Մահվան պարը (ֆր.՝ Danse Macabre), սիմֆոնիկ պոեմ, հեղինակ՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանս։ Գրվել է 1874 թվականին՝ սոլ մինոր (G-moll) տոնայնության մեջ։ Ստեղծագործության վրա կոմպոզիտորը սկսել է աշխատել դեռևս 1872 թվականից։ Նախնական տարբերակով այն վոկալ ստեղծագործություն էր՝ գրված ֆրանսիացի գրող, բանաստեղծ Անրի Կազալիսի խոսքերի հիման վրա։ Նա էլ, իր հերթին, օգտվել էր հին ֆրանսիական հավատալիքներից։ 1874 թվականին կոմպոզիտորն իր ստեղծագործությունն ընդլայնեց, վերամշակեց, դարձրեց սիմֆոնիկ պոեմ՝ վոկալ բաժինը փոխարինելով ջութակի նվագով։

Մահվան պարը
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
ԿոմպոզիտորՔամիլ Սեն-Սանս
Լիբրետտոյի
հեղինակ
Henri Cazalis?
Ստեղծման տարեթիվ1874[1]
Առաջնախաղի տարեթիվհունվարի 24, 1875
Հրատարակման տարեթիվ1874
Տոնայնությունսոլ մինոր, տոնայնություն
(աուդիո)
(աուդիո)
Մահվան պարը
Leopold Stokowski, Philadelphia Orchestra (1925)

Առասպելական հենքը խմբագրել

Մահվան պարն Ուշ միջնադարում ալեգորիկ-գեղարվեստական ժանր էր մահվան թեմայով. անկախ մարդկանց սոցիալական ու դասակարգային վիճակից, մահն ընդգրկում է բոլորին։ Մահվան պարը ներկայացնում է մեռյալների կամ հենց մարմնավորված Մահի պարը գերեզմանների շուրջ՝ պարի հրավիրելով բոլոր հանգուցյալներին՝ կայսրերին, Հռոմի պապերին, արքաներին, ռամիկներին, մեծահասակներին ու երեխաներին։ Այն ստեղծված է որպես Mementօ mori (նշանակում է «Հիշիր մահվան մասին»)՝ մարդկանց հիշեցնելու իրենց կյանքը վայելելու և երկրային կյանքում փառքի ունայնության մասին։ Եվ այդ դրույթը քարոզելու համար միջնադարում ստեղծվում էին բազմաթիվ նկարներ։ Դրա առաջին նմուշը եղել է այժմ կորսված մի որմնանկար, որ ստեղծվել էր Փարիզի Սուրբ Անմեղների գերեզմանատանը 1424-1425 թվականների ընթացքում։

Սեն-Սանսի ստեղծագործության վերլուծությունը խմբագրել

Համաձայն լեգենդի՝ Մահը ամեն տարի հայտնվում է հոկտեմբերի 31-ի կեսգիշերին, Հելոուինի տոնի օրը։ Ստեղծագործության սկզբում տավիղի կատարմամբ տասներկու անգամ հնչում է կեսգիշերն ազդարարող ժամացույցի զարկերը հիշեցնող նվագ (D - ռե), որին ձայնակցում են լարային նվագարանների մեղմ ակկորդներ։ Ապա ջութակի կատարմամբ հնչում է եռատոն մի նվագ, որը միջնադարում և Բարոկկո ժամանակաշրջանում երաժշտության մեջ հայտնի էր որպես անձնավորված Մահի կամ սատանայի խորհրդանիշ։ Այդ եռատոնը կազմվում է լա (A) և սի բեմոլ ( E♭) հնչյուններով։ Ջութակահարը սովորաբար ցածր է լարում գործիքը՝ ստանալու համար այդ դիսոնանս հնչյունը։ Ստեղծագործության երաժշտական առաջին թեման հնչում է ֆլեյտայի կատարմամբ, որին ջութակի մենանվագով հաջորդում է երկրորդ թեման՝ հետզհետե ավելի իջնող նոտաներով, որոնք ևս ուղեկցվում են լարային նվագարանների մեղմ նվագակցությամբ։ Այս միջոցին հայտնվում է Մահը՝ դուրս կանչելով բոլոր մեռյալներին իրենց գերեզմաններից՝ պարելու իր համար, մինչ ինքը նվագում է ջութակով։ Պիեսում հատուկ գործածված է քսիլոֆոն՝ նմանակելու համար ոսկորների չխկչխկոցը։ Առաջին և երկրորդ թեմաները կամ դրանց հատվածները պիեսի հետագա ընթացքում հնչում են նվագախմբի կատարման տարբեր բաժիններում։ Պիեսն առաջին կեսում հետզհետե աշխուժանում է, իսկ երաժշտական երկրորդ թեմայի վրա հիմնված կոնտրապունկտային հատվածից անմիջապես հետո ուղղակիորեն մեջբերվում է Dies irae (Ցասման օր) Գրիգորյան երգի մեղեդին՝ փողային նվագարանների կատարմամբ։ Վերջինս որոշ ընդհանրություն ունի այս ստեղծագործության երկրորդ թեմայի հետ։ Այս հատվածից հետո պիեսը վերադառնում է առաջին և երկրորդ թեմաներին` ամբողջ նվագախմբի ներգրավմամբ աստիճանաբար ձեռք բերելով առավել զորեղ հնչողություն։ Այնուհետև մեղեդային կառուցվածքում կտրուկ անկում է հաջորդում։ Կմախքները Մահի համար պարում են մինչև լուսաբաց, երբ կանչում է աքաղաղը, և նրանք վերադառնում են իրենց գերեզմանները, որտեղ մնալու են մինչև հաջորդ տարվա նույն օրը։

Գործիքավորումը խմբագրել

«Մահվան պարը» պիեսը ստեղծված է օբլիգատո ջութակի (այսինքն չի կարելի կոմպոզիտորի նշած նվագարանը փոխարինել մեկ ուրիշով) և նվագախմբի համար, որը բաղկացած է մեկ պիկոլոյից, երկու ֆլեյտայից, երկու հոբոյից, երկու B♭ (սի բեմոլ) կլարնետից, երկու ֆագոտից, չորս գալարափողից (G-սոլ և D-ռե), երկու շեփորից (D-ռե), երեք տրոմբոնից, մեկ տուբայից, մեկ տավղից, լարային նվագարանների բաժնից և հարվածային գործիքների բաժնից։ Այս վերջինն ընդգրկում է լիտավր, քսիլոֆոն, մեծ թմբուկ, ծնծղաներ և եռանկյունի։

Ընդունելություն խմբագրել

Երբ «Մահվան պարն» առաջին անգամ ներկայացվեց հանդիսատեսին, լավ ընդունելության չարժանացավ, այլ համատարած դժգոհություն առաջացրեց։ Երաժշտական քննադատ Ռոջեր Նիկոլսը նշեց, որ Dies irae միաձայն խմբերգի կատարումը սարսափելի հնչողություն ունի ջութակի մենանվագով, քսիլոֆոնի օգտագործմամբ ու ձանձրալի կրկնություններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Revue et Gazette Musicale de Paris, éditions des 31 janvier et 14 février 1875
  • Camille Saint-Saëns, biographie par Jean Gallois, éditions Mardaga, page 161
  • Le Ménestrel, 41e année, no 8, du 24 janvier 1875
  • cf. : Anne Arc, Postface pour la danse macabre, in Bulletin des livres d’artistes, année 2015, Paris, 2015