Հայերը Դաղստանի տարածքում բնակություն են հաստատել կամ կապեր են ունեցել դեռևս վաղնջական ժամանակներից։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի վերջից Դաղստանի ներկայիս տարածքի հարավային մասը մտել է Աղվանքի մեջ։ Զաքարիա Հռետորի (6-րդ դար) վկայությամբ՝ 4-5-րդ դարերում Դաղստանում կքրիստոնեական քարոզչական գործունեություն են ծավալել հայ հոգևորականները։

5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը լուսավորական իր առաքելությամբ հասել է Չող (Դերբենդ), տեղացիների համար ստեղծել գիր (զարգար ցեղի լեզվի հիման վրա), Մազքթաց Արսվադեն Արշակունի թագավորի ու Երեմիա եպիսկոպոսի օժանդակությամբ հիմնել դպրոցներ։

Հայաստանի ու Դաղստանի միջև գոյություն են ունեցել նաև տնտեսական սերտ կապեր։ Պատմական աղբյուրների վկայությունից բացի, այդ են հաստատում նաև Հայաստանում ու Դաղստանում գտնված ոսկերչական ու պղնձագործական բազմաթիվ առարկաներ, որոնք կրում են երկու երկրների ժողովրդական արհեստների փոխազդեցության դրոշմը։ 16-17-րդ դարերում հայ վաճառականները (մասնավորապես ջուղայեցիները) Դերբենդ-Ղզլար ուղիով առևտրական սերտ կապեր են հաստատել Դաղստանի ժողովուրդների հետ։ Դաղստանի շուկաներում նրանք վաճառել են գորգեր, գործվածքներ, մետաքս, զենքեր, ոսկերչական իրեր, զարդեր ևն։ 17-րդ դարի հոլանդացի ուղեգիր Յ. Ստրեյսը վկայում է, որ Դաղստանում հաստատված հայ վաճառականները մեծ շահույթ են ստացել մետաքսի առևտրից, կապեր հաստատել Հոլանդիայի հետ, որտեղից ներմուծել են անագ, սնդիկ, քաթան և այլ ապրանքներ։ Հայերն զբաղվել են նաև արհեստագործությամբ, երկրագործությամբ, անասնապահությամբ, ձիաբուծությամբ։ Տեղի վերնախավի ներկայացուցիչները շատ հաճախ իրենց զավակների կրթությունն ու դաստիարակությունը վստահել են հայերին, արտոնություններ շնորհել և հովանավորել նրանց։ Հայերի թիվը ստվարացել է 18-րդ դարում։ Նրանք հոծ համայնքներով ապրել են Դերբենդում, Ղզլարում։ Միայն 18-րդ դարի վերջին 3,5 հազար հայ Դաղստան է գաղթել Բաքվի, Ղուբայի, Ղարաբաղի խանություններից։ Հետագայում նրանց զգալի մասը գաղթել է Նոր Նախիջևան և Սև ծովի առափնյա շրջաններ։

Դաղստանի խորհրդային ժամանակաշրջանի պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթի զարգացմանը նպաստել է հայազգի կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը. գրել է «Դաղստանյան սյուիտ»՝ լեզգիների ժողովրդական մեղեդիների թեմաներով՝ նվագախմբի համար (1954), երգեր և այլ գործեր, որոնցում յուրօրինակ արտացոլել է Դաղստանի ժողովուրդների կյանքն ու կենցաղը, երաժշտական ավանդույթները, կազմել դաղստանյան ժողովրդական երգերի ու պարերի մշակումների ժողովածու (1958)։

1956-ին բացվել է Դարգինյան ստուդիա։ 1961-ին ստուդիայի շրջանավարտները դարգին ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ հիմնադրել են Դարգինյան թատրոնը Իզբերբաշում։ Այդ ստուդիան են ավարտել ռեժիսոր Ն. Ալիևը, դերասաններ Ռ. Ալխասովան, Մ. Օմարովը, Ի. Մագոմեդովան, Հ. Նովրուզովը։ Ստուդիան ղեկավարել են նաև Ա. Հովսեփյանը (արժանացել է Դաղստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման), Ս. Քոչարյանը, Ռ. Ջրբաշյանը։

Հայաստանն օգնել է վերացնելու 1970-ին Դաղսաանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, վերականգնելու Բույնակսկ քաղաքը[1]։

Հայերը Դերբենդում

խմբագրել

Դերբենդում հայերը հիշատակվում են 11-րդ դարից։ Միջնադարյան Դերբենդում եղել է հայկական համայնք, որը համալրվել է Արևելյան Անդրկովկասից հայ բնակչության ներհոսքի հետևանքով։ Որոշ արաբական աղբյուրներում Դերբենդը անվանվում է «Հայկական քաղաք»։ Սակայն 18-րդ դարի սկզբին Պետրոս IԿասպիական արշավանքի և 18-րդ դարի վերջին գեներալ Զուբովի արշավանքից հետո Դերբենդի և մերձակա գյուղերի հայերը նահանջող ռուսական զորքերի հետ հեռացել են՝ չցանկանալով մնալ Սեֆյանների լծի տակ։

19-րդ դարի սկզբին (Դաղստանը Ռուսաստանին միանալուց հետո) Դերբենդում սկսել է վերականգնվել հայկական համայնքը։ Բացի նախկին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, 1870-ին կառուցվել է Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։ 19-րդ դարի 2-րդ կեսին բացվել են հայկական ծխական և Մարիամյան իգական դպրոցները։ 1913-ին Դերբենդում ապրում էր մոտ 3 հազար հայ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի սփյուռքի հանրագիտարան, Ե., 2003, էջ 465-466։