Հապալասի մրտենական

բույսերի տեսակ
(Վերահղված է Հապալասենի մրտենականից)
Հապալասի մրտենական
Հապալասի մրտենական
Հապալասի մրտենական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հավամրգածաղկավորներ (Ericales)
Ընտանիք Հավամրգազգիներ (Ericaceae)
Ենթաընտանիք Հապալասենայիններ (Vaccinioideae)
Ցեղ Հապալասենի (Vaccinium)
Վերնատեսակ 'Myrtillus'
Տեսակ Հապալասի մրտենական (V. myrtillus)
Միջազգային անվանում
Vaccinium myrtillus

Հապալասի մրտենական (լատին․՝ Vaccinium myrtillus), հավամրգազգիների ընտանիքի, հապալասենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Կիսաթուփ է՝ 15-40 (երբեմն 50) սմ բարձրությամբ և 4 սուր անկյունանի, վառ կանաչ, մերկ ճյուղերով և հին ճյուղերի վրա բաց գորշավուն կեղևով։ Տերևները ձվաձև են կամ էլիպսաձև, 1-3 սմ երկարությամբ, 0,6-1,8 սմ լայնությամբ, սրածայր կամ բութ գագաթով, կլորավուն կամ սրտանման հիմքով, երկու կողմից էլ ցրված մազմզուկապատ, մանր սղոցաատամնաեզր, 1-1,5 մմ երկարության կոթուններով։ Ծաղիկները միայնակ են, դեպի ցած հակված, 2,5-3,5 մմ երկարությամբ ծաղկակոթուններով։

 
Հապալասենի

Բաժակը համարյա ամբողջական է, պսակը սափորագնդաձև է, 3-6 մմ երկարությամբ, վարդագույն։ Առէջների թելիկները մերկ են։ Պտուղը գնդաձև է կամ էլիպսաձև, երբեմն՝ լայն-ձվաձև, 6-8 մմ տրամագծով, սև, կապույտ խավով, քաղցր հատապտուղ է։ Յուրահատուկ բուրմունք ունի։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբերին։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Արևմտյան Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Մոնղոլիայում, Հյուսիսային Ամերիկայում, Սիբիրում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային շրջաններում, որտեղ աճում է մերձալպյան և ալպյան գոտիներում։

Կիրառություն խմբագրել

 
Պտուղները

Պտուղները չափազանց արժեքավոր են. օգտագործվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում։ Մեծ է նաև մրտենական հապալասու բուժիչ նշանակությունը։ Օգտագործում են ստամոքսային հիվանդությունների, բրոնխների կատարի, ռախիտի, շաքարախտի դեպքում։ Հատապտուղներում պարունակվում է 7 % շաքար, մինչև 1,2 % թթուներ, 1,4 % ազոտական նյութեր, պեկտին, խեժ, դաբաղանյութեր և ներկանյութեր։

Սերմերի մեջ մինչև 30 % ճարպ է պարունակվում, տերևներում միրտիլլին (որը ներգործում է ինսուլինի նման), 7°/0 դաբաղանյութեր։ Ունի մի շարք ձևեր, որոնք միմյանցից տարբերվում են պտուղների գույնով (սպիտակ, կարմիր, սև՝ առանց կապտավուն խավի), տերևների ձևով (մանր, կլոր, լայն-ձվաձև) և այլն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 276։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հապալասի մրտենական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հապալասի մրտենական» հոդվածին։