Հավալուսն
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Թռչուններ (Aves)
Ենթադաս Տիպիկ թռչուններ (Neognathae)
Վերնակարգ Aequornithes
Կարգ Հավալուսնանմաններ (Pelecaniformes)
Ընտանիք Հավալուսներ (Pelecanidae)
Ցեղ Հավալուսն (Pelecanus)
Linné, 1758

Հավալուսն կամ թոնձ (լատին․՝ Pelecanus), հավալուսների ընտանիքին պատկանող թռչուն։

Հավալուսն

Հայտնի է 7, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ գանգրափետուր հավալուսն և վարդագույն հավալուսն։ Հանդիպում են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդայից։ Որոշ տեսակներ նաև չվում են։

Արտաքին տեսք խմբագրել

Իր տեսակի մեջ ամենամեծն է, մարմնի երկարությունը 130-180 սմ է, քաշը՝ 7-14 կգ։ Թոնձի արտաքին տեսքին բնորոշ են անճոռնիոթյունը, խոշոր մարմինը, մեծ թևերը, կարճ ու հաստ ոտքերը, կարճ կլորացած պոչը։ Վիզը երկար է, կտուցը նույնպես՝ մինչև 47 սմ։ Կտուցի ներքևի մասում շատ ձիգ պարկ ունի, որն օգտագործում է ձուկ որսալու համար։ Հավալուսնի փետուրներն անփույթ են դասավորված, պինդ կցված չեն մարմնին։ Փետուրներն արագ խոնավանում են, այդ իսկ պատճառով նա շատ հաճախ է կտուցով սեղմում նրանց։ Գույնը վառ է՝ սպիտակ, բաց գորշագույն, հաճախ՝ վարդագույն երանգներով։ Ծայրամասային փետուրները սովորաբար մուգ են լինում։ Երեսի ազատ հատվածները ներկված են վառ գույներով, հատկապես զուգավորման սեզոնին։ Էգերն ավելի փոքր են ու մռայլ։ Իսկ երիտասարդ հավալուսներն ունենում են կեղտոտ-դարչնագույն կամ գորշ գույն։ Բնադրման ժամանակ թոնձերի ձայնը բութ բղավոցի է նման, սակայն մնացած ժամանակ նրանք այդքան էլ շատ ձայներ չեն հանում։

Կենցաղ և սննդակարգ խմբագրել

Թոնձերն ապրում են ծովերի ծանծաղուտներում, մաքուր և պղտոր լճերում, մեծ գետերի շրջակայքում։ Թռիչքի ժամանակ կտուցի ծանր լինելու պատճառով բռնում են վիզը S(լատ.) տառի նման, ինչպես տառեղներն ու մարաբուները։ Թեթև կմախքային կառուցվածքի և օդային պղպջակների շերտի պատճառով նրանք չեն կարողանում սուզվել ջրի տակ, դրա համար իրենց կերը հիմնականում ստանում են ջրի մակերեսից։ Միայն ամերիկյան տեսակներն են կարողանում մտնել ջրի տակ՝ վերևից արագ ընկնելով։ Սնվում են հիմնականում ձկներով, որոնց որսում են գլուխը ջրի տակ մտցնելով։ Բռնելով ձկանը, նա կտուցի միջոցով դատարկում է ջուրը կոկորդային պարկից (մինչև 5 լ) և կուլ տալիս որսը։ Օրական ուտում է 1 կգ և ավել ձուկ։

Երբեմն կոլեկտիվ որս են կազմակերպում. կազմելով կիսաշրջան, նրանք թափահարում են ջրի վրա իրենց թևերն ու կտուցները՝ ձկներին հեռացնելով դեպի ջրի մակերես ու այդ ձևով նրանց որսալով։ Հաճախ նրանց կոլեկտիվ որսին են միանում նաև ձկնկուլները, ճայերը և այլ թռչուններ։

Բնադրում ու բազմացում խմբագրել

Զույգերը կազմվում են միայն մեկ սեզոնի համար։ Բնադրում են գաղութներով, հարյուրավոր զույգերով, հաճախ ջրային թռչունների հետ միասին, անգամ ոչ բնադրման սեզոնին նրանք մնում են խմբերով։ Խոշոր տեսակներն իրենց բույնը կառուցում են հողի վրա (և) կամ եղեգներին՝ բարձր ճյուղերով դեզի և բուսական աղբի տեսք տալով նրան։ Իսկ փոքր տեսակներն աշխատում են բնադրել ծառերի վրա, հատկապես ջրամբարների մոտ։ Բույնի կառուցմամբ զբաղվում է էգը, արուն հիմնականում մատակարարում է անհրաժեշտ նյութերը։ Պատահում են դեպքեր, երբ հավալուսների մի քանի զույգեր միասին կառուցում են մեկ ընդհանուր բույն։

Դնում են 2-3 դեղնավուն կամ երկնագույն ձվեր։ Թխսի շրջանը տևում է 30-42 օր, էգը թխսում է ավելի կայուն ու շատ, քան արուն։ Ճուտիկները ձվից դուրս գալուց լինում են կույր և մերկ, փետուրներով պատվում են 8-10-րդ օրը, իսկ թռչելուն ընդունակ են լինում 70-75 օրական ժամանակ։ Մինչև հասուն դառնալը նրանց կերակրում են երկու ծնողներն էլ։ Փոքրիկ ու անպաշտպան հավալուսների մահացության աստիճանը շատ մեծ է, գիշատիչների, սովի և եղանակային պայմանների պատճառով շատ շատերը չեն կարողանում երկար ապրել։

Ճանաչման աստիճան խմբագրել

Այն տեսակները, որոնք բնադրում են ջրին մոտ՝ չորային գոտիներում, ենթարկվում են խիստ տատանումների (քանակական առումով), բազմացման գաղութները առաջանում և ոչնչանում են ժամանակ առ ժամանակ։ Գանգրափետուր և գորշ հավալուսները գրանցված են Կարմիր գրքում, ինչպես խոցելի տեսակներ(vulnerable)։ Քիչ են նաև ամերիկյան գորշ հավալուսնի 2-6 ենթատեսակները՝ կալիֆորնիականը և ատլանտիկյանը։

Տեսակների նվազման հիմնական պատճառը համարվում է Ամերիկայում 1950-60 թվականներին ուժեղ պեստիցիդների և միջատասպան միջոցների օգտագործումը(ԴԴՏ)։ Թունաքիմիկատների օգտագործումը կերի հետ խիստ նվազեցրին նրանց քանակը։ 1972 թվականին ԴԴՏ-ն (միջատասպան հզոր միջոց) ԱՄՆ-ում արգելվեց, և թռչունների քանակը սկսեց աստիճանաբար կարգավորվել։

Հավալուսները գերության մեջ ապրում են շատ լավ, կյանքի տևողությունը մինչև 20 և ավելի տարի է, սակայն բազմանում են, ինչպես և շատ գաղութային թռչուններ, դժվարությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։