Հյուսիսային Հայկական Տավրոս

Հյուսիսային Հայկական Տավրոս, լեռնային համակարգ Հայկական լեռնաշխարհում, Գայլ, Ճորոխ և Արևմտյան Եփրատ գետերի միջև, Երզնկայից հյուսիս-արևմուտք, անցնում է Էրզրումի (պատմական Բարձր Հայքի) հյուսիսային սահմաններով, հասնում է Թորթումի լեռնաշղթային, ապա շարունակվում է արևելք մինչև Կարսի սարահարթի սահմանները։ Երկարությունը 650 կմ է, առավելագույն բարձրություն՝ 3537 մ (Լուսավորիչ)։ Կազմված է կավճի և պալեոգենի խիստ ծալքավոր և բեկորազատված կրաքարերից, մարմարներից, մերգելներից և ավազաքարերից։ Կան բազմամետաղների, շինանյութերի և հանքային ջրերի պաշարներ։

Հյուսիս և հյուսիսարևմտյան կողմում նրանք միանում են Հայոց լեռներին։ Իջնելով հարավ, նրանք կազմում են Սողանլուի (Վանանդի) շղթան, որը Կարսի սարահարթը բաժանում է Բասենից։ Այս լեռները պատած են անտառներով։ Այստեղով է անցնում Կարս–Էրզրում երկաթուղին։ Պատմական անցյալում Սողանլուի շղթան կոչվել է Մեծրաց լեռներ։

Բարձր Հայքի հյուսիսում ընկած շղթաներից նշանավոր են Դումլու-Դաղը, Թորթումի և Սպերի լեռները։ Թորթումի լեռների ճյուղավորություններում է գտնվում հրաբխային մի լեռ, որը ներկա քարտեզներում հայտնի է Վեսերչե Դաղ անվամբ, ունի 3300 մետր բարձրություն։ Իսկ Հայկական քարտեզներում հայտնի է Միխչիկ անվամբ։

Ճանապարհորդները նրա խառնարանը համեմատում են Վեզուվի խառնարանի հետ։

ԱղբյուրներԽմբագրել

  • Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։