Բացել գլխավոր ցանկը

Հովհաննես Շահխաթունյանց

հայ պատմաբան

Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանց (մայիսի 20, 1799(1799-05-20), Շահրիար, Նախիջևանի խանություն, Իրան - մարտի 1, 1849(1849-03-01), Շահրիար, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն), Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոս էր, երկար տարիներ եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, Երևանի թեմի առաջնորդ։

Հովհաննես Շահխաթունյանց
Ծնվել էմայիսի 20, 1799(1799-05-20)
ԾննդավայրՇահրիար, Նախիջևանի խանություն, Իրան
Մահացել էմարտի 1, 1849(1849-03-01) (49 տարեկանում)
Մահվան վայրՇահրիար, Հայկական մարզ, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, հնագետ, մատենագետ և քահանա
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս

Ռուսական բանակի հրետանու գեներալ-մայոր Գևորգ Շահխաթունյանի եղբայրն էր։ Նրանց հայրը՝ Հովհան Շահխաթունյանցը, որը ժամանակակիցներին հայտնի էր Օհան սուլթան անունով, ազնվական ծագում ուներ և աչքի էր ընկնում զգալի կարողությամբ

ԿենսագրությունԽմբագրել

Հովհաննես Շահխաթունյանցը սերել է ազնվական ընտանիքից: Սովորել է Էջմիածնում՝ վանեցի Մկրտիչ վարժապետի մոտ, ապա Եփրեմ Ա Ձորագեղցին նրան ուղարկել է Կոստանդնուպոլիս, Սուրբ Էջմիածնի նվիրակ Աստվածատուր եպիսկոպոսի մոտ՝ որպես սպասավոր: «Արժանավոր վարժապետներից» սովորել է հունարեն և թուրքերեն: 1826 թվականին Շահխաթունյանցը Աստվածատուր եպիսկոպոսի կողմից ձեռնադրել է կուսակրոն քահանա: 1830 թվականին Եփրեմ Ա Ձորագեղցու հրամանով նշանակվել է Սուրբ Էջմիածնի Բարձրագույն խորհրդարանի ատենադպրի օգնական, 1832 թվականին՝ Բարձրագույն խորհրդարանի անդամ և մատենադարանի վարիչ: Հովհաննես Ը Կարբեցի կաթողիկոսի դեմ ծայր առած հուզումների պատճառով 1833 թվականին հրաժարվել է այդ պաշտոններից, հանդես եկել կաթողիկոսի գործելակերպի դեմ բողոքող ութ եպիսկոպոսների և վարդապետների խմբում: Սակայն Գրիգոր Արդվինցու և Ստեփանոս Արարատյանցի հետ բաժանվել է բողոքողներից ու կրկին անդամակցել խորհրդարանին: 1834-1835 թվականներին եղել է Երևանի վիճակի առաջնորդական փոխանորդ: «Պոլոժենիե»-ի (1836) ընդունումից հետո մինչև մահ եղել է Հայ եկեղեցու նոր կանոնադրությամբ ստեղծված Սինոդի անդամ, միաժամանակ վարել տարբեր պաշտոններ՝ Մայր աթոռի տպարանի կառավարիչ, ժառանգավորաց դպրոցի ուսուցիչ ու վերատեսուչ, վանական կառավարության անդամ: 1841 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս: Սինոդի հանձնարարությամբ Շահխաթունյանցը կազմել է Ս. Էջմիածնի գրատան ձեռագրացուցակը (312 անուն), որը հայագետ ակադեմիկոս Մ. Բրոսսեն թարգմանել և 1840 թվականին հրատարակել է ֆրանսերեն ու ռուսերեն: Շահխաթունյանցը գրել է Դավիթ-Դանիելյան անցքերի պատմությունը, «Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ» (հ. 1–2, 1842) աշխատությունը, որը փաստական նյութեր է պարունակում քաղաքամայր Վաղարշապատի սրբավայրերի ու հուշարձանների, Այրարատի հինգ գավառների վերաբերյալ: «Պատմութիւն գետնաշարժին ի 1840 ամի» ձեռագիր երկում նկարագրել է Այրարատի 1840 թվականի երկրաշարժը և Ակոռի գյուղի ու Սուրբ Հակոբ վանքի կործանումը: Շահխաթունյանցը իբրև գիտնական հայտնի է եղել նաև օտարներին: 1844 թվականին Ստեփանոս Նազարյանցի միջնորդությամբ ընտրվել է Կազանի համալսարանի թղթակից անդամ: Մշտական հարաբերություններ և նամակագրական կապեր է ունեցել Խաչատուր Աբովյանի, Ստեփանոս Նազարյանցի, Գաբրիել Պատկանյանի և այլ առաջադեմ գործիչների հետ: Մ. Մսրյանի, Խաչատուր Աբովյանի, Մ. Սալլանթյանի հետ ցանկացել է Սևանա կղզում գիտական միաբանություն ստեղծել, բայց այդ մտահղացումը չի իրականացել: Ներսես Ե Աշտարակեցին մեծ հարգանքով ու հավատով է վերաբերվել նրան: 1843 թվականին Շահխաթունյանցը նշանակվել է Վրաստանի հայոց թեմի նվիրակ և մեկնել Թիֆլիս[1][2][3]:

ԱշխատություններԽմբագրել

  • «Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Այրարատոյ»
  • «Պատմութիւն գետնաշարժին ի 1840 ամի»

ԳրականությունԽմբագրել

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
  • Սեդրակյան Ա., Յովհաննէս եպիսկոպոս Շահխաթունեանցի կենսագրութիւնը, ՍՊԲ, 1898:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հովհաննես Շահխաթունյանց
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. «Երևանի պատմությունը»։ armenianhouse.org։ Վերցված է 2016-10-07 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: