Հայելի (թերթ, Ալեքսանդրապոլ)

(Վերահղված է Հայելի (երգիծաթերթ)ից)

Հայելի (երգիծաթերթ), Ալեքսանդրապոլի առաջին երգիծական, ֆելիետոնային թերթը, որի խմբագիրն էր Ալեքսանդրապոլի ու Երևանի մի շարք դպրոցների վաստակաշատ ուսուցիչ, հրապարակախոս Մակար Տեր-Սարգսյանցը՝ Փառնակես ծածկանունով (1855-1912)։

Պատմություն խմբագրել

1873-1874 թվականներին, ապա 1881 թվականին Ալեքսանդրապոլում շաբաթաթերթ հրատարակելու նախադեպեր են եղել։ Առաջինը հոգևոր-հասարակական գործիչ Հովսեփ Կոստանյանցն է նախաձեռնել այդ գործը։ Սակայն բազմաթիվ պատճառներով Ալեքսանդրապոլում թերթ հրատարակելու փորձերը չէին հաջողում։ Ալեսանդրապոլի երիտասարդ ուսուցիչ, թատերագիր, հրապարակախոս Մակար Տեր-Սարգսյանցը «Մեղու Հայաստանի» պարբերականում սկսում է հրատարակել «Հայելի» ֆելիետոնային երգիծաթերթը։ Նա հանդես էր գալիս Փառնակես կեղծանունով(Փառնակեսը Միհրդատ VI Պոնտացու (Ք.ա. 121/0-63) որդին էր)։

  Երկար մտածելուց յետոյ որոշեցի այնպիսի բան ի լոյս ընծայել, որ Ռուսաստանի հայ մամուլի պատմութեան մէջ մինչ այսօրս դեռ գոյութիւն չ’ունենար։ Փափագիս հասայ, որոշեցի զաւեշտական մի ամսագիր հրատարակել «Հայելի» անունով, բայց որովհետև գրպանիս դարտակութիւնը չէր թոյլ տալիս մէկէն ի մէկ ծախքի տակ ընկնել, ուստի և յարմար դատեցի ուրիշ միջոցի դիմել.-խնդրեցի և թոյլտուութիւն ստացայ «Մեղուի» պ. Խմբագրից՝ իմ ամսագիրս «Մեղուի» մէջ հրատարակել, որի՝ համար էլ ի հարկէ իշխանութիւնից իրաւունք ստանալու կարիք չը մնայ․․․
- Փառնակես, Երգիծաթերթը նախաձեռնելու մասին[1]
 

1883-1902 թվականներին լույս է տեսել «Հայելի» երգիծաթերթի 39 համար ու 4 հավելված։ 1883-1886 թվականներին երգիծաթերթը հրատարակվել է «Մեղու Հայաստանիի», իսկ 1887-1902 թվականներին՝ «Նոր-Դար» թերթի ֆելիետոն բաժնում։ 1883-1887 թվականներին թերթի նյութերը գրվել են Գյումրիում, իսկ 1892-1902 թվականներին՝ Երևանում։ Երգիծաթերթը հրատարակվել է 13 տարի։

 

Զավեշտական հրատարակութիւն
Լոյս է տեսնում ամիսը մի անգամ։
Յայտարարութիւնները տպւում են ձրի։
Ստորագրուիլ ուզողները թող դիմեն Թիֆլիս` «Մեղուի» խմբագրութիւնը։
Խմբագրութիւնը միշտ փակ է։
Լուրջ թղթակցութիւններ չեն ընդունվում։
Ծնւում է Գիւմրիում, մկրտվում Թիֆլիսում[2]։

- Հայելի երգիծաթերթի բնաբանը
 

Գործունեություն խմբագրել

«Հայելի»-ին պարբերաբար քննադատել է «Էվելինայի» հեղինակ Գրիգոր Արծրունուն, «բազարնայա» «Մշակ»-ին և նրա աշխատակիցներին։ Ուշադրության կենտրոնում եղել են նաև մրցակից պարբերականները («Մանկավարժանոց», «Պսակ», «Առողջապահական թերթ», «Երևանի հայտարարություններ», «Մասիս», «Մուրճ», «Արևելք», «Աղբյուր-Տարազ», «Արձագանք», «Հայրենիք», «Արարատ», «Բյուզանդիոն», «Գործ»)[3]։ «Հայելի»-ի 1893-1894 թվականների համարներում ներկայացրել է «Անպատիժ հայհոյանքի բառարան»՝ «Մշակի» «Նոր-Դար»-ին ուղղված 295 «հայհոյանքներով»։ Դրանցից են՝ հանդուգն մեծամիտ, հետադեմների օրգան, կրկնակի սև նպատակ, հանճարեղ հոսհոս, փտած լոդգկա, մարդկային մտքի դահիճ խավարամիտներ, հռչակավոր բթամիտ, աղվեսական խորամանկություններ, խավարի ծնունդներ և այլն[4]։

«Հայելի»-ն անդրադարձել է նաև հայ մշակույթի երախտավորներին՝ Գաբրիել Սունդուկյանին, Ղազարոս Աղայանին, Գևորգ Չմշկյանին, Պերճ Պռոշյանին, Հակոբ Պարոնյանին, Ռափայել Պատկանյանին, Միքայել Նալբանդյանին, Խաչատուր Աբովյանին և այլոց։ Փառնակեսը երգիծաթերթում ներկայացրել է նաև իր ստեղծագործությունները, կիսվել է իր խոհերով, իր հետ պատահած ուրախ ու տհաճ իրադարձություններով։

«Հայելի» երգիծաթերթում չեն եղել ծաղրանկարներ։ Թղթակիցներ էին Վրձինը և Մատիտը, որոնք ստեղծել են ուշագրավ պատկերներ։ Վրձնի «Խելքաչափություն» պատկերի հիմքում Կ.Պոլսի ազգային գործիչների դատարկաբանություններն էին[5]։ Փառնակեսը գործածել է նաև լատինատառ հայերենը՝ տրանսլիտը։ Մի շարք ֆելիետոններ գրել է Պոլսի, Սալմաստի, Արցախի, թիֆլիսահայ բարբառներով։

 

Կանայք անճաշակ են, արհեստական խալեր են կրում, տարածված է
«մարդաթողությունը»,
խանութները և առևտրականները չափից դուրս շատ են,
200-ի չափ կատաղած շներ են ստերիլիզացվել,
արևածաղկի սերմեր շատ են օգտագործում,
բազմաթիվ բացօթյա արտաքնոցներ կան, որոնց վերացման ուղղությամբ
քաղաքային ինքնավարության պաշտոնյաները չեն աշխատում,
տարածված է ստախոսությունը, բամբասանքը, հարբեցողությունը, հայհոյանքը,
դատարկապորտությունը, խաբարբզանությունը,
Երևանից քիշմիշ խաղող և կարմիր տաքդեղ են բերում Ալեքսանդրապոլ,
այստեղից «նարինջի փռչլուկ»` գազար տանում,
մտավորականությունը թատերական ներկայացումների տոմսակներ չի գնում․․․

- Փառնակես, Ալեքսանդրապոլի խնդիրների մասին[6]
 

Գրականություն խմբագրել

Գ․ Այվազյան,«Հայելին»՝ Ալեքսանդրապոլի առաջին երգիծաթերթ, ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ, Գիտական աշխատանքներ, 2019։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայելի, 1883, հ․1։
  2. Հայելի, 1883,№1
  3. Գ․ Այվազյան, Հայելին՝ Ալեքսանդրապոլի առաջին երգիծաթերթ, ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ, Գիտական աշխատանքներ, 2019, էջ 132։
  4. Գ․ Այվազյան, նշվ․ աշխ․, էջ 133։
  5. Հայելի, 1883, հ․5։
  6. Գ․ Այվազյան, նշվ․ աշխ․, էջ 134-135։