանիշները, որոնք ըստ ԱՄՆ-ի մշակութային նորմերի՝ այնքան էլ չեն արժևորվում: Եթե չլինեին ամաչկոտների՝ հասարակությունում ցուցաբերած այնպիսի հատկանիշները, ինչպիսիք են այլոց զգացմունքները հասկանալը, գաղափարների զննումը, լսելու թանկարժեք ունակությունը, դժվար թե պահպանվեր հավասարակշռություն հասարակության մեջ[36]: Ավելի վաղ շրջաններում, օրինակ՝ 1950-ականներին հասարակության կողմից ամաչկոտությունն ընդունվում էր որպես գեղեցիկ հատկանիշ, հատկապես կանանց մոտ, որից էլ պարզ է դառնում, որ ամաչկոտության վերաբերյալ տեսակետները տարբեր մշակույթներում տարբեր են[36]: Սոցիոլոգ Սյուզի Սկոթը համարում է, որ ամաչկոտության բուժումը պաթոլոգիական բնույթ ունի: «Ամաչկոտությունը բուժելով որպես անհատական պաթոլոգիա՝ մոռանում ենք, որ այն սոցիալական կողմնորոշում ունեցող հոգեվիճակ է, որ ստեղծվում և կարգավորվում է սոցիալական եղանակով»[37]:2: Նա ուսումնասիրում է այն գաղափարը, որ «ամաչկոտությունը շեղման մի ձև է, որը խնդիր է ինչպես անհատի, այնպես էլ հասարակության համար», և եզրակացնում է, որ որոշ չափով «բոլորս էլ ինքնակոչներ ենք և կեղծում ենք ինքներս մեզ հասարակության մեջ»[37]:165,174: Իր ուսումնասիրություններից մեկում նա ավելի լրջորեն է մոտենում այս հարցին՝ ասելով. «Երբեմն ուզում եմ ակնարկս ետ ստանալ հաշմանդամ մարդկանցից և ասում եմ. «Լսե՛ք սա իմ խնդիրը չէ, սա հասարակության խնդիրն է: Ես հպարտ եմ, որ ամաչկոտ եմ. չէ° որ ամաչկոտները ավելի զգայուն ու սիրալիր մարդիկ են, քան նորմալ մարդիկ: Ես չպետք է փոխվեմ: Հասարակությունը պիտի հարմարվի իմ կարիքներին»»[37]:164:

Տարբեր մշակութային տեսակետներ խմբագրել

Այն մշակույթներում, որոնցում կարևորում են խոսքն ազատ արտահայտելու հատկությունը և ինքնավստահությունը, ամաչկոտությունն ընդունվում է որպես թուլություն[13]: Անծանոթ դիտորդը ամաչկոտ մարդուն սխալմամբ կարող է համարել սառը, իրեն հեռու պահող, գոռոզ, որը կարող է հիասթափեցնել ամաչկոտ մարդուն[31]: Ամեն դեպքում, այլ մշակույթներում մտածում են, որ ամաչկոտ մարդիկ խոհեմ են, խելացի, գեղեցիկ կերպով լսում են դիմացինին, և ավելի հաճախ են մտածում խոսելուց առաջ:

Այն մշակույթներում, որոնցում արժևորում են ինքնավարությունը, ամաչկոտությունը նույնացնում են սոցիալական անկանոնության, անհատի խանգարման կամ մտավոր հիվանդության հետ: Որոշ հետազոտողներ սկսել են ուսումնասիրել անհատականիստական և կոլեկտիվիստական մշակույթների տարբերությունները՝ բացահայտելու ամաչկոտության դերը սոցիալական էթիկետի և խմբային նպատակներին հասնելու տեսանկյունից: «Կոլեկտիվիստական մշակույթներում ամաչկոտությունը համարվում է հասարակական հարաբերությունների կարգավորիչ մաս: Օրինակ՝ ամաչկոտությունը արժևորվում է կոլեկտիվիստական հասարակությունում, բայց բացասաբար է ընդունվում անհատականիստական հասարակությունում»[38]

Չինաստանի և Կանադայի դպրոցական երեխաների շրջանում անցկացված ուսումնասիրության ժամանակ հետազոտողները փորձում էին որոշել հասարակական համբավի և հասակակիցների հարաբերությունների հետ կապված հատկանիշները, այդ թվում՝ «ամաչկոտություն-զգայունությունը»: Հարցադրման ժամանակ ուսանողները առաջադրում էին իրենց թեկնածուներին դրական կամ բացասական անվանակարգերում: «Կանադայում անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ամաչկոտություն-զգայունությունը էականորեն և բացասական կերպով կապված է հասակակիցների կողմից ընդունված լինելու հետ: Իսկ չինական օրինակում ամաչկոտություն-զգայունությունը փոխկապակցված չէր միայնության հետ, այլ դրական կերպով կապվում էր շփում-լիդերության և հասակակիցների կողմից ընդունված լինելու հետ»[39]:

Արևմտյան ընկալումներ խմբագրել

Արևմտյան որոշ մշակույթներում ամաչկոտության հետ կապված խնդիրները էական դեր են խաղում սոոցիալ-հոգեբանական կյանքում: Պարզ է դարձել, որ ամաչկոտության հետ կապված խնդիրները կապված են ոչ պատշաճ վարքի հետ: Արևմտյան երկրներում ամաչկոտ լինելը հասակակիցների կողմից կարող է չընդունվել, իսկ մեծահասակները այն համարում են հասարակությունից մեկուսացում: Բայց եթե հասարակության մաս չկազմելը ավելի շատ անձնական որոշում է և ոչ թե ամաչկոտության արդյունք, ապա այն այդքան էլ բացասաբար չի ընդունվում[40]:

Բրիտանացի գրող Արթուր Բենսոնի կարծիքով ամաչկոտությունը միայն անվստահությունը չէ, այլ անծանոթներին կասկածանքով վերաբերվելը, այն հավատը, որ այդ մարդիկ թունավոր նպատակներ են հետապնդում[41]: Նրա կարծիքով սրա միակ դեղատոմսը հասարակության մեջ դուրս գալն է՝ հարազատ իրավիճակներից քաջալերանք գտնելու համար: Նա նաև այն մտքին է, որ շատ մեծահասակներ իրենց ամաչկոտությունը թաքցնում են քննադատական վարքագծով՝ հարձակվելով անպաշտպան մարդկանց վրա: Ըստ նրա՝ լավ կլինի, որ ամաչկոտ մարդը լինի սիրալիր, փորձի իմանալ, թե ինչի կարիքն ունեն մյուսները, հետաքրքրվի, թե ինչ են անում մյուսները ու ինչից են խոսում, ընկերական հարցեր տա և համակրանք ցուցաբերի[42]:

Չարլզ Դարվինի համար ամաչկոտությունը «տարօրինակ հոգևիճակ» է, որը ոչ մի օգուտ չի տալիս հասարակությանը, և դեռ 1970-ականներին ամաչկոտությունը համարվում էր պաթոլոգիա[43]: Ամեն դեպքում, էվոլուցիոն զարգացման ընթացքում դժվար իրավիճակներում արկածախնդիր խառնվածքի տեր մարդկանց կողքին եղել են նաև զգուշավոր բնավորության տեր անձնավորություններ[36][43]:

Արևելյան ընկալումներ խմբագրել

Արևելյան մշակույթներում դպրոցական երեխաների մոտ ամաչկոտությունը դրական կերպով է ընկալվում, և նրանք ընդունվում են հասակակիցների կողմից: Իրենց ուսուցիչների կողմից համարում են մրցունակ, իրենց լավ են դրսևորում դպրոցում: նրանք նույնիսկ կարող են առաջնորդի համբավ ձեռք բերել դպրոցում: Ի տարբերություն Արևմուտքի՝ Արևելքում ամաչկոտությունը չի նույնացվում միայնության կամ դեպրեսիայի հետ:Արևելքում ամաչկոտ լինելը քաղաքավարի, հարգալից և խոհեմ լինելու նշան է[40]:

Ամաչկոտության օրինակներ խմբագրել

Իսպանական մշակույթներում հեղինակավոր մարդկանցից ամաչելը սովորական երևույթ է: Օրինակ՝ իսպանախոս ուսանողները կարող են ամաչել, երբ ուսուցիչը իրենց այլոց ներկայությամբ գովի, քանի որ այս մշակույթներում ուսանողներին պարգևատրում են առանձին կերպով գովեստի մի հպումով, ժպիտով կամ խոսքով: Իսպանախոս ուսանողները կարող են ամաչկոտ երևալ այն դեպքում, երբ ամաչկոտ չեն: Նրանց համար հասակակիցներին կամ քույր-եղբայրներին գերազանցելը գեղեցիկ չէ, ուստի ուսանողները պետք է հետևեն դասարանային կանոններին: Մեծահասակները նույնպես կարող են ամաչել, օրինակ՝ քույրերին կամ բժիշկներին հայտնել իրենց անձնական խնդիրների մասին[44]:

Այն մշակույթները, որտեղ համայնքներն ավելի պարփակված են (Քենիա, Հնդկաստան), ավելի քիչ հասարակական ներգրավվածություն ունեն, քան այն մշակույթները, որոնցում համայնքները շփվող են (ԱՄՆ, Օկինավա): Մայաների, Հնդկաստանի, Քենիայի մշակույթները առավել քիչ ակտիվություն են ցուցաբերում հասարակական կյանքում: Նրանք նաև հաստատակամ չեն հասարակական իրավիճակներում: Ինքնաարտահայտման ու հաստատակամության բացակայությունը համարվում է ամաչկոտության նշան[40]: Քանի որ ամաչկոտ մարդը անինքնավստահ է, նրա հաստատակամ լինելու շանսերը փոքրանում են:

Իտալական մշակույթում անձնական փոխհարաբերություններում զգացմունքային արտահայտչականությունը խրախուսվում է: Դեռ փոքր տարիքից երեխաները ներգրավվում են բանավեճերի ու քննարկումների մեջ, որն ամրացնում է նրանց հաստատակամությունը: Մանկության տարիներին անկախությունն ու հասարակական մրցակցությունը նույնպես խրախուսվում են: Այստեղ ամաչկոտ լինելը բացասաբար է ընդունվում և՛ հասակակիցների, և՛ ծնողների կողմից: Այլ մշակույթների նման, որոնցում ամաչկոտությանը բացասաբար են վերաբերվում, Իտալիայում էլ ամաչկոտ երեխաների հասակակիցները չեն ընդունում վախկոտներին, զգուշավորներին և իրենց հեռու պահողներին: Այս մեկուսացված ու վախկոտ երեխաները միայնակություն են զգում և մտածում են, որ իրենք բավարար ունակություններ չունեն՝ հասարակական փոխհարաբերություններում կիրառելու համար[45]:

Կանխում և բուժում խմբագրել

Հոգեբանական մեթոդների և դեղերի օգնությամբ կարելի է բուժել այն անհատներին, որոնք վհատված են ցածր ինքնագնահատականի կամ այնպիսի հոգեբանական խնդիրների պատճառով, ինչպիսիք են դեպրեսիան կամ միայնության զգացումը: Ըստ հետազոտության՝ երեխաներին վաղ տարիքում թիմային աշխատանքներում, հատկապես սպորտային թիմերում ներգրավելը իջեցնում է նրանց անհանգստությունը հասարակական իրավիճակներում և բարձրացնում է ինքնավստահությունը[46]: Նմանօրինակ քայլերը իջեցնում են ամաչկոտության հոգեբանական ազդեցությունները, որոնք իրական պատիժ են դրանք կրողների համար:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Shyness and social phobia». Royal College of Psychiatrists. 2012. Վերցված է 17 January 2014-ին.
  2. Coplan, R. J.; Arbeau, K. A. (2008). «The Stresses of a "Brave New World": Shyness and School Adjustment in Kindergarten». Journal of Research in Childhood Education. 22 (4): 377–389. doi:10.1080/02568540809594634.
  3. Eggum, Natalie; Eisenberg, Nancy; Spinrad, Tracy; Reiser, Mark; Gaertner, Bridget; Sallquist, Julie; Smith, Cynthia (2009). «Development of Shyness: Relations with Children's Fearfulness, Sex, and Maternal Behavior». Infancy. 14 (3): 325–345. doi:10.1080/15250000902839971. PMC 2791465. PMID 20011459.
  4. Chung, Joanna Y.Y.; Evans, Mary Ann (2000). «Shyness and symptoms of illness in young children». Canadian Journal of Behavioural Science. 32: 49–57. doi:10.1037/h0087100.
  5. 5,0 5,1 Arbelle, Shoshana; Benjamin, Jonathan; Golin, Moshe; Kremer, Ilana; Belmaker, Robert H.; Ebstein, Richard P. (April 2003). «Relation of shyness in grade school children to the genotype for the long form of the serotonin transporter promoter region polymorphism». 160 (4): 671–676. doi:10.1176/appi.ajp.160.4.671. PMID 12668354. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Brune, CW; Kim, SJ; Salt, J; Leventhal, BL; Lord, C; Cook Jr, EH (2006). «5-HTTLPR Genotype-Specific Phenotype in Children and Adolescents with Autism». The American Journal of Psychiatry. 163 (12): 2148–56. doi:10.1176/ajp.2006.163.12.2148. PMID 17151167.
  7. Smoller, Jordan W.; Rosenbaum, Jerold F.; Biederman, Joseph; Susswein, Lisa S.; Kennedy, John; Kagan, Jerome; Snidman, Nancy; Laird, Nan; Tsuang, Ming T.; Faraone, Stephen V.; Schwarz, Alysandra; Slaugenhaupt, Susan A. (2001). «Genetic association analysis of behavioral inhibition using candidate loci from mouse models». American Journal of Medical Genetics. 105 (3): 226–235. doi:10.1002/ajmg.1328. PMID 11353440.
  8. Lesch, Klaus-Peter; Bengal, Dietmar; Heils, Armin; Sabol, Sue Z.; Greenberg, Benjamin D.; Petri, Susanne; Benjamin, Jonathan; Muller, Clemens R.; Hamer, Dean H.; Murphy, Dennis L. (1996). «Association of anxiety-related traits with a polymorphism in the serotonin transporter gene regulatory region». Science. 274 (5292): 1527–1531. Bibcode:1996Sci...274.1527L. doi:10.1126/science.274.5292.1527. PMID 8929413.
  9. Keating, Sarah (5 June 2019). «The science behind why some of us are shy». BBC Future. Վերցված է 6 June 2019-ին.
  10. 10,0 10,1 10,2 Gortmaker, SL. et al. Daylength during pregnancy and shyness in children: results from northern and southern hemispheres. 1997.
  11. U.S, News Staff (9 July 2008). «Do Underweight Newborns Make for Shy Adult». Վերցված է 14 March 2013-ին.
  12. Janson, H.; Matheisen, K.S. (2008). «Temperament profiles from infancy to middle childhood: Developmentand associations with behavior problems». Developmental Psychology. 44 (5): 1314–1328. doi:10.1037/a0012713. PMID 18793065.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Coplan, R. J.; Rose-Krasnor, L.; Weeks, M.; Kingsbury, A.; Kingsbury, M.; Bullock, A. (2012). «Alone is a crowd: Social motivations, social withdrawal, and socioemotional functioning in later childhood». Developmental Psychology. 49 (5): 861–875. doi:10.1037/a0028861. PMID 22686178.
  14. Chisti, Saeed-ul-Hasan; Anwar, Saeed; Babar Khan, Shahinshah (2011). «Relationship between shyness and classroom performance at graduation level in Pakistan». Interdisciplinary Journal of Contemporary Research in Business. 3 (4): 532–538.
  15. «Shy | Define Shy at Dictionary.com». Dictionary.reference.com. Վերցված է 2012-08-13-ին.
  16. Whitten, Meredith (2001-08-21). «All About Shyness». Psych Central. Վերցված է 2012-08-13-ին.
  17. Crazier, W. R. (1979). «Shyness as a dimension of personality». British Journal of Social and Clinical Psychology. 18: 121–128. doi:10.1111/j.2044-8260.1979.tb00314.x.
  18. 18,0 18,1 Heiser, N. A.; Turner, S. M.; Beidel, D. C. (2003). «Shyness: Relationship to social phobia and other psychiatric disorders». Behaviour Research and Therapy. 41 (2): 209–21. doi:10.1016/s0005-7967(02)00003-7. PMID 12547381.
  19. Shiner, R.; Caspi, A. (2003). «Personality differences in childhood and adolescence: Measurement, development, and consequences». Journal of Child Psychology and Psychiatry. 44 (1): 2–32. doi:10.1111/1469-7610.00101. PMID 12553411.
  20. . New York: Crown. 2012. ISBN 978-0-307-35214-9. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)
  21. 21,0 21,1 Asendorpf, J.B.; Meier, G.H. (1993). «Personality effects on children's speech in everyday life: Sociability-mediated exposure and shyness-mediated reactivity to social situations». Journal of Personality and Social Psychology. 64 (6): 1072–1083. doi:10.1037/0022-3514.64.6.1072.
  22. 22,0 22,1 Chen, X.; Wang, L.; Cao, R. (2011). «Shyness-sensitivity and unsociability in rural Chinese children: Relations with social, school, and psychological adjustment». Child Development. 82 (5): 1531–1543. doi:10.1111/j.1467-8624.2011.01616.x. PMID 21790539.
  23. Cornish, Audie (interviewer) (30 January 2012). «Quiet, Please: Unleashing 'The Power Of Introverts'». NPR. Արխիվացված է օրիգինալից 1 March 2012-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  24. Lane, Christopher (2008). Shyness: How Normal Behavior Became a Sickness. New Haven: Yale University Press. ISBN 9780300124460.
  25. American Psychiatric Association. (2000). Anxiety disorders. In Diagnostic and statistical manual of mental disorders (4th ed., text rev., pp. 450–456). Washington, D.C.: American Psychiatric Association.
  26. R.E. Stone. Is the American Psychiatric Association in Bed with Big Pharma? 2011.
  27. Chavira, D. A.; Stein, M. B.; Malcarne, V. L. (2002). «Scrutinizing the relationship between shyness and social phobia». Journal of Anxiety Disorders. 16 (6): 585–98. doi:10.1016/s0887-6185(02)00124-x. PMID 12405519.
  28. Burstein, M; Ameli-Grillon, L; Merikangas, K. R. (2011). «Shyness versus social phobia in US youth». Pediatrics. 128 (5): 917–25. doi:10.1542/peds.2011-1434. PMC 3208958. PMID 22007009.
  29. «Behavioral Inhibition as a childhood predictor of social anxiety, part 1». Andrew Kukes foundation for social anxiety. Վերցված է 26 March 2013-ին.
  30. Ordoñez-Ortega, A.; Espinosa-Fernandez, L.; Garcia-Lopez, LJ; Muela-Martinez, JA (2013). «Behavioral Inhibition and Relationship with Childhood Anxiety Disorders/Inhibición Conductual y su Relación con los Trastornos de Ansiedad Infantil». Terapia Psicologica. 31 (3): 355–362. doi:10.4067/s0718-48082013000300010.
  31. 31,0 31,1 Paulhus, D.L.; Morgan, K.L. (1997). «Perceptions of intelligence in leaderless groups: The dynamic effects of shyness and acquaintance». Journal of Personality and Social Psychology. 72 (3): 581–591. CiteSeerX 10.1.1.586.2278. doi:10.1037/0022-3514.72.3.581. PMID 9120785.
  32. 32,0 32,1 Hughes, K.; Coplan, R.J. (2010). «Exploring processes linking shyness and academic achievement in childhood». School Psychology Quarterly. 25 (4): 213–222. doi:10.1037/a0022070.
  33. 33,0 33,1 33,2 Coplan, J.R.; Hughes, K.; Bosacki, S.; Rose-Krasnor, L. (2011). «Is silence golden? Elementary school teachers' strategies and beliefs regarding hypothetical shy/quiet and exuberant/talkative children». Journal of Educational Psychology. 103 (4): 939–951. doi:10.1037/a0024551.
  34. «All About Shyness». Psych Central.
  35. Thomas H. Benton (24 May 2004). «Shyness and Academe». The Chronicle of Higher Education. Վերցված է 20 October 2013-ին.
  36. 36,0 36,1 36,2 «Shyness: Evolutionary Tactic?». The New York Times. 25 June 2011. Արխիվացված է օրիգինալից 26 September 2013-ին.
  37. 37,0 37,1 37,2 Scott, Susie (2007). Shyness and Society: the illusion of competence. Basingstoke: Palgrave Macmillan. ISBN 9781403996039.
  38. Frijda, N.H., & Social roles and functions: A interaction functions of emotion. 1994.
  39. Chen, X., Rubin, K., Sun, Y. Social Reputation and Peer Relationships in Chinese and Canadian Children: A Cross-Cultural Study. 1992.
  40. 40,0 40,1 40,2 Kenneth H. Rubin and Robert J. Coplan, ed. (2010). «10». The Development of Shyness and Social Withdrawal. New York, NY: The Guilford Press. էջեր 213–227. ISBN 978-1-60623-522-5. Վերցված է 17 January 2014-ին.
  41. p. 162, Benson, Arthur C. 1908. Arthur C. Benson At Large Number XI Shyness. Putnam’s Monthly and The Reader, A Magazine of Literature, Art and Life. Volume IV. New Rochelle, New York: G.P. Putnam’s Sons, The Knickerbocker Press.
  42. pp. 162-165, Benson, Arthur C. 1908. Arthur C. Benson At Large Number XI Shyness. Putnam’s Monthly and The Reader, A Magazine of Literature, Art and Life. Volume IV. New Rochelle, New York: G.P. Putnam’s Sons, The Knickerbocker Press.
  43. 43,0 43,1 Moran, Joe (17 July 2013). «The crystalline wall». Aeon (digital magazine). Արխիվացված է օրիգինալից 9 August 2013-ին.
  44. «How the students' culture effects their behavior». Teaching from a Hispanic perspective a handbook for non-Hispanic adult educators. Վերցված է 2 March 2013-ին.
  45. Rubin, Kenneth; Sheryl A. Hemphill; Xinyin Chen; Paul Hasting (May 2006). «A cross-cultural study of behavioral inhibition in toddlers: East-West-North-South». International Journal of Behavioral Development. 3. 30 (3): 119–125. doi:10.1177/0165025406066723. Արխիվացված է օրիգինալից 2013-04-11-ին. Վերցված է 22 February 2013-ին.
  46. Findlay, L.C.; Coplan, R.J. (2008). «Come out and play: Shyness in childhood and the benefits of organized sports participation». Canadian Journal of Behavioural Science. 40 (3): 153–161. doi:10.1037/0008-400x.40.3.153.