Բացել գլխավոր ցանկը

Ձայնավորներ, վանկարար հատկություն ունեցող հնչյուններ, որոնց արտասանությունը կատարվում է ձայնալարերի թրթռումով և տեղայնացված չէ։ Ձայնավորներն ամբողջապես կազմված են երաժշտական ձայնից, ունեն նաև արտասանական առանձնահատկություններ (օդի թույլ հոսանք, առանց արգելքի արտաբերություն, լարվածության չտեղայնացում), որոնցով նրանք տարբերվում են բաղաձայններից։

Ժամանակակից գրական հայերենն ունի 6 ձայնավոր հնչյուններ՝ ա, է, ը, ի, օ, ու։ Նույնքան ձայնավորներ ուներ նաև գրաբարը։ Բարբառներում հանդիպում են նաև այլ ձայնավորներ (օրինակ՝ քմայնացած)։

Գործածության հաճախականությամբ առաջին տեղում ա ձայնավորն է, ապա՝ է-ն, հետո մյուսները։ Հայերենի բոլոր ձայնավորներն էլ վանկարար են, կազմում են վանկաբուն։ Հնչյունափոխության նկատմամբ առավել զգայուն են է, ի, ու հնչյունները, շեշտադրությանմբ, հնչեղությամբ ետին տեղում է ը ձայնավորը։

Բովանդակություն

ԴասակարգումԽմբագրել

Ձայնավորները միմյանցից տարբերվում են արտասանական խոռոչում եղած շարժուն օրգանների (լեզու, շրթունքներ, փափուկ քիմք) գրաված դիրքով, արձագանքարանի ձևով, չափսով, ձայնի այլևայլ հատկություններով։ Այսպես՝ ըստ և նրա տարբեր մասերի դիրքի զանազանում են առաջնային շարքի, միջին շարքի, ետին շարքի ձայնավորներ, ապա և՝ ստորին բարձրացման, միջին բարձրացման, վերին բարձրացման ձայնավորներ։

Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի գրաված դիրքիԽմբագրել

Առաջնալեզվային ձայնավորներԽմբագրել

Առաջնային շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն իր ողջ զանգվածով մղվում է առաջ, լեզվի ծայրը կպչում է ստորին ատամնաշարին և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր միջին մասով, ընդ որում բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը՝ այն վերածելով առաջնային և ետին խոռոչների՝ այս դեպքում առաջնային փոքրացումով։

Հայերենում առաջնային շարքի են գրական հայերենի է (ե), ի ձայնավորները։

Ետնալեզվային ձայնավորներԽմբագրել

Ետին շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն ամբողջությամբ ետ է մղվում, լեզվի ծայրը հեռանում է ստորին ատամնաշարից, և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր ետևի մասով։ Այս դեպքում էլ բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը՝ առաջնային խոռոչի մեծացումով (ետնայինի փոքրացումով)։

Հայերենում ետնալեզվային ձայնավորներ են ա, օ, ու հնչյունները։

Միջնալեզվային ձայնավորներԽմբագրել

Միջին շարքի ձայնավորների արտասանության ժամանակ լեզուն մի տեսակ միջին դիրք է բռնում առաջնային ու ետին շարքերի հանդեպ, և լեզվամեջքը դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում հարթությամբ։

Հայերենի ձայնավորներից միջնալեզվային է ը հնչյունը։

Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի բարձրացման տարբեր աստիճաններիԽմբագրել

Ստորին բարձրացման ձայնավորներԽմբագրել

Ստորին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը քիմքի հանդեպ գտնվում է ամենացած դիրքում։ Այսպես արտաբերվում է գրական հայերենի ա ձայնավորը։

Վերին բարձրացման ձայնավորներԽմբագրել

Վերին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը քիմքի հանդեպ գտնվում է համեմատաբար առավել մոտ դիրքում։ Այսպես արտաբերվում են հայերենի ի, ու ձայնավորները։

Միջին բարձրացման ձայնավորներԽմբագրել

Միջին բարձրացման ձայնավորների արտաբերման ժամանակ լեզվի բարձրացող մասը միջին դիրք է գրավում ստորին և վերին բարձրացումների հանդեպ։ Այսպես արտաբերվում են է, ը ձայնավորները։

Շրթնային ձայնավորներԽմբագրել

Շրթնային ձայնավորներն արտաբերվում են շրթունքների կորացումով և մի փոքր առաջ ձգված դիրքով. դրանք են՝ օ, ու։ Ոչ շրթնային ձայնավորներն արտասանվում են շրթունքների չեզոք դիրքով, այսպիսիք են՝ ա, է, ի, ը։

ԱղբյուրներԽմբագրել

  • Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։

ԳրականությունԽմբագրել

  • Ա. Արամյան, Ժամանակակից հայերենի ձայնավորները, Երևան, 1962։
  • А. Хачатрян, Спектральный рентгенологический анализ гласных армянского и английского языков, Ереван, 1963։