Հերբյորգ Վասմու (նորվ.՝ Herbjørg Wassmo, դեկտեմբերի 6, 1942(1942-12-06)[1][2][3], Վեստերոլեն), նորվեգացի գրող, բանաստեղծուհի։

Հերբյորգ Վասմու
նորվ.՝ Herbjørg Wassmo
Ծննդյան անուննորվ.՝ Herbjørg Margretha Wassmo
Ծնվել էդեկտեմբերի 6, 1942(1942-12-06)[1][2][3] (81 տարեկան)
ԾննդավայրՎեստերոլեն
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և վիպասան
Լեզունորվեգերեն
Քաղաքացիություն Նորվեգիա[4]
Պարգևներ
 Herbjørg Wassmo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հերբյորգ Վասմուն ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 6-ին Նորվեգիայի հյուսիսում` Վեստերոլեն շրջանի Մյուրե փոքրիկ քաղաքում։ Դեռ մանկության շրջանից և դպրոցական վաղ տարիքից Վասմուն ուղղագրական բազմաթիվ սխալներով, բայց շատ զգացմունքային բանաստեղծություններ էր գրում և լավ նկարում։ Ստանալով ուսուցչի մասնագիտություն` Վասմուն երկար տարիներ աշխատել է Նորվեգիայի հյուսիսում` շարունակելով ուսումնասիրել գրականություն և գրել արձակ բանաստեղծություններ։ 1976 թվականին Վասմուն հրատարակել է բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն` «Թևերի բաբախյուն» վերնագրով։

1981 թվականին Վասմուն անցում է կատարել արձակին` հրատարակելով իր առաջին վեպը` «Ծածկած շքապատշգամբով տունը»։ Մինչ այդ Վասմուն գրեթե հայտնի չէր, այդ պատճառով երբ նրա գիրքն արժանացավ Նորվեգացի քննադատների ասոցիացիայի մրցանակին և ապա առաջադրվեց Հյուսիսային խորհրդի գրական մրցանակին, մեծ իրադարձություն հանդիսացավ նորվեգական ժամանակակից գրականության մեջ։ Այդ ժամանակ գրական մրցանակը չի հանձնվել Վասմուին, քանի որ մրցանակի կանոնակարգով այն չի կարող հանձնվել առաջին անգամ անվանակարգում ներկայացվողին, սակայն 1987 թվականին «Արնահոսող ամպեր» վեպի համար Վասմուն արժանացել է այդ մրցանակին։

Առաջին հաջողությունից հետո Հերբյորգ Վասմուն թողել է դպրոցի աշխատանքը, որպեսզի ամբողջովին նվիրվի ստեղծագործելուն։ Վասմուի ստեղծագործական հիմնական թեմաներից են կնոջ դերը հասարակության մեջ և Հյուսիսային Նորվեգիայի իրավիճակը։ Դրանք արդեն նկատելի էին Վասմուի բանաստեղծական առաջին ժողովածուներում, որտեղ մի քանի բանաստեղծություններ գրվել էին տեղի բարբառով։

Լավագույն ստեղծագործություններ խմբագրել

Վասմուի ստեղծագործության ամենանշանակալի գործերը երկու եռագրություններն են Թորայի և Դինայի մասին։ Առաջին եռագրությունն ունի մեկ ընդհանուր անվանում` Թորա, որի մեջ մտնում են «Ծածկած շքապատշգամբով տունը» (1981), «Խաղաղ սենյակը» (1983) և «Արնահոսող ամպեր» (1986) վեպերը։ Սրանք ռեալիստական վեպեր են Հյուսիսային Նորվեգիայի ձկնորսական փոքրիկ ավանում ապրող երիտասարդ աղջկա մասին, ով սեքսուալ բռնության է ենթարկվել խորթ հոր կողմից։ Անցյալը մոռանալու և և նոր կյանք կսելու երազանքներով տարված` Թորան դադարում է տարբերել երազանքը իրականությունից, ինչն ավարտվում է անխելամտությամբ և անժամանակ մահով։ Գրողը մեծ ուշադրություն է դարձնում 20-րդ դարի 50-ական թվականների նորվեգական իրականությունը ռեալիստական ոճով պատկերելուն։

1989-1997 թվականներին Հերբյորգ Վասմուն գրել է մեկ այլ եռագրություն` «Դինա» վերնագրով, որի մեջ մտնում են «Դինայի գիրքը» (1989), «Երջանկության զավակը» (1992) և «Կարնայի ժառանգությունը» (1997) վեպերը։ Եռագրության իրադարձություններն ընթանում են 19-րդ դարի 40-50-ական թվականներին` սկսվելով Հյուսիսային Նորվեգիայի առևտրական փոքր քաղաքում, շարունակվելով Կոպենհագենում, ապա կրկին ավարտվելով Նորվեգիայում։ Հերոսուհի Դինան Թորայի հակապատկերն է։ Նա մանուկ հասակում ողբերգություն է ապրել. իր անզգուշության հետևանքով մահացել է մայրը, ինչն իր տխուր հետքն է թողնում աղջկա ողջ կյանքում։ Բայց ի տարբերություն Թորայի` Դինան զոհի տպավորություն չի թողնում. նա ճակատագրական ուժեղ կնոջ կերպար է, ինքնուրույն բիզնես է վարում։ Առաջին հայացքից նա երջանիկ է և հաջողակ, սակայն նա դատապարտված է միայնության և ինքնաոչնչացման։ Այս եռագրությունը մեծ հաջողություն է ունեցել Եվրոպայում, Սկանդինավիայում։ Վեպի հիման վրա 2002 թվականին նկարահանվել է կինոֆիլմ` «Ես Դինան եմ» վերնագրով։ Վասմուն սցենարի հեղինակներից մեկն է եղել, իսկ գլխավոր դերերում նկարահանվել են հանրահայտ դերասաններ Մարիա Բոնևին, Պերնիլա Աուգուստը, Քրիստոֆեր Էկլստոնը, Ժերար Դեպարդիեն։ Ֆիլմը ցուցադրվել է շատ երկրներում։

2001 թվականին Վասմուն լույս է ընծայել «Յոթերորդ հանդիպում», իսկ 2003-ին` «Փախուստ Ֆրանկից» վեպերը, որոնցում ևս արծարծված է կնոջ խնդիրների թեման։ 2006 թվականին Վասմուն գրել է իր ռեալիստական ամենացնցող վեպերից մեկը` «Մի բաժակ կաթ, խնդրեմ», որում բարձրացնում է ստրկավաճառության թեման 21-րդ դարում` ներկայացնելով կյանքը ժամանակակից Օսլոյում։

2009 թվականին «Հարյուր տարի» վեպում գրողն անդրադարձել է իր ընտանիքի պատմությանը։ Այն վիպասք է երեք կանանց մասին` Սառա Սուսաննա, ով եղել է գրողի նախատատը, Էլիդա` գրողի տատը, ով իր ողջ կյանքի ընթացքում անմնացորդ սիրել է իր ամուսնուն, և Յորդիս` գրողի մայրը։

Վասմուն աշխատել է նաև ռադիոբեմադրությունների բնագավառում, հրատարակել է վավերագրական վեպ և նկարազարդ գիրք մանուկների համար։

Իր ստեղծագործական կյանքում գրողն արժանացել է ազգային և արտասահմանյան բազմաթիվ մրցանակների, այդ թվում` Բրագի մրցանակի (2010), Սուրբ Օլաֆի մրցանակի (2007), Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի (2011)։ Վասմուի գրքերը միջազգային համբավ են ձեռք բերել, թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով։

Մատենագիտություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  1. 1981 — «Ծածկած շքապատշգամբով տունը» (նորվ.՝ Huset med den blinde glassveranda) («Թորա» եռագրության առաջին վեպը) (Նորվեգական քննադատների ասոցիացիայի մրցանակ, 1981)
  2. 1983 — «Խաղաղ սենյակ» (նորվ.՝ Det stumme rommet) («Թորա» եռագրության երկրորդ վեպը)
  3. 1986 — «Արնահոսող ամպեր» (նորվ.՝ Hudløs himmel) («Թորա» եռագրության երրորդ վեպը) (Հյուսիսային խորհրդի գրական մրցանակ, 1987)
  4. 1989 — «Դինայի գիրքը» (նորվ.՝ Dinas bok) («Դինա» եռագրության առաջին վեպը)
  5. 1992 — «Երջանկության զավակը» (նորվ.՝ Lykkens sønn) («Դինա» եռագրության երկրորդ վեպը)
  6. 1997 — «Կարնայի ժառանգությունը» (նորվ.՝ Karnas arv) («Դինա» եռագրության երրորդ վեպը)
  7. 2001 — «Յոթերորդ հանդիպում» (նորվ.՝ Det sjuende møte)
  8. 2003 — «Փախուստ Ֆրանկից» (նորվ.՝ Flukten fra Frank)
  9. 2006 — «Մի բաժակ կաթ, խնդրեմ» (նորվ.՝ Et glass melk takk)
  10. 2009 — «Հարյուր տարի» (նորվ.՝ Hundre år)

Բանաստեղծություններ խմբագրել

  1. 1976 — «Թևերի բաբախյուն» (նորվ.՝ Vingeslag) (բանաստեղծությունների ժողովածու)
  2. 1977նորվ.՝ Flotid (բանաստեղծությունների ժողովածու)
  3. 1991 — «Փոքրիկ կանաչ պատկերներ մեծ կապույտ շրջանակում» (նորվ.՝ Lite grønt bilde i stor blå ramme) (բանաստեղծությունների ժողովածու)

Այլ խմբագրել

  1. 1983 — «Ձմեռային հունիս» (նորվ.՝ Juni-vinter) (ռադիոբեմադրություն)
  2. 1984 — «Ճանապարհ» (նորվ.՝ Veien å gå) (վավերագրական վեպ)
  3. 1985նորվ.՝ Mellomlanding (ռադիոբեմադրություն)
  4. 1995 — «Սոլո։ Չորս պատմություն» (նորվ.՝ Reiser : fire fortellinger) (պատմվածքներ)
  5. 1996նորվ.՝ Hemmelig torsdag i treet (նկարազարդ գիրք մանուկների համար)

Մրցանակներ խմբագրել

  1. 1981 - Նորվեգական քննադատների ասոցիացիայի մրցանակ («Ծածկած շքապատշգամբով տունը» վեպի համար)
  2. 1983 - Գրավաճառի մրցանակ («Խաղաղ սենյակ» վեպի համար)
  3. 1986 - Nordland fylkes kulturpris մրցանակ
  4. 1987 - Հյուսիսային խորհրդի գրական մրցանակ («Արնահոսող ամպեր» վեպի համար)
  5. 1991 - Գիլդենդալ մրցանակ
  6. 1997 - Amalie Skram-prisen մրցանակ
  7. 1998 - Ժան Մոնեի մրցանակ (Ֆրանսիա)
  8. 2004 - Eeva Joenpelto-prisen մրցանակ (Ֆինլանդիա)
  9. 2006 - Havmannprisen մրցանակ («Մի բաժակ կաթ, խնդրեմ» վեպի համար)
  10. 2007 - Սուրբ Օլաֆի շքանշան
  11. 2010 - Բրագի մրցանակ
  12. 2011 - Արվեստի և գրականության շքանշան (Ֆրանսիա)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբյորգ Վասմու» հոդվածին։