Բացել գլխավոր ցանկը

Հովհան Եփեսացի (507-586), ասորի մատենագիր։ Հովհան Եփեսացին VI դարի ամենակարևոր դեմքերից է։ Նա իր եռանդուն գործունեությամբ վայելել է Բյուզանդիայի Հուստինիանոս Ա կայսեր անմիջական մտերմությունը և իր ազդեցությունն է ունեցել պետական գործերում։ Բայց երբեմն էլ հալածվել է, տառապել բանտերի նկուղներում, ապրել չարչարանքի ու տանջանքի դառն պահեր։ Նրա «Եկեղեցական պատմություն» աշխատության (ընդգրկել է մ.թ.ա. I դարի-մ.թ. 585-ի դեպքերը) 3-րդ գրքում արժեքավոր տեղեկություններ է հաղորդում հայ-պարսկական հարաբերությունների, 571-ի հայոց ապստամբության մասին ևն։ «Վարք արևելյան երանելի սրբոց» երկում տեղեկություններ կան հայ եկեղեցական գործիչների մասին։

Հովհան Եփեսացի
Ծնվել էմոտ. 507
ԾննդավայրԴիարբեքիր, Թուրքիա
Մահացել է588
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Մասնագիտությունեկեղեցական պատմաբան, պատմաբան, գրող և քահանա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Կյանքի վաղ շրջանԽմբագրել

Հովհան Եփեսացին ծնվել է հավանաբար 507 թվականին, Բեյթ-Ագգելայի Ագգել (Ingilena) ամրոցից (այսինքն հայկական Անգեղտուն գավառի Անգղ ամրոցից) ոչ հեռու գտնվող Կալեշ գյուղում։ Ինչպես հայտնի է, Մեծ Հայքի 387 թվականի առաջին բաժանումից մինչև Հուստինիանոս Ա-ի վարչական վերաբաժանումները Բյուզանդական Հայաստանը բաժանված էր երկու մասի։ Հյուսիսային մասը, որ կոչվում էր Ներքին Հայք, առանձին վարչական միավոր էր, որտեղ մինչև 389 թվականն իշխեց Արշակ Գ-ն։ Վերջինիս մահից հետո այդ մասում վերացվեց հայ Արշակունիների անվանական իշխանությունը, և այն կառավարում էր կայսրության կողմից նշանակվող Հայաստանի կոմեսը։ Բյուզանդական Հայաստանի հարավային մասում կային 5 նախարարություններ՝ Ծոփք Մեծ, որ ընդգրկում էր Անգեղտուն և Նփրկերտ գավառները, Ծոփք Փոքր, Անձիտ, Բալահովիտ, Հաշտեանք, որոնց ժառանգական իշխանները վերացվեցին և Հուստինիանոս Ա-ն այդ բոլորը վերածեց մեկ նահանգի, որը կոչվում էր Չորրորդ Հայք։ Երբ Հովհանը 15 տարեկան էր, ծնողները նրան ուսման են տալիս նախ Ամիդի մոտակայքում գտնվող Համբերություն անունը կրող վանքը, որն այդ ժամանակ հայտնի էր որպես Վանահայր Մարանի վանք։ Մարանի մահից հետո նա տեղափոխվում է Ամիդի դաշտում կառուցված Հովհան Ամիդացու վանքը։ Այստեղ էլ Հովհանը սարկավագ է ձեռնադրվում 529 թվականին։ Դրանից գրեթե մեկ տարի անց նա մեկնում է Կոստանդնուպոլիս: Ինչպես ինքն է խոստովանում, փոքր հասակից սիրել է ճանապարհորդել։ Նրա անհանգիստ բնավորությունը, կազմակերպչական գործունեությունն ու հետաքրքրասիրությունը օգնել են պատմիչի իմացության բազմակողմանի զարգացմանը։

Հուստինիանոս Ա կայսեր եկեղեցական քաղաքականությունըԽմբագրել

533 թվականին Հովհան Եփեսացին Կոստանդնուպոլսից գնում է Եգիպտոս, որ այն ժամանակ Տիմոթեոս Դ պատրիարքի շնորհիվ դարձել էր հակաքաղքեդոնական գործիչների լավագույն ապաստաններից մեկը։ Հովհան Եփեսացու Եգիպտոս կատարած այս ճանապարհորդությունն արդյունավետ եղավ նրանով, որ նա հնարավորություն ունեցավ լինելու այնտեղ գտնվող հայտնի գրադարաններում և ուսումնասիրել եկեղեցական նշանավոր հայրերի աշխատությունները։ Նա պրպտումներ է կատարել հատկապես այն ժամանակ նշանավոր դարձած Պատրիկ կեսարի Գրադարանում։ 535 թվականին Հովհանը վերադառնում է Կոստանդնուպոլիս։ Թեոդորա կայսրուհու հովանավորությամբ հակաքաղքեդոնականների ուժեղ համայնք էր ձևավորվում մայրաքաղաքում, մինչդեռ Հուստինիանոս Ա-ն մեծապես հովանավորում էր քաղքեդոնական գործիչներին։ Սա պատահական չէր, այլ կայսրուհին գործում էր կայսեր գիտությամբ և հրահանգով, քանզի ձգտում էին երկու խմբի բաժանված հոգևորականներին դարձյալ միաբանել։ Շուտով կայսեր հրահանգով Բյուզանդիային ենթակա ողջ տարածքներում սկսվեց հակաքաղքեդոնականների հալածանքներ, քանզի հաշտեցումը չէր ստացվում, իսկ Հուստինիանոսը, որպես առավել զորեղ կառույց, ցանկանում էր սատարել և հենվել քաղքեդոնականների վրա։ Հակառակ խմբի շատ գործիչներ աքսորվեցին, որոնց մեջ էր նաև Հովհանը։ Սակայն նա աքսորավայրում երկար չմնաց և շուտով նորից մեկնեց մայրաքաղաք։ Հուստինիանոսը ձևացնում էր, թե անտեղյակ էր տարբեր վայրերում ծայր առած այդ հալածանքներից։ Դա մի խորամանկ խաղ էր, որով կայսրը ձգտում էր սիրաշահելով այդ գործիչներին, որոշ զիջումների դրդել։

Եպիսկոպոս ձեռնադրվելԽմբագրել

542 թվականին Կոստանդնուպոլիս է ժամանում Ղասսանի արաբների թագավոր Հարիս իբն Ջաբալը, որը հակաքաղքեդոնականության կողմնակից էր, և խնդրում է Հուստինիանոսին դադարեցնել հալածանքները նրանց դեմ և եկեղեցական գործիչներ ուղարկել՝ հեթանոս արաբների շրջանում քրիստոնեություն տարածելու համար։ Կայրսն ուղարկում է Թեոդոր եպիսկոպոսին և Հակոբ Բարադեոսին (վերջինիս կողմնակիցները հետագայում իր անունից կոչվեցին հակոբիկյաններ)։ Հակոբ Բարադեոսը Հովհանին Եփեսոսի եպիսկոպոս ձեռնադրեց և նրան հանձնեց ամբողջ ասիական հակաքաղքեդոնական եկեղեցիների գերիշխանությունը։ Այդ պատճառով նրա անվանն ավելացավ Եփեսացի մակդիրը։ Հետագա իր գործունեությամբ և ընդունակություններով Հովհան Եփեսացին արժանացավ Հուստինիանոս Ա-ի ուշադրությանն ու համակրանքին, նույնիսկ նրանց միջև մտերիմ հարաբերություններ ստեղծվեցին։ Բանն այն է, որ կայսրը Հովհանի մեջ տեսել էր այն անձնավորությանը, որը կարող էր իր քաղաքական նպատակներին ծառայել։ Շուտով նա Հովհանին ուղարկում է Արևելք՝ հեթանոսության դեմ պայքարելու։ Սա Հովհանին ձեռնտու էր, քանզի այդպիսով կարող էր խտացնել հակաքաղքեդոնականների շարքերը։

Բյուզանդիայի քաղաքացինԽմբագրել

Հովհանի համար իրենց իմաստը կորցրել էին ազգային գիտակցությունն ու շահերը, և նա ինքն իրեն զգում էր որպես բյուզանդական քաղաքականության մի մասնիկը, որպես կայսրության քաղաքացի, և ձգտում էր նրա հզորացմանը, իհարկե, դա կապելով հակաքաղքեդոնականության հետ։ Այս ամենը ցայտուն կերպով նկատելի են նրա շարադրանքի մեջ։ Հուստինիանոս Ա-ից ստանալով Արևելքում հեթանոսության դեմ պայքարելու հրահանգը, Հովհանը մեծ նվիրվածությամբ և իր առաքելության լրջությունը հասկացողի գիտակցությամբ, կայսրից ստացած արտակարգ լիազորություններով ու խիստ հրամանով, 542 թ. մեկնում է մայրաքաղաքից՝ հեթանոսության դեմ պայքարելու։ Նման լայն ճակատով հեթանոսության դեմ հարձակումը կայսրության տարածքում տեղի էր ունենում առաջին անգամ։ Հովհան Եփեսացու ձեռքին եղած հրամանի համաձայն, Հուստինիանոս Ա-ն պարտադրում էր կայսրության սահմաններում ապրող հեթանոսներին հրաժարվել հեթանոսությունից և քրիստոնեություն ընդունել։ Իսկ հրաժարվողներին սպառնում էր մահապատժով։ Այդ հրամանում կետ կար նաև այն անձանց մասին, ովքեր դեռ չէին մկրտվել, բայց պարտավոր են իրենց կանանց ու երեխաների հետ եկեղեցի գնալ և սովորել քրիստոնեական ճշմարիտ հավատը, մինչև մկրտվելը։ 542 թվականին Հովհան Եփեսացին այդ լիազորություններով անցնում է Փոքր Ասիա, շրջագայում նրա երկրներով՝ իր համար կենտրոն դարձնելով Լիդիայի քաղաքներից Տրալլը։ Հովհանն իր ասորի ու հայ գործակիցների հետ (վերջիններից հայտնի է Սարգիս անունով մեկը), լայն գործունեություն է ծավալում ընդդեմ հեթանոսության։ Մարդկանց շրջանում հիմնականում գործն ավարտելուց հետո նա անցնում է հեթանոսական տաճարների կործանմանը, ապա քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի շինարարությանը։ Բյուզանդական կայսրությանը հպատակ այդ տարածքների միայն մեկ շրջանում Հովհան Եփեսացին կառուցում է 12 վանք և 99 եկեղեցի։ Բայց միայն հեթանոսության դեմ չէր, որ պայքարում էր Հովհանը, այլև հրեաների՝ նրանց սինագոգերը ևս վերածելով եկեղեցիների, ինչպես նաև մոնտանականների։ Այս աղանդը, ինչպես Հովհանն է վկայում, կազմավորվել էր 2-րդ դարում Փռյուգիայում և բավականին լայն տարածում էր գտել ժողովրդի շրջանում՝ ունենալով սոցիալական հիմքեր։ Մոնտանականությունը սկսել էր սպառնալ եկեղեցու հեղինակությանը, բայց նրա հետևորդների շարժումները թուլացնում էին կայսրության հիմքերը։ Այսպիսով, Հովհան Եփեսացին պայքարում էր բոլոր այն ուժերի դեմ, որոնք կրոնական բնույթ ունենալով հանդերձ, վտանգ էին սպառնում Բյուզանդիայի պետականությանը։ Իր այս գործունեությամբ ծառայելով կայսրության շահերին, Հովհան Եփեսացին սկսեց մեծ հեղինակություն վայելել Հուստինիանոս Ա-ի և պալատականների մոտ, դառնալով կայսեր ամենահավատարիմ գաղափարակիցներից ու մտերիմներից մեկը։ Եվ երբ 546 թվականին նա Կոստանդնուպոլիս վերադարձավ, կայսրը նրան ընդունեց արտակարգ ջերմությամբ ու շուքով։ Հովհանի գործունեության արդյունքները սպասվածից ավելի էին, և կայսրը, ոգևորված դրանից, նույն տարում Հովհանին հանձնարարեց հաշվեհարդար տեսնել մայրաքաղաքում ապրող այն գործիչներից, ովքեր չէին գործակցում կենտրոնական իշխանության հետ կամ հակադրվում էին նրան։ Այժմ էլ Հովհանը սկսում է հավատաքննիչի իր գործունեությունը մայրաքաղաքում և կրկին արդարացնում կայսեր հույսերը։ Հալածանքների ենթարկվեցին բոլոր այն գիտնականները, բժիշկները, արվեստի ու գրականության ասպարեզում ճանաչված գործիչները, որոնք իրենց իմացական ու գիտակցական մակարդակով շատ բարձր էին կանգնած ղեկավարող տգետ մարդկանցից և իրենց ստեղծագործություններով ու գործունեությամբ դեմ էին արտահայտվում տիրող կարգերին՝ չհանդուրժելով կայսեր կամայականություններն ու բռնությունները։ Այս մարդիկ մեղադրվում էին հեթանոսության մեջ և վերացվում։ Պատմիչներից Միքայել Ասորին հաղորդում է, որ բացի այդ մարդկանցից ոչնչացվում էին նաև արվեստի, գրականության ու պատմական մեծ արժեք ներկայացնող կոթողներ։ Երբ 547 թվականին վախճանվում է կայսրուհի Թեոդորան, ով հակաքաղքեդոնականության հովանավորն էր, Հուստինիանոս Ա-ն Հովհան Եփեսացուն է վստահում այդ գործիչներին սիրաշահելու, կայսրության հետ կապելու պարտականությունները։ Այսպես, նա հասել էր իր փառքի գագաթնակետին, երբ նրա կյանքում տեղի ունեցավ կտրուկ շրջադարձ։

Հակաքաղքեդոնականության ճնշումը ԲյուզանդիայումԽմբագրել

Հովհան Եփեսացու կյանքում ճակատգրական փոփոխություն բերեց իր գլխավոր հովանավորի՝ Հուստինիանոս Ա-ի վախճանը 564 թվականին, որից հետո կայսրությունում տեղի ունեցան քաղաքական նոր զարգացումներ։ Կայսեր գահին բարձրացավ Հուստինոս Բ-ն, ով իր իշխանության սկզբնական շրջանում ձգտում էր հավասարակշռություն պահպանել ու շարունակել իր նախորդի եկեղեցական քաղաքականությունը։ Թեև Հուտինիանոս Ա-ն բավականին հաջողության հասել էր, սակայն իր երազած եկեղեցական միությանն այդպես էլ չհասավ։ Իսկ Հուստինոս Բ-ն սկզբում անտարբեր էր եկեղեցական գործերի հանդեպ, քանզի զբաղված էր այլ հոգսերով. երկրին արևելքից ու արևմուտքից սպառնում էին ավարները, սլավոնները և պարսիկները, իսկ կայսրությունը գտնվում էր տնտեսական ծանր կացության մեջ։ Ուստի նոր կայսրը ձգտում էր գոնե եկեղեցական գործերում պահպանել խաղաղություն։ Սակայն հակաքաղքեդոնականները 560-ականներից սկսած այնքան էին հզորացել, որ եթե մինչ այդ քաղքեդոնականներն էին ձգտում նրանց միավորել՝ իբրև մոլորյալների, այժմ նրանք էին սկսել քաղքեդոնականներին իրենց միավորելու ջանքեր գործադրել։ Չնայած այս ամենին, հակաքաղքեդոնականների շարքերում առկա էին խոր հակասություններ. մայրաքաղաքի գործիչները կողմ էին որոշ զիջումների, սակայն գավառների հոգևորականությունը, որ ավելի մոտ էրչ կանգնած ժողովրդական ցածր խավերին, ավելի անզիջում էին, և նրանց միջև հակասությունները գնալով խորանում էին։ Եվ ահա, Հուստինոս Բ-ն գտավ, որ արդեն ժամանակն է հակաքաղքեդոնականներին բաժան-բաժան անելու և նրանց միությունը քայքայելու։ Նա սկսեց աքսորել, բանտարկել, կաշառել և ուժ գործադրել՝ հակաքաղքեդոնական խմբավորումները ցրելու համար։ 571 թվականի մարտի 22-ին Կոստանդնուպոլսի պատրիարք Հովհան Սքոլաստիկոսը կայսրից հրաման ստացավ՝ փակել բոլոր հակաքաղքեդոնական հաստատություններն ու եկեղեցիները։ Դրանից հետո սկսեցին այդ գործիչների ձերբակալություններն ու աքսորը։

Բանտարկություն, աքսոր և մահԽմբագրել

Հակաքաղքեդոնականների այս հալածանքների սկզբնական շրջանում Հովհան Եփեսացուն չէին անհանգստացնում, բայց օղակը գնալով նեղանում էր, և որոշ ժամանակ անց ձերբակալվեց նաև այս խոշոր գործիչը։ Նրան նետեցին պատրիարքարանի խցերից մեկը։ Ճակատագրի խաղի բերմամբ, մեծ «ինկվիզիտորն» ինքն էր այս անգամ ճաշակում այն դառնությունները, որոնք տարիներ առաջ ինքը հրամցնում էր նրանց, ում ճակատին կպցրել էր «հեթանոս» պիտակը։ Հովհանը բանտում ենթարկվում էր շատ խիստ պատիժների ու չարչարանքների։ Նա միայն այդ վիճակում կարող էր իրեն հաշիվ տալ, թե քանի-քանի անմեղ մարդիկ իր ձեռքով ենթարկվել էին այդ նույն զրկանքներին ու տանջնանքներին։ 12 ամիս և ինն օր մնալով պատրիարքարանի այս խցում, ի վերջո Հովհան Եփեսացուն աքսորում են մի կղզի և արգելում շփվել մարդկանց հետ։ 578 թվականին կայսր է դառնում Տիբերիոսը, որի կարգադրությամբ Հովհանին, խիստ հսկողության տակ, կրկին բերում են մայրաքաղաք։ Նա նպատակ ուներ հասարակության տարբեր շերտերի մոտ համակրանք վաստակել, և այս քայլով փորձում էր սիրաշահել հակաքաղքեդոնականներին, որոնք քիչ թիվ չէին կազմում։ Սակայն 581 թվականին իրադրությունը կրկին փոխվեց և կայսրության ողջ տարածքում վերսկսվեցին հակաքաղքեդոնականների հալածանքները։ Հովհան Եփեսացուն կրկին ձերբակալեցին և նա դրանից հետո դարձյալ տարիներ շարունակ տանջվեց բանտախցում։ Սակայն անգամ այդ պայմաններում, ի պատիվ իրեն, նա չկորցրեց հոգու արիությունը և գրիչը ձեռքից վայր չդրեց՝ շարադրելով իր «Եկեղեցական պատմության» երրորդ մասը, որտեղ բավականին ուշագրավ և արժեքավոր տեղեկություններ կան պահպանված 6-րդ դարի Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին։ Իր այս աշխատությունում նա վերջինն անդրադառնում է 585 թվականին։ Դրանից հետո նա երկար չի ապրում և հաջորդ տարվա մեջ բանտում կնքում է իր մահկանացուն։

«Եկեղեցական պատմությունը»Խմբագրել

Իբրև պատմիչ, Հովհան Եփեսացին 6-րդ դարի ասորական գրականության խոշորագույն դեմքերից է։ Նա այնքան էր խորացել հունական գրականության ու լեզվի իմացության մեջ, որ մայրենի լեզվով գրած երկերում զգացվում է այդ ազդեցությունը։ Նրա ասորերեն խոսքի մեջ մեծ տեղ են զբաղեցնում հունական բառերն ու դարձվածքները։ Բայց այդ հանգամանքը ոչնչով չի արժեզրկում նրա ստեղծագործությունը, որովհետև իր գրելաձևի ու մտածելակերպի մեջ Հովհանը խիստ ինքնատիպ է։ Հովհան Եփեսացին իր «Եկեղեցական պատմությունը» սկսել է Հուլիոս Կեսարի ժամանակաշրջանից, բայց այդ ժամանակների դեպքերը շարադրելիս հիմնականում օգտվել է Եվսեբիոս Կեսարացուց և առաջին երկու մասը մեծ հետաքրքրություն չեն վայելել։ Իսկ ինչ վերաբերում է Հովհանի այս գրքի Գ մասին, այն թեև մի քիչ պակասավոր է, բայց մեզ հասել է Բրիտանական թանգարանում պահվող 7-րդ դարի և մի այլ ձեռագրի շնորհիվ։ Այս վերջինում կան հատվածներ նաև Բ մասից։

Հովհան Եփեսացու տեղեկությունները հայերի մասինԽմբագրել

Ինչպես ինքն է հաղորդում, հայերի մասին տեղեկությունները նա լսել է Հայոց կաթողիկոսից ու նրա ուղեկիցներից, ովքեր Կոստանդնուպոլիս էին եկել իբրև պատվիրակություն՝ կայսրից խնդրելու աջակցություն ընդդեմ պարսիկների։ Թեև ասորի պատմիչը չի նշում կաթողիկոսի անունը, սակայն Մաղաքիա Օրմանյանն իր «Ազգապատում» ստեղծագործության մեջ տալիս է Հայոց կաթողիկոսների կյանքի ու գործունեության պատմությունը, և այդ գրքից իմանում ենք, որ 557 թվականից Հայոց կաթողիկոսն էր Հովհաննես Բ Գաբեղյանը։ Հովհանը հաղորդում է, որ հայկական պատվիրակությունը շքեղ ընդունելության է արժանանում բյուզանդական արքունիքում։ Բանն այն է, որ Հուստինիանոս Ա-ի օրոք կայսրության սահմաններում այլ կրոնների դեմ տարվող պայքարի օրինակով և մոգերի խորհրդով պարսից արքան էլ որոշել էր իրեն ենթակա տարածքներում պարտադրել կրակապաշտությունը։ Պարսկական Հայաստանում պարտադրում էին ատրուշան կառուցել և սկսել էին հիմքերը փորել, որն էլ բողոքի մեծ ալիք բարձրացրեց։ Առանց այն էլ հայ ժողովուրդը դժգոհ էր ծանր հարկահանությունից, և 571 թվականին սկիզբ առավ ապստամբությունը։ Այն ավարտին հասցնելու և պարսիկների լուծը թոթափելու համար անհրաժեշտ էր կայսեր օգնությունը։ Հովհան Եփեսացին հաղորդում է, որ հայերը սպանում են պարսիկ մարզպան Սուրենին և կոտորում Դվինում տեղակայված պարսից զորաջոկատին, որից հետո բազմաթիվ պարտիզանական մարտեր մղում բռնակալների դեմ՝ տանելով բազմաթիվ հաղթանակներ, սակայն արդյունքում երկիրը տնտեսապես սկսել էր հյուծվել ու ավերվել։ Հայ պատմիչներից այս իրադարձությունների մասին տեղեկություններ է հաղորդում Սեբեոսը: Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ Գաբեղյանը Կոստանդնուպոլսում է մնում երկու տարի և այնտեղ էլ մահանում՝ այլևս չվերադառնալով հայրենիք։ Հովհան Եփեսացին բավականին տեղեկություններ է հաղորդում նրա այդ շրջանի գործունեության մասին։


ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։