Հայկ Պերպերյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պերպերյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Պերպերյան (ապրիլի 17, 1887, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 3, 1978, Փարիզ, Ֆրանսիա), հայագետ, արևելագետ։
Հայկ Պերպերյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1887 Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1978 (91 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Մասնագիտություն | հայագետ և արևելագետ |
Կենսագրություն
խմբագրելՀայկ Պերպերյանը ծնվել է 1887 թվականի ապրիլի 17-ին Պոլսում (Օրթագյուղ), Սեբիաստիայից վերաբնակված և Ղալաթիայում տպարան հիմնած Նշան Պերպերյանի բազմանդամ ընտանիքում։ Թաղային դպրոցից հետո նա սովորել է Պոլսի նշանավոր Կեդրոնական ազգային վարժարանում, իրեն նախորդած Հրաչյա Աճառյանի պես այստեղ հմտանալով գրաբարին, հայոց պատմությանն ու ֆրանսերենին։ 1915 թվականին անցնում է Հունաստան, իսկ ապա՝ Եգիպտոս, աշխատելով նախ իբրև թարգմանիչ, ապա՝ Ազգային պատվիրակության քարտուղար։
Գիտական-մշակութային գործունեություն
խմբագրել1920-ական թվականներից հետո Հայկ Պերպերյանը զբաղվել է գիտական-մշակութային գործունեությամբ։ Նրա գիտական առաջին հոդվածները լույս են տեսել Ֆ. Մակլերի և Ա. Մայեի խմբագրած «Revue»-ում, «Ապագա» շաբաթաթերթում և այլ պարբերականներում։
1965 թվականին Վիեննայում լույս է տեսել նրա «Նյութեր Կ. Պոլսո հայոց պատմության համար» գիրքը, որը միտում է ուրվագծել պոլսահայության պատմությունը քաղաքի գրավումից սկսած՝ ճշտելով հոգևոր կենտրոնների դերն ու երևելի գործիչների ժամանակագրությունը։
Հայկ Պերպերյանը ձեռնարկել և ավարտել է Վարդանի «Աշխարհացոյցի» գիտական հրատարակությունը՝ «համեմատությամբ 24 ձեռագրի և տպագրի» (Փարիզ, 1960)։
Բնագրագիտական աշխատանքի օրինակ է Հայկ Պերպերյանի «Հայկականք» հոդվածաշարը («Հանդես ամսօրյա» 1958, 1960, 1968 թթ.), ուր բացահայտված ու մեկնաբանված են մասնավորապես Կորյունի երկի բնագրական մի շարք խաթարված ու մութ արտահայտություններ։
1968 թվականին Պերպերյանը գրել է «Նիկեփոր Փոկասի ապստամբությունը և Դավիթ Արծրունի», «Հայոց կաթողիկոսական աթոռին բարձումը 11-րդ դարուն երկրորդ կեսին» աշխատությունները, որում անդրադարձել է հայ-բյուզանդական խնդիրներին։
Հայկ Պերպերյանը միաժամանակ թուրքագիտական պատրաստություն ունեցող հայագետ էր. բանագիտության մեջ եզակի է նրա «Արշակ Բ և Քեօրօղլու» հետազոտությունը։ Նա օսմանյան վավերագրություններում հայերին վերագրվող տեղեկություններ է որոնել և գրել «Օսմանյան քանի մը վավերագիր Իսթանպուլի հայոց եկեղեցիներեն ոմանց մասին» աշխատանքը։ Հայագիտական-թուրքագիտական պատրաստության դրսևորումներից է «Հայ-թուրքական գրականություն» աշխատությունը, ուր ընդարձակ տեղեկություններ են տրվել թուրքալեզու հայ գրականության և հայատառ թուրքերեն երկերի ու մամուլի մասին։
Պերպերյանը զբաղվել է նաև թարգմանությամբ։ Նրա թարգմանությամբ են տպագրվել David Megie-ի, P. Charanis-ի և ուրիշների գործերը։ Հայ գիտնականների տասնյակ աշխատություններ էլ թարգմանել է ֆրանսերեն։
Աղբյուրներ
խմբագրել- Մուրադյան, Պ.Մ. (1979 թ․ մարտի 19). «Հայկ Պերպերյան, պատմաբանասիրական հանդես». hpj.asj-oa.am. էջեր 297–298. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.