Հայ հին բանահյուսություն

Հայ հին բանահյուսություն, ընդգրկում է հայ ժողովրդի հավատալիքներն ու հնագույն պատմություն արտացոլող զրույցներ ու երգեր, որոնք մեր նախնիները կոչել են վիպասանք, առասպելներ, թվելյաց երգեր։ Դրանք պատմել և երգել են ժողովրդական երգիչ-գուսանները՝ վիպասանները՝ երաժշտական նվագարանների նվագակցությամբ։ Հատկապես նշանավոր են եղել պատմական Հայաստանի կամ Մեծ Հայքի Գողթն գավառի երգիչները, որոնց անվամբ էլ հայ հին հեթանոսական վիպերգերը կոչվել են նաև Գողթան երգեր։

Մովսես Խորենացու և հայ մյուս պատմիչների գրի առած առասպելների միջոցով բացահայտվում է հայկական դիցարանը։ Պատմահայրը գուսաններից գրի է առել Հայոց դիցարանի՝ ամպրոպի, պատերազմի և քաջության աստված Վահագնի ծնունդը պատկերող երգը, ինչպես նաև կիսաստված Տորք Անգեղի մասին առասպելը։

Հայկական առասպելների հարուստ գանձարանից մնացել են միայն որոշ փշուրներ։ Բայց դրանք հնարավորություն են տալիս վեր հանելու հայ ժողովրդի դիցաբանական մտածողութունն ու պատկերացումները, որոնց մեջ արտացոլվել են նրա վառ երևակայութունը, բնավորության հիմնական գծերը, ազատասիրական իղձերը և ձգտումը դեպի գեղեցիկը, լույսը, գիտութունը։

Հայ հին վիպերգերը՝առասպեալխառը պատմություններով ու երգերով, ներկայացնում են հայ ժողովրդին, նրա պետականության ծավալումը ևկազմավորումը, նրա հաղթական և ազատագրական պայքարը։ Այս առումով առանձնանում են «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» վիպերգերը։

Հին բանահյուսական ստեղծագործությունները ոգեշնչել են թե՛ միջնադարյան և թե՛նոր ժամանակների մեր բազմաթիվ բանաստեղծների, վիպասանների և թատերագիրների։ Դրանց ներշնչմամբ և թեմաներով հայրենաշունչ թատերագրութուններ, պոեմներ, բալլադներ ու բանաստեղծութուններ են գրել Արսեն Բագրատունին («Հայկ Դյուցազն»), Ղազարոս Աղայանը («Տորք Անգեղ»), Հովհաննես Հովհաննիսյանը («Վահագնի Ծնունդը»), Դանիել Վարուժանը («Հեթանոս երգեր»), Եղիշե Չարենցը («Վահագն»), Նաիրի Զարյանը («Արա Գեղեցիկ և Շամիրամ») և ուրիշները։