Արտյոմ Մանուկյան
Արտյոմ Մանուկյան (հունիսի 28, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բաս-կիթառահար, թավջութակահար։
Արտյոմ Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | թավջութակահար |
Կենսագրություն
խմբագրելԱրտյոմ Մանուկյանը ծնվել է 1983 թվականի հունիսի 28-ին, Երևանում[1]։ 8 տարեկան հասակից սկսել է հաճախել Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի թավջութակի դասարան։ Այդ տարիներին նվագել է «Փոքր ջազ» համույթում։ Կոնտրաբաս և բաս-կիթառ սովորել է ինքնուրույն։ 2005 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թավջութակի բաժինը[2]։ Սովորել է Մեդեա Աբրահամյանի և Արամ Թալալյանի դասարաններում։ Սովորելուն զուգահեռ մասնակցել է մի շարք մրցույթների ու փառատոների Գերմանիայում, Հունաստանում, Ռուսաստանում։ 2005 թվականից նվագել է «Armenian Navy Band» և «Կատուներ» խմբերում, որոնց հետ մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր ջազ-փառատոների, նվագել աշխարհահռչակ երաժիշտների հետ։ 2006 թվականից համագործակցել է Ինգա և Անուշ Արշակյանների, իսկ 2009 թվականից՝ Ռուբեն Հախվերդյանի հետ։
2010 թվականին Վահագն Հայրապետյանի հետ դարձել է «Night Ark» հանրահայտ խմբի մասնակիցը։ 2011 թվականին տեղափոխվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք, որտեղ ձայնագրվել և նվագել է «Run DMC»-ի, Բոբի Բրաունի և այլ հայտնի արտիստների հետ։ Որպես թավջութակահար և բաս-կիթառահար՝ ձայնագրվել է «Դորիանս» ռոք խմբի «Ես կուլամ» երգի, «Կատուներ» ռոք խմբի երկու ալբոմների, «Armenian Navy Band» խմբի հինգ ալբոմների և ավելի քան 10 հայ փոփ երգիչների ձայնասկավառակների մեջ և երեք ջազային ձայնասկավառակ՝ ամերիկացի երաժիշտների հետ։ 2015 թվականին թողարկել է «Citizen» ձայնասկավառակը[3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zarkfoundation - Արտյոմ Մանուկյան». zarkfoundation.com.
- ↑ Մարուքի, Շուշան. «Թավջութակի նոր արքան. Արտյոմ Մանուկյան (հարցազրույց)». VNews. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Արտյոմ Մանուկյան. Ուրբանիստական դզեն». CIVILNET. 2015 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
- ↑ MANUKYAN,ARTYOM, CITIZEN, Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին