Բացել գլխավոր ցանկը

Հրշեջների պարահանդես (ֆր.՝ bal des pompiers) ավանդական ժողովրդական փառատոն, որն անցկացվում է Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում հուլիսի 13-ին կամ 14-ին, այսինքն՝ հենց գլխավոր Ազգային տոնի նախօրեին:

Հրշեջների պարահանդես
Paris Pavillon Violet Bal des pompiers 2016.jpg
Տեսակտոն

Տոնի անցկացումԽմբագրել

Տոնն ավանդաբար անցկացվում է Փարիզում և Իլ դը Ֆրանսի այլ քաղաքներում[1], ինչպես նաև Լիոնում[2], Նիսում[3], Թուլուզյում[4], Գրենոբլում[5] և այլ քաղաքներում:

Պարահանդեսի անցկացման ժամերը, ծրագիրը, տևողությունը կարող են մեծապես տարբերվել՝ կախված քաղաքից և հրշեջ մասերից։ Տոնի կազմակերպմանը կարող են մասնակցել ինչպես հենց հրշեջները, այնպես էլ տեղական դերասանները[4], իսկ որոշ պարահանդեսներ նույնիսկ տեղի են ունենում աստղերի մասնակցությամբ[3]: Բայց սա փառատոն է, որն ընդգծում է գլխավոր ազգային տոնի հետ հարևանությունը և միավորում է բոլորին՝ հրշեջներին և քաղաքացիական անձանց, երիտասարդներին և ծերերին, բուրժուաներին և աշխատողներին: Ծրագրում միշտ պարեր են, ինչպես նաև կարող են լինել երաժիշտների, պարողների, երեխաների համար ծաղրածուների ելույթներ... և նույնիսկ մերկապար հրշեջների կատարմամբ[5]:

Մուտքը երբեմն ազատ է (բոլոր ցանկացողները գումար են նետում ավանդական «տակառի» մեջ[6]), սակայն որոշ վայրերում մուտքի համար պետք է վճարել. 2015 թվականին Նիսում հրշեջների հետ ուրախանալու համար մեծահասակները պետք է վճարեին 10,99 եվրո և 5,99 եվրո երեխաների համար[3]:

Տոնի պատմությունԽմբագրել

Գոյություն ունի տոնի ծագման մի քանի վարկած: Ըստ դրանցից ամենատարածվածի՝ ֆրանսիացի հրշեջները վաղուց են իրենց զորանոցներում տոներ կազմակերպել իրենց և իրենց ընտանիքների համար: Ծրագրում եղել են խաղեր, թատերական բեմադրություններ, ուժային վարժություններ, երաժշտական համարներ: Մի օր՝ 1937 թվականի հուլիսի 14-ին, ոմն սերժանտ՝ Կուռնե ազգանունով, անսպասելիորեն որոշել է բացել Մոնմարտրում գտնվող իր զորանոցի դռները և տոնը դուրս բերել փողոցներ՝ պետարդներով, բենգալյան լույսերով և բեմականացված հրդեհաշիջմամբ: Սա, իբր, այնքան դուր եկավ ոչ միայն քաղաքացիներին, այլև այլ հրշեջ մասերի գործընկերներին, որ ամեն տարի ավելի ու ավելի շատ հրշեջներ էին մասնակցում տոնին, ավելի շատ մարդիկ էին հավաքվում[7][8][9]:

Այլ տարբերակ է շարադրում Անդրե Ռոլանը «Սակրավորների և հրշեջների պատմություն» գրքում. նրա կարծիքով, տոնը գոյություն է ունեցել դեռևս XX դարասկզբին: Ի սկզբանե հրշեջներն իրավունք չունեին մասնակցելու հուլիսի 14-ի պարերին, նրանց մի մասը մասնակցել է զորահանդեսին, մնացածը պետք է հերթապահության մնային հրշեջ մասերում։ Եվ այդ ժամանակ հերթապահ հրշեջներն իբր սկսել են հրավիրել աղջիկների՝ մասնակցելու պարերի, որ նրանք սկսել են անցկացնել հենց իր զորանոցների շեմերին[10]:

Ամեն դեպքում, այս ավանդույթը գոյություն ունի շատ տասնամյակներ, ընդհատվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ ժամանակ 1939-1945 թվականներին[9]:

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել