Մալթայի զինանշան, Մալթայի պետական խորհրդանիշերից մեկը։ Ներկայիս տարբերակով ընդունվել է 1988 թվականին։ Զինանշանին պատկերված է եռանկյուն վահան, որ բաղկացած է երկու հատվածներից` արծաթագույն և կարմիր։ Արծաթագույն մասում պատկերված է սուրբ Գևորգի խաչը`մուգ կարմիր եզրանախշով։ Վահանի վերին հատվածում թագ-աշտարակ է`ատամնաձև հինգ հատվածներով, որը խորհրդանշում է Մալթայի շրջակա ամրություններու և քաղաք-պետության կարգավիճակը։ Վահանի շուրջը երկու ճյուղեր են` աջից ձիթենու, ձախից արմավենու, որոնք խորհրդանշում են խաղաղություն ու Մալթայի բնությունը։ Ներքևում երկու ճյուղերը միացած են ժապավենով, որի վրա սև տառերով գրված է` «Մալթայի Հանրապետություն» (մալթ.՝ Repubblika ta' Malta):

Մալթայի զինանշան
Մանրամասնություններ

1800-1964 թվականներին կիրառված զինանշան խմբագրել

Մալթան 1800-1813 թվականներին եղել է բրիտանական պրոտեկտորատ, իսկ 1813-1964 թվականներին` գաղութ, ուստի Մալթայում կիրառվել է Մեծ Բրիտանիայի զինանշանը։

Սակայն 1875-1964 թվականներին Մալթան ունեցել է գաղութային երեք նշան։ Առաջինի վրա (1875-1898) սպիտակ-կարմիր ֆոնին պատկերված է մալթական խաչ, երկրորդին (1898-1943)` սպիտակ-կարմիր վահան (ինչպես պատկերված է Մդինայի զինանշանի վրա), իսկ երրորդին` Գևորգյան խաչը` սպիտակ հատվածի վրա երկնագույն շրջանով։ Բոլոր երեք նշաններն էլ պատկերված են Մալթայի պետական շքանշաններին ու նահանգապետի դրոշին։

1964-1975 թվականներին կիրառված զինանշան խմբագրել

 
Մալթայի զինանշանը 1964-1975 թվականներին
 
Մալթայի գեներալ-նահանգապետի զինանշանը

Մալթայի`1964-1975 թվականների զինանշանին պատկերված է Մալթայի դրոշի գույներով վահան, որը բաժանված է արծաթագույն և կարմիր հատվածների` ներքևում խաչով։ Մի կողմից այն եզերված է արմավենու, մյուս կողմից` ձիթենու ճյուղերով, որոնք խորհրդանշում են հաղթանակ և խաղաղություն։ Վահանին պատկերված է ասպետական սաղավարտ և ոսկեգույն աշտարակ-թագ` ութ ատամներով։ Վահանը պահում են երկու դելֆիններ։ Ներքևում սպիտակ ալիքներ են, որոնք դելֆինների հետ խորհրդանշում են Մալթայի` Միջերկրական ծովում գտնվելը, ութաթև մալթական խաչը, որը կապված է Մալթայի օրդենի հետ։ Ժապավենի վրա հետևյալ նշանաբանն է`«Virtute et Constantia» («Արիություն և կայունություն»)։ Ներկայումս այս նշանաբանը կիրառում է Մերիտի միաբանությունը։

Կիրառվել է նաև սուրբ Էդուարդի թագին առյուծով տարբերակը, որը եղել է Մալթայի գեներալ-նահանգապետի զինանշանը[1]։

1975-1988 թվականներին կիրառված զինանշան խմբագրել

 
Մալթայի զինանշանը 1975-1988 թվականներին

1975 թվականի հուլիսի 11-ին (Մալթայի Հանրապետության հռչակումից մեկ տարի անց) ընդունվել է նոր զինանշան։ Այն պատկերում է ծովափնյա տեսարան` ծագող արև, ջրի վրա մալթական նավակ (dgħajsa), ափին բահ և եղան։ Աջ կողմում աճում է տատասկաթզենի։ Բոլոր այս խորհրդանիշները որոշ չափով կապված են Մալթայի հետ։ Պատկերի տակ գրված է «Մալթայի Հանրապետություն» (մալթ.՝ Repubblika ta' Malta)[1]:

Այս զինանշանը կարելի էր տեսնել մալթական մետաղադրամներին, որոնք թողարկվել են մինչև 2008 թվականի հունվարի 1-ը, երբ Մալթան մտել է եվրոգոտի։

Այս զինանշանը եղել է վիճելի, քանի որ այն չի համապատասխանել զինանշագիտությանը, այդ պատճառով էլ 1987 թվականի ընտրրություններից հետո, երբ հաղթել են ազգայնականները, այն փոխվել է։ Առաջարկվել է ընդունել 1964 թվականի զինանշանը, սակայն վերջնական արդյունքում ընդունվել է դրա պարզեցված տարբերակը։ Նոր զինանշանը մշակել է Ադրիան Սթրիքլենդը, որը պատրաստել է նախնական էսքիզները, իսկ Ռոբերտ Քոուլն ավարտին է հասցրել այն[1]։

Տես նաև խմբագրել

  • Մալթայի դրոշ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bonello, Giovanni (2011 թ․ մայիսի 8). «Malta's three national emblems since independence – what's behind them?». Times of Malta (անգլերեն). Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալթայի զինանշան» հոդվածին։