Հաստածղրիդ լայնացած

միջատների տեսակ
Հաստածղրիդ լայնացած
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Հաստածղրիդներ
Տեսակ Հաստածղրիդ լայնացած
Լատիներեն անվանում
Bradyporus dilatatus


Հաստածղրիդ լայնացած (լատին․՝ Bradyporus dilatatus), հաստածղրիդների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Շատ խոշոր և ծանրաքաշ մարմնով ծղրիդ է, որի արուն ունի 55-65 մմ երկարություն, էգը՝ 41-70 մմ երկարություն, իսկ ձվադիրը՝ 11-13 մմ երկարություն։ Գունավորումը սև է՝ բրոնզագույն փայլով։ Առաջնամեջքի հետին մասը և փորիկի կողքերով ձգվող երկու երկայնակի զոլերը կանաչ են կամ կանաչագորշագույն։ Առաջնամեջքի եզրի տակ թաքնված վերնաթևերը խիստ թերզարգացած են[1]։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Փոքր Ասիայում, Հյուսիսարևմտյան Իրանում և Հայաստանում՝ Շիրակի (Արփի լճի հարակից տափաստաններ, Ամասիա քաղաքի շրջակայք), Կոտայքի (Հրազդան քաղաք, Ֆոնտան և Գառնի գյուղերի շրջակայք) և Գեղարքունիքի (Սեմյոնովկա գյուղի շրջակայք) մարզերում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում է ճիմածածկով լեռնատափաստաններում, ծովի մակարդակից 1500-2100 մ բարձրություններում[1]։

Հաստածղրիդները բուսակեր են և բազմակեր։ Հուլիս-օգոստոս ամիսներին հանդիպող հասուն առանձնյակները սողում են ցերեկը՝ բացի ամենաշոգ ժամերից[1]։

Պահպանություն

խմբագրել

Ընդհատված և ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես խոցելի տեսակ[1]։

Հյուսիսային Հայաստանում տեղ-տեղ բազմաքանակ է։ Կենտրոնական Հայաստանում հանդիպում է հազվադեպ և համարվում է նվազող թվաքանակով տեսակ[1]։

Սպառնացող վտանգներից են՝ խոպան հողերի հերկումը և անասունների գերարածեցումը[1]։

Տեսակը պահպանվում է «Արփի լիճ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.