Գեղագիտության ազգային կենտրոն
Գեղագիտության ազգային կենտրոն (ԳԱԿ), հիմնադրվել է 1978 թվականին Երևանում, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ջանքերով՝ 1970 թվականին ստեղծված աշխարհում առաջին մանկական ստեղծագործության պատկերասրահի հիման վրա[1]։
Գեղագիտության ազգային կենտրոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | արվեստի կենտրոն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Վայր | Աբովյան փողոց |
Պատկանում է | Հայաստանի կրթության և գիտության նախարարություն |
Հասցե | Աբովյան 13 |
Հիմնադրվել է | 1978 |
Հիմնադիր | Հենրիկ Իգիթյան |
Տնօրեն | Վահան Բադալյան |
Կայք | nca.am |
![]() | |
![]() |
Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնն (ԳԱԿ) արդեն ավելի քանի 50 տարի արվեստի որակյալ կրթության երաշխավորն է ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլև մարզերում։ Կենտրոնում տարեկան ուսանում է 6-16 տարեկան ավելի քան 2300 երեխա, որոնցից շուրջ 1600-ը՝ անվճար հիմունքով։
Հավատարիմ մնալով ԳԱԿ հիմնադիր Հենրիկ Իգիթյանի տեսլականին և հետևելով ժամանակակից աշխարհի մոտեցումներին՝ Կենտրոնն ընդլայնել է գործունեության շրջանակն ու իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն երեխաներին, այլև արվեստով ու արվեստային կրթությամբ հետաքրքրված բոլոր անձանց՝ հատուկ ուշադրություն դարձնելով ներառականության լիարժեք ապահովմանը։[2]
ԳԱԿ-ի հիմնական կրթական ծրագրերը ներառում են արվեստի տարբեր ուղղություններ՝ կերպարվեստ, կատարողական արվեստ, երաժշտարվեստ։
Կենտրոնի երևանյան ստորաբաժանումներն են․
- ԳԱԿ Թանգարան
- ԳԱԿ Պատկերասրահ
- ԳԱԿ Փոքր թատրոն
- ԳԱԿ Արվեստանոցներ
- ԳԱԿ Կատարողական արվեստների ներառական կենտրոն
- ԳԱԿ Մետրո թատրոն-ստուդիա
- ԳԱԿ Պարի դպրոց
- ԳԱԿ Ազգային նվագարանների երաժշտական դպրոց
Կենտրոնը ունի նաև ստորաբաժանումներ Հայաստանի տարբեր մարզերում․
- ԳԱԿ Վանաձոր
- ԳԱԿ Գյումրի
- ԳԱԿ Սևան
- ԳԱԿ Դիլիջան
- ԳԱԿ Բերդ
- ԳԱԿ Գորիս
- ԳԱԿ Մեղրի
Պատմություն
խմբագրել1970թ․ մարտի 13-ին Երևանում բացվեց աշխարհում առաջին մանկական պատկերասրահը՝ հետագայում վերանվանվելով Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանի։ Հիմնադիրները արվեստաբան Հենրիկ Իգիթյանը եւ մանկավարժ Ժաննա Աղամիրյանն էին։ Պատկերասրահի բացումը մեծ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Խորհրդային միության գեղարվեստական կյանքում։ Աշխարհում չկար նմանատիպ մանկական հաստատություն։
Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանը, որն ի սկզբանե որպես պատկերասրահ բացվեց մի փոքրիկ ցուցահանդեսով, հետագայում ստեղծեց մեծ մշտական հավաքածու՝ ներառելով շուրջ 150․000 ստեղծագործություն Հայաստանից և աշխարհի 120 երկրից։ Թանգարանում մեծ հաջողությամբ կազմակերպվել են անհատական, խմբային, հանրապետական, համամիութենական ու միջազգային ցուցահանդեսներ։ Հայ երեխաների բազմաթիվ նկարներ հետաքրքրությամբ դիտվել են աշխարհի շատ երկրներում։
Հետագայում Մանկական պատկերասրահը հիմք ծառայեց Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) ստեղծման համար։ 1978թ․ հոկտեմբերի 18-ին հանրապետության ղեկավարության որոշմամբ հիմնվեց Հայաստանի էսթետիկական կենտրոնը, հետագայում՝ Գեղագիտության ազգային կենտրոնը, որը չուներ իր նախադեպը ողջ աշխարհում։
1980թ․ Երևանում հիմնադրումից գրեթե անմիջապես հետո Գեղագիտության ազգային կենտրոնը սկսեց նաև մարզերում իր ստորաբաժանումները ստեղծելու գործընթացը։ Մի քանի տարի անց արդեն սկսեցին լիարժեք գործել Գյումրու Սևանի, Գորիսի, Մեղրիի և Վանաձորի կենտրոնները։ Մարզային ստորաբաժանումները տեղի երեխաների և պատանիների արվեստային կրթության առանցքային ու կարևոր օղակներից են, ինչպես նաև փոխում և աշխուժացնում են համայնքի մշակութային մթնոլորտը։ ԳԱԿ-ն առանձնակի ուշադրություն է հատկացնում սահմանամերձ շրջաններում և բնակավայրերում ստեղծագործական, ուսումնական և կրթամշակութային եղած հարթակները վերագործարկելու և նորերը ստեղծելու գործընթացին։ Այդ մասին են վկայում Տավուշի մարզում ստորաբաժանումներ հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքները։ Արդեն իսկ Բերդ և Դիլիջան քաղաքների երեխաների և պատանիների համար բացվել են ԳԱԿ արվեստանոցներ։
Հիմնադրման օրվանից ԳԱԿ-ն իր գործունեությամբ մեծ աշխուժություն է մտցրել հայաստանյան մշակութային կյանքում։ Կենտրոնի տարբեր ստորաբաժանումների աշխատանքի արդյունքն են՝
- կայուն պարբերականությամբ կազմակերպվող ցուցահանդեսները, որոնք ներկայացնում են մանկական արվեստն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում (Սիմպոզիում և ցուցահանդես Նյու-Յորքում՝ նվիրված Հայաստանում գեղագիտական դաստիարակությանը (1991թ․), հայ մանուկների ստեղծագործությունների ցուցահանդես Վաշինգտոնի համաշխարհային բանկում (1999-2000թթ․), ցուցահանդես Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանում (2000թ․), ցուցադրություն Հռոմում (2000թ․), շրջիկ ցուցահանդես Նյու-Յորքում, Չիկագոյում, Միլուոքիում` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին (2001-2002թթ․), Աստվածաշնչյան թեմաներով ցուցահանդես Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ «Ֆրանսիայում Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում (2007թ․) և այլն),
- ստեղծվող նորարարական ներկայացումները, որոնք հայաստանյան թատերական դաշտում առանձնանում են իրենց տարբերվող բեմադրություններով։ Փոքր թատրոնն արժանացել է «Արտավազդ» ազգային թատերական մրցանակի («Խելագարի հիշատակարանը» (2007 թ.), «Օֆելիայի ստվերների թատրոնը» (2008 թ.), «Ne me quitte pas/ Մի լքիր ինձ» (2015 թ.)), մասնակցել է կատարողական արվեստի մի շարք հեղինակավոր միջազգային փառատոնների և արժանացել բազմաթիվ մրցանակների, ներկայացումները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում,
- որակյալ հրատարակությունները, որոնք մանկական պատկերազարդումներով նոր կյանք են տվել սիրված գրքերի («Աստվածաշունչ», «Սասունցի Դավիթ», «Հովհաննես Թումանյան. Հայկական հեքիաթներ» և այլն), առաջին անգամ շքեղ տպագրությամբ անդրադարձ է կատարվել հայազգի տարբեր արվեստագետների (Մինաս, Վրույր, Էմիլ Գազազ և այլն), տպագրվել են մի շարք պատկերագրքեր՝ ներկայացնելով Կենտրոնի մեծ նախագծերն ու համագործակցությունները («Ճապոնիան հայ երեխաների աչքերով» (2011թ.), «Տիեզերք» (2012 թ.), «Հենրիկ Իգիթյան. Մոլորակ ստեղծողը» (2012 թ.), «Սիրո ուժն է անհաղթ» (2012-2016 թթ.) և այլն),
- կազմակերպվող համերգները, որոնք նպաստում են ազգային նվագարանների, երգ ու պարի հանրահռչակմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (տարբեր տարիներին Մանկական ֆիլհարմոնիայի կոլեկտիվները համերգային ծրագրերով ներկայացել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Դանիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում և այլ երկրներում)։
2020թ-ին ամփոփելով Կենտրոնի 50-ամյա գործունեությունը՝ Կենտրոնն իր աշխատանքները վերսկսել է նոր ռազմավարությամբ ու տեսլականով։ ԳԱԿ տնօրեն է նշանակվել բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը։ Հավատարիմ մնալով ԳԱԿ հիմնադիր Հենրիկ Իգիթյանի տեսլականին և հետևելով ժամանակակից աշխարհի մոտեցումներին՝ Կենտրոնն ընդլայնել է գործունեության շրջանակն ու իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն երեխաներին, այլև արվեստով ու արվեստային կրթությամբ հետաքրքրված բոլոր անձանց՝ հատուկ ուշադրություն դարձնելով ներառականության լիարժեք ապահովմանը։ Ինչպես կրթամշակութային ծրագրերում, այնպես էլ, առհասարակ, իր ողջ գործունեության մեջ, Կենտրոնը մեծ ուշադրություն է հատկացնում ժամանակակից արվեստի ոլորտի ներմուծմանը։
Գեղագիտության ազգային կենտրոնն այսօր ոչ միայն մայրաքաղաքի, այլև ողջ հանրապետության ամենաակտիվ ու նորարարական մշակութային կառույցներից մեկն է, որը պարբերաբար հանդես է գալիս նոր ծրագրերով ու նախաձեռնություններով։ Իր գործունեությամբ այն որակական նոր նշաձող է սահմանում ոլորտում՝ անդավաճան մնալով իր հոգևոր բարձր առաքելությանն ու կոչմանը։
Մանկական ստեղծագործության թանգարան
խմբագրելԱրվեստաբան Հենրիկ Իգիթյանի և նրա կնոջ՝ մանկավարժ Ժաննա Աղամիրյանի այս հայտարարությամբ դրվեց աշխարհում առաջին մանկական պատկերասրահի հիմնաքարը։ Այն բացվեց 1970թ․ մարտի 13-ին և հետագայում վերանվանվեց Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանի: Այդ օրվանից թանգարանում սկսվեց ակտիվ ստեղծագործական կյանքը։ Մանկական ստեղծագործություններն ապշեցրեցին հիմնադիրներին։
Մանկական պատկերասրահի համբավը շուտով անցավ հանրապետության սահմաններից, և շատ կարճ ժամանակում նրա ֆոնդերը համալրվեցին աշխարհի տարբեր երկրների երեխաների աշխատանքներով։ Արվեցին նաև խոշոր նվիրատվություններ։ Այդպես, օրինակ, 1975թ․ Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Վիլսոնը պատկերասրահին նվրեց անգլիացի երեխաների 150 աշխատանք:
Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանը շուտով ստեղծեց մեծ մշտական հավաքածու՝ ներառելով շուրջ 150․000 ստեղծագործություն Հայաստանից և աշխարհի 120 երկրից։
1977թ․-ին Ճապոնիայում կայացած միջազգային ցուցահանդեսում Մանկական պատկերասրահն առաջին տեղը զբաղեցրեց՝ արժանանալով ոսկե մեդալի։ Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանում մեծ հաջողությամբ կազմակերպվել են անհատական, խմբային, հանրապետական, համամիութենական ու միջազգային ցուցահանդեսներ։ Հայ երեխաների բազմաթիվ նկարներ հետաքրքրությամբ դիտվել են աշխարհի շատ երկրներում։ Նշանակալի ցուցահանդեսներից են՝
- Նյու-Յորքում կազմակերպված սիմպոզիումը և ցուցահանդեսը Նյու-Յորքում՝ նվիրված Հայաստանում գեղագիտական դաստիարակությանը (1991թ․),
- Վաշինգտոնի համաշխարհային բանկում հայ մանուկների ստեղծագործությունների ցուցահանդեսը (1999-2000թթ․),
- Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանում կազմակերպված ցուցահանդեսը (2000թ․),
- Հռոմում կայացած ցուցադրությունը (2000թ․),
- Նյու-Յորքում, Չիկագոյում, Միլուոքիում կազմակերպված շրջիկ ցուցահանդեսը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին (2001-2002թթ․),
- Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված Աստվածաշնչյան թեմաներով ցուցահանդեսը՝ «Ֆրանսիայում Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում (2007թ․) և այլն։
Հետագայում Մանկական պատկերասրահը հիմք ծառայեց Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) ստեղծման համար։ 1978թ․ հոկտեմբերի 18-ին հանրապետության ղեկավարության որոշմամբ հիմնվեց Հայաստանի էսթետիկական կենտրոնը, հետագայում՝ Գեղագիտության ազգային կենտրոնը, որը չուներ իր նախադեպը ողջ աշխարհում։
Կերպարվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ ստորաբաժանում
խմբագրելՍտորաբաժանումում գործում են մի շարք արվեստանոցներ՝ գեղանկարչություն, ասեղնագործություն, բատիկ, գեղանկարչություն, փայտի փորագրություն, քանդակագործություն, օրիգամի, կարպետագործություն, տիկնիկների պատրաստում։ ԳԱԿ-ի ողջ պատմության ընթացքում ստորաբաժանումը կազմակերպել է ավելի քան 60 միջազգային ցուցահանդեսներ, կյանքի կոչել տարբեր ծրագրեր և նախագծեր, որոնք կրում են կրթական և դաստիարակչական բնույթ։ Սաների հետ աշխատում են հատուկ ընտրված, բարձր պրոֆեսիոնալ ունակություններով և հմուտ մանկավարժա-հոգեբանական հատկություններով օժտված դասավանդողներ։ Ուսումնա-ստեղծագործական գործընթացում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ։ Ստորաբաժանման ակտիվ գործընթացի արդյունքում կազմակերպվել են ցուցադրություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (Ֆրանսիա, Ռուսաստան, Բելգիա, ԱՄՆ, Ուկրաինա, Անգլիա, Ավստրիա, Գերմանիա և այլն)։
Արվեստանոցները գործում են Բայրոն և Սարյան փողոցներում, ինչպես նաև Գարեգին Նժդեհ հրապարակում գտնվող ԳԱԿ-ի ստուդիայում։
Թատրոններ
խմբագրելԳակ-ի կազմի մեջ ներգրավված են «Փոքր թատրոնը» (Աբովյան 13) և «Մետրո» թատրոն-ստուդիան (Գարեգին Նժդեհի հրապարակ)։
Փոքր թատրոն
խմբագրելԳԱԿ-ի Փոքր թատրոն-ը Հայաստանի ամենաերիտասարդ և նորարարական թատերախմբերից մեկն է։ Թատրոնը հիմնադրվել է որպես դրամատիկական ստուդիա Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ՝ Վահան Բադալյանի կողմից մոտ 20 տարի առաջ։ Թատրոնի առաքելությունն է՝ ստեղծել հնարավորություն անկախ, ստեղծագործական աշխատանքի համար և ծառայել որպես տարբեր կրթական ծրագրեր իրականացնող հարթակ թատերական արվեստի ուսումնասիրությամբ հետաքրքրվող երիտասարդների համար։ Հիմնադրման օրվանից ԳԱԿ-ի Փոքր թատրոն-ի արվեստագետները հավատարիմ մնացին այնպիսի եզակի ներկայացումների ստեղծմանը, որոնք փառաբանում են մարդկային երևակայության ուժը և թատերական արվեստի ազդեցությունը կյանքի վրա։ Թատրոնը առժանացել է «Արտավազդ» ազգային թատերական մրցանակի` «Խելագարի հիշատակարանը» (2007 թ.), «Օֆելյայի ստվերների թատրոնը» (2008 թ.) և «Ne me quitte pas/ Մի լքիր ինձ» (2015 թ.) ներկայացումների համար։ ԳԱԿ-ի Փոքր թատրոն-ը մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային կատարողական արվեստի փառատոնների և արժանացել բազմաթիվ մրցանակների։ Ներկայացումները ցուցադրվել են հետևյալ երկրներում՝ Երևան/Հայաստան, Ռուդոլստատ/Գերմանիա, Մոսկվա/Ռուսաստան, Սիբիու/Ռումինիա, Ֆլորենցիա / Իտալիա, Ֆելդկիրչ/Ավստրիա, Պարմա/Իտալիա, Կամպիլիա Մարիտիմա/Իտալիա, Լինգեն/Գերմանիա, Լյուբլյանա /Սլովենիա, Բանոնե/Իտալիա, Բոստոն/ԱՄՆ, Սալեռնո/Իտալիա, Պիզա/Իտալիա, Միլան/Իտալիա, Ալմաթի/Ղազախստան, Պապա/Հունգարիա, Վենետիկ/Իտալիա, Թուլուզ/Ֆրանսիա, Գլազգո/Մեծ Բրիտանիա։ Թատրոնի խաղացանկում են հետևյալ ներկայացումները՝ «Օդիլ», «Օֆելյայի Ստվերների Թատրոնը», «Խելագարի հիշատակարանը», «Պիերո», «SHAKEspeare», «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը»։ Թատրոնում ստեղծվել է Հայաստանում առաջին ներառական պարային խումբը, որտեղ ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող արվեստագետներ։ Նախագիծը ականավոր Candoco Dance Company-ի հետ համատեղ աշխատանքի հետևանք է։ Բեմադրվել է 2 ներկայացում՝ Ne Me Quitte Pas /Մի լքիր ինձ և Կարոտահար/Hiraeth: Բեմադրությունը իրականացվել է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում։
2006 թվականից սկսած ԳԱԿ-ի Փոքր թատրոն-ը հաջողությամբ համագործակցում է մի շարք արտասահմանյան թատերական ընկերությունների և հաստատությունների հետ` կազմակերպելով համատեղ վարպետության դասեր։ Այս գործընկերների հետ համատեղ թատրոնը նաև արտերկրի ուսանողների համար ստեղծում է պրակտիկա անցնելու հնարավորություն և բեմադրում համատեղ ներկայացումներ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Ամենահաջողված համագործակցություններից մեկն է 2008 թ-ին Իտալիայի մշակութային «Versiliadanza» ասոցիացիայի (գեղարվեստական ղեկավար `Անժելա Թորրիանի Եվանգելիստա) հետ, որի արդյունքում ստեղծվեցին երկու ներկայացումներ՝ «7-րդ զգայարան» (2009 թ.) և SDD-Shakespeare Dead Dreams (2015 թ.) Թատրոնում նաև գործում է Փոքր թատրոն-ստուդիան, որտեղ 5-17 տարեկան երեխաները ստանում են նախնական թատերական կրթություն։ Երեխաներից շատերը հետագայում ընդգրկվում են թատրոնի տարբեր ներկայացումերում։ Դասերի ընթացքում երեխաներն ուսումնասիրում են դերասանական հմտություն, բեմական խոսք, բեմական շարժում և դասական պարեր։
-
Տեսարան «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը» ներկայացումից
-
Տեսարան «Պիերո» ներկայացումից
-
Տեսարան «Մի լքիրռ ինձ» ներկայացումից
-
Տեսարան «Խելագարի հիշատակարանը» ներկայացումից
«Մետրո» թատրոն-ստուդիա
խմբագրելՀիմնադրվել է 1992 թվականին։ Թատրոնի բեմում հանդես են եկել թատերական աշխարհի հայտնի դեմքեր։ «Մետրո» թատրոնի խաղացանքում ընդգրկված են ուրախ, լի երաժշտությամբ, զգացմունքային կատարումներով ներկայացումներ և մեծերի, և մանուկների համար։ Ստուդիան հաճախակի մասնակցում է տարբեր թատերական փառատոնների, բեմականացված համերգների, հեռուստանախագծերի։ Թատրոնի պատմության ընթացքում բեմադրված ներկայացումներն են՝ Պանիլովի «Թոփազը», Քոչարյանի «Հյուրը», Կալինովսկու «Կենդանիները լուսնի վրա», Մոնյերի «Փարիզը վտանգավոր քաղաք է», Կոնստանտինովի «Դիոգենեսը», Սարտրի «Ժամանակն է հավաքել քարերը», ինչպես նաև «Շաշաստան» ըստ Թումանյանի հեքիաթների և այլն։
-
Տեսարան «Աշխարի վերջին օրը» ներկայացումից
-
Տեսարան «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացումից
-
Տեսարան «Անհաղթ աքլորը» ներկայացումից
-
Տեսարան «Արլեզ» ներկայացումից
Ֆիլհարմոնիա
խմբագրելՄանկական Ֆիլհարմոնիան հիմնադրվել է 1981 թ. Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ։ Նպատակն էր` զարգացնել մանուկների երաժշտական և պարային դաստիարակության գործը։ Ֆիլհարմոնիայի կոլեկտիվները համերգային ծրագրերով հանդես են եկել հանրապետության ողջ տարածքում, Խորհրդային Միության հանրապետություններում։ Նրանցից շատերը հայ ինքնատիպ արվեստը ներկայացրել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Դանիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում և այլն։
«Գորանի» համույթը գործում է 1981 թ.-ից։ Համույթի անփոփոխ գեղարվեստական ղեկավարն է հայտնի երաժիշտ-ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանը, իսկ պարուսույցն ու պարային մասի ղեկավարն է հայ պարարվեստի հանրապետության լավագույն մասնագետների գործի շարունակող, մանկավարժ Գագիկ Ավետիսյանը, ներկայումս պարային ստուդիայի տնօրեն։ Համույթը ներկայացնում է Հայոց պատմական շրջանների և գավառների ավանդական երգն ու պարը։ Խումբը համերգային գործունեությանը զուգահեռ մասնակցել է հանրապետական և միութենական փառատոների և ֆորումների՝ արժանացել բազում պատվոգրերի և մրցանակների, դափնեկրի կոչման։
Իր հերթին, պարարվեստի ստուդիայի դասավանդման հիմքում ընկած է ազգային պարը։ Այսօր ստուդիայում ավանդական պարի կողքին զարգանում են պարային նոր ձևեր, յուրացվում են թատերական արվեստի սկզբունքներ։ Ստուդիայի հիմքի վրա ստեղծվել է պարային թատրոն, որի միջոցով հնարավոր է արտահայտել հայ ժողովրդի ազգային մշակույթի առանձնահատկությունները։
2012 թ.-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ պատրաստվեց ծրագիր` «Գրականությունը և պարը» խորագրով։ Հիմք ընդունվեց Հենրիկ Իգիթյանի կողմից կազմված Հովհաննես Թումանյանի հեքիաթների` կենտրոնի երեխաների կողմից պատկերազարդված գիրքը։ Բեմադրվեց «Շունն ու կատուն», «Ուլիկը», «Անբան Հուռին», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը», իսկ «Չարի վերջը» հեքիաթը բեմադրվեց որպես մյուզիքլ, որտեղ սաների հետ միասին հանդես եկան նաև պարուսույցները։
Երաժշտական դպրոց
խմբագրելԱզգային Նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1982 թ.-ին Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ։ Այդ տարիներին դպրոցում ստեղծվել է «Տկզար» հնագույն նվագարանների անսամբլը։ Դպրոցում, որը իր բնույթով մինչ այսօր էլ հանրապետությունում միակն է, գործում են ազգային նվագարանների հետևյալ բաժիններ՝ դուդուկ, շվի, զուռնա, պկու, սրինգ, թառ, ուդ, քամանչա, քանոն, սանթուր, դհոլ, ժողովրդական երգ, ժողովրդական պար։ Դպրցը մասնակցում է բազմաթիվ հանրապետական մրցույթների՝ գրավելով լավագույն տեղեր։
-
Ազգային նվագարանների դպրոցի համերգը
-
Ազգային նվագարանների դպրոցի համերգը
-
Ազգային նվագարանների դպրոցի համերգը
-
Ազգային նվագարանների դպրոցի համերգը
Երաժշտական դպրոցի տնօրենն է՝ Նարինե Պրուտյանը։
Միջոցառումներ
խմբագրելԳԱԿ-ում կազմակերպվում են հատուկ կրթա-մշակութային ծրագրեր երեխաների և երիտասարդության համար, իրականացնում են թեմատիկ նախագծեր, որոնցից մի քանիսը կրում են ամենամյա բնույթ։ Շուրջ ութ տարի է ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի բաժնի հետ համատեղ իրակականցվում է ամենամյա Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն տարբեր խորագրերով։ Փառատոնի ավարտից հետո ամեն տարի լույս է տեսնում եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքների պատկերագիրքը։ Ավանդական է դարձել նաև Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ իրականացվող Սբ.Սարգսի տոնին նվիրված ամենամյա ցուցահանդեսը, որի արդյունքում նույնպես իրականացվում էր պատկերագրքի տպագրում։
Տպագրված գրքեր
խմբագրելԿենտրոնը հրատարակել է սաների կողմից պատկերազարդված հետևյալ գրքերը՝ «Կենաց ծառ», 1995 թ., «Ֆուձիյամայից Արարատ», 1997 թ., «Հայկական հեքիաթներ», 1999 թ., «Եղիցի լույս» (չորս լեզվով), 2001 թ., «Աստվածաշունչ», 2002 թ., «Սասունցի Դավիթ»՝ ըստ Հովհաննես Թումանյանի, 2004 թ., «Սասունցի Դավիթ»՝ ըստ Նաիրի Զարյանի, 2006 թ., «Հովհաննես Թումանյան, Հայկական հեքիաթներ» (անգլերեն, 2006 թ.),«Հեքիաթների կախարդական աշխարհը» (ռուսերեն, 2007 թ.)։
Նաև, տպագրվել են մի շարք պատկերագրքեր, ստեղծված միասնական նախագծերի հիման վրա, դրանք են՝ «Ճապոնիան հայ երեխաների աչքերով», 2011 թ., «Տիեզերք», 2012 թ., «Հենրիկ Իգիթյան, Մոլորակ ստեղծողը», 2012 թ., «Սիրո ուժն է անհաղթ», 2012-2016 թթ., «Քարթլիի թագուհի Շուշանիկը», 2015 թ., Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի պատկերագրքեր, 2011-2017 թթ., և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մանկական պատկերասրահի ստեղծման հրամանը. Հայաստանի ազգային արխիվ: Երքաղժողկրթբաժին. 1972 դեկտեմբերի 31. էջ 90.
- ↑ «Պատմական ակնարկ». nca.am. Վերցված է 2025-02-11-ին.