Կոնտրապունկտ (գերմ.՝ kontrapunkt, լատին․՝ punctum contra punctum — կետ կետի դիմաց, այսինքն՝ նոտա նոտայի դիմաց, հետագայում՝ մեղեդի մեղեդու դիմաց)

  1. երաժշտագիտության մեջ՝ ուսմունք հարմոնիկ ամբողջականության մի քանի ինքնուրույն մեղեդիների միաժամանակ­յա զուգակցման մասին։ Ըստ մեղեդիների զուգակցման հնարավոր ձևերի՝ կոնտրապունկտը լինում է պարզ և բարդ։ Պարզի դեպքում բացառվում է 2 կամ ավելի մեղեդիների զուգակցումից ստանալ նորը, բարդի դեպքում հնարավոր են անփոփոխ մեղեդիների (փոխվում են նրանց ինտերվալային կամ ռիթմիկ հարաբերակցությունները) նոր ածանցյալ հարաբերակցություններ։ Տարբերում են բարդ կոնտրապունկտի շարժուն և հակադարձ (կամ հայելանման) տեսակները։ Շարժուն բարդ կոնտրապունկտում մեղեդիների նոր զուգակցումը կատարվում է մեղեդիների տեղափոխմամբ։ Տարբերում են շարժուն կոնտրապունկտի ուղղաձիգ-շարժուն և հորիզոնական-շարժուն (փոխվում է զուգակցվող մեղեդիների սկզբնական զուգակցման համեմատությամբ, մեկը մուտք է գործում փոքր-ինչ շուտ կամ ուշ) ենթատեսակներ։ Ուղղաձիգ-շարժուն կոնտրապունկտում մեղեդիները տեղափոխվում են՝ ներքևինը՝ օկտավա, դուոդեցիմա կամ դեցիմա (հազվադեպ՝ նաև այլ ինտերվալով) վեր, կամ վերևինը՝ ներքև։ Ըստ մեղեդիների քանակի՝ կոնտրապունկտը լինում է կրկնակի, եռակի, քառակի այլն, նաև հորիզոնական, կրկնակի շարժմամբ և շրջվող։ Առավել գործածական տեսակներից է կրկնակի ուղղաձիգ-շարժուն կոնտրապունկտը, որի յուրաքանչյուր մեղեդի կարող է լինել թե՛ վերևի (առաջին), թե՛ ներքևի (երկրորդ) ձայնում։ Տեսականորեն հնարավոր է յուրաքանչյուր ինտերվալով կրկնակի կոնտրապունկտ, սակայն գործնականում կիրառելի են օկտավային, դուոդեցիմայի և դեցիմայի կրկնակի կոնտրապունկտները։ Եռաձայնում կիրառված ուղղաձիգ-շարժուն կոնտրապունկտը կոչվում է եռակի, եթե նրա մեջ զուգակցված 3 մեղեդիներից յուրաքանչյուրն օկտավային տեղափոխման միջոցով կարող է լինել թե՛ վերևի (առաջին), թե՛ միջին (երկրորդ), թե՛ ներքևի (երրորդ) ձայնում։ Քառաձայն ուղղաձիգ–շարժուն կոնտրապունկտում զուգակցված 4 մեղեդիներից յուրաքանչյուրն օկտավային տեղափոխման միջոցով կարող է հանդես գալ թե՛ վերևի (առաջին), թե՛ միջին (երկրորդ և երրորդ), թե՛ ներքևի (չորրորդ) ձայնում։ Եռաձայն և քառաձայն ուղղաձիգ-շարժուն կոնտրապունկտները նվազ գործածական են։ Շարժուն կոնտրապունկտը, որտեղ ուղղաձիգ-շարժուն և հորիզոնական-շարժուն կոնտրապունկտներն ստացվում են միաժամանակ, կոչվում է կրկնակի շարժուն կոնտրապունկտ։ Հակադարձ (կամ հայելանման) է բարդ կոնտրապունկտի այն տեսակը, որտեղ մեղեդիների (ինտերվալային հաջորդականությունը և ռիթմը մնում են անփոփոխ) նոր զուգակցումը ստացվում է հակաշարժումով։
  2. Պոլիֆոնիկ երկերում՝ թեմայի հետ հնչող մեղեդի։
  3. Բազմաձայնություն, բաղկացած մի քանի ինքնուրույն մեղեդիների միաժամանակյա հնչողությունից։
  4. Երաժշտական տեսության գլխավոր բաժիններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 583