Հայկական հնչուն կինո, հայկական արտադրության հնչուն ֆիլմեր։ 1935 թվականին նկարահանվել է հայկական առաջին հնչուն ֆիլմը՝ «Պեպոն» (ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան), որն ամփոփել է համր կինոյի նվաճումները և արժանացել միջազգային ճանաչման։ Ֆիլմն իր պարզությամբ, փայլուն դերակատարումներով, պատկերաշարի գունեղությամբ իրավամբ դարձել է ժողովրդական։

Պեպոյի արձանը Երևանում (քանդակագործ՝ Գրիգոր Ահարոնյան)

Ձևավորման և կայացման շրջանը խմբագրել

Հայկական կինոյի ազգային դպրոցի ձևավորման և կայացման շրջանը 1920-1930-ական թվականներն են։ 1930-ական թվականների վերջերին կինոյում նկատվել է ճգնաժամ, որը պայմանավորված էր տիրող վարչակարգի գաղափարախոսությամբ. գեղարվեստական ստեղծագործությունը արհեստականորեն պարփակել են որոշակի սխեմաների և կաղապարների մեջ։ Այդ տարիներին առավել կարևորվել է պատմահայրենասիրական թեման։ Ուշագրավ է «Զանգեզուր» (1938, ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան) ֆիլմը, որն աչքի է ընկնում ժողովրդական գունեղ կերպարներով։ Արտաշես Հայ-Արտյանի «Կարո» ֆիլմը (1937) Հայաստանում քաղաքացիական կռիվների մասին է։ Պատմահեղափոխական թեմայով ֆիլմեր են նկարահանել Գուրգեն Մարինոսյանը («Սևանի ձկնորսները», 1938) և Ստեփան Կևորկովը («Լեռնային արշավ», 1939)։ Այդ ֆիլմերում նկատելի են մոտիվների ևիրավիճակների նմանությունն ու կաղապարայնությունը, որոնք առավել ցայտունորեն են արտացոլվել ժամանակակից թեմայով կինոնկարներում («Լեռնային հեղեղ», ռեժիսոր՝ Պ. Բարխուդարյան, «Մեր կոլխոզի մարդիկ», ռեժիսոր՝ Արտաշես Հայ-Արտյան, երկուսն էլ՝ 1939

Հայրենական մեծ պատերազմի տարիներին խմբագրել

Հայրենական մեծ պատերազմը (1941-1945) նոր խնդիրներ է առաջադրել հայ կինեմատոգրաֆիստներին. բազմաթիվ կինոօպերատորներ մեկնել են ռազմաճակատ, երկրի կինոստուդիաների մեծ մասը թողարկել է պատերազմի մասին կարճամետրաժ ֆիլմեր։ Այդ շրջանի գեղարվեստական կինոնկարներն ստեղծվել են առավելապես հայրենասիրական թեմայով՝ «Գվարդիականի կինը» (1942, ռեժիսոր՝ Պատվական Բարխուդարյան), «Դուստրը» (1943, ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան) և այլն։ 1944 թվականին Հ. Բեկնազարյանը նկարահանել է «Դավիթ Բեկ» ֆիլմը, որը նվիրված է 18-րդ դարի 1-ին կեսի հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։ Դավիթ Բեկի կերպարը Հրաչյա Ներսիսյանի անձնավորմամբ խորհրդային կինոյում համալրել է «Ալեքսանդր Նևսկի» (1938), «Բոգդան Խմելնիցկի», «Սուվորով» (երկուսն էլ՝ 1941) կինոնկարների պատմական հերոսների շարքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։