Հայկ Ղուկասյան (մանկավարժ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Ղուկասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Իվանի Ղուկասյան (1912, Շիկահող, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Հայկ Ղուկասյան | |
---|---|
Ծնվել է | 1912 |
Ծննդավայր | Շիկահող, Հայաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՀայկ Ղուկասյանը ծնվել է 1912 թվականին, Ղափանի շրջանի Շիկահող գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ 1930 թվականին ավարտել է 7-ամյա դպրոցը, ուսուցչական աշխատանքի է անցել Ղրղլու գյուղում, միաժամանակ ակտիվորեն մասնակցել է չափահաս բնակչության անգրագիտության վերացման գործին։ 1939 թվականին Ղուկասյանն ավարտել է Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի ռուսական եռամյա բաժինը և շարունակել ուսուցչական գործունեությունը Շիկահողի դպրոցում։ Դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն[1]։
1941 թվականին Ղուկասյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ։ 1942 թվականի մարտ ամսին ծառայել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի 400-րդ գնդում։ Ապրիլին գործուղվել է Բաքվի հետևակային ուսումնարան։ Հինգ ամիս սովորելուց հետո 165-րդ առանձին բրիգադի կազմում մեկնել է ռազմաճակատ, մարտերին մասնակցել Տուապսե քաղաքից հյուսիս-արևելք։ 1942 թվականին Ինդյուկ բարձունքի համար մղված մարտում ծանր վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ 1942 թվականի դեկտեմբերին Ղուկասյանը նորից է մեկնում ռազմաճակատ, այս անգամ՝ 431-րդ կապի գումարտակի կազմում։ 1943 թվականի փետրվարի 9-ին նրանց ստորաբաժանումը դեսանտ է իջեցրել Մալայա զեմլյայում։ 69 օր մասնակցել է լեգենդար պլացդարմի ահեղ կռիվներին։ 1943 թվականի ապրիլին մեկնել է սովորելու Թբիլիսիի հրետանային ուսումնարանում, որն ավարտելուց հետո, 1944 թվականի օգոստոսին, կրտսեր լեյտենանտի կոչումով մեկնել է ռազմաճակատ։ 4-րդ Ուկրաինական ռազմաճակատի 805-րդ հաուբիցային գնդի մարտկոցի հրամանատար Ղուկասյանը մասնակցել է Լեհաստանի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ 1945 թվականի ապրիլի 27-ից մինչև մայիսի 4-ը Մորավսկա Օստրովայի, Ֆրիդեկ-Միստեկի շրջաններում տեղի ունեցած հարձակողական մարտերի ընթացքում ոչնչացրել է գնդացրային 2 կետ, հակառակորդի 2 դիտակետ, ջախջախել է հակառակորդի տանկերի հակագրոհը, ճնշել է նրա հրետանային մարտկոցի կրակը։ Ցուցաբերած արիության համար Ղուկասյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մի շարք մեդալներով[1]։
1965 թվականին Ղուկասյանն արժանացել է Չեխոսլովակիայի Ֆրիդեկ-Միստեկ, իսկ 1974 թվականին՝ Լեհաստանի Ստրումեն քաղաքների պատվավոր քաղաքացու կոչմանը, պարգևատրվել մեդալներով[1]։
Ղուկասյանը բանակից զորացրվել է 1946 թվականին և անցել մանկավարժական աշխատանքի։ Ղափանի շրջանում եղել է դպրոցի ուսմասվար, տնօրեն։ Չնայած անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է մանկավարժական աշխատանքը։ Ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել քաղաքի № 2 միջնակարգ դպրոցում[1]։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- Չեխոսլովակիայի Ֆրիդեկ-Միստեկ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում (1965)
- Լեհաստանի Ստրումեն քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում (1974)