Հայդնի թութակ (գերմ.՝ Haydns Papagei), աֆրիկյան մոխրագույն թութակ, որը ավստրիացի կոմպոզիտոր Յոզեֆ Հայդնը Վիեննա էր բերել Լոնդոնից։ Վիեննայի Վինդմյուլե արվարձանում գտնվող իր տանը նա թութակին պահել է թիթեղյա վանդակում։

Հայդնի թութակ
Տեսակառանձնյակ
ՏերՅոզեֆ Հայդն

Պատմություն խմբագրել

Հայդնը և նրա ծառա Յոզեֆ Էլսլերը վարժեցրել են հնազանդ թռչունին։ Նրա մասին ժամանակակից բազմաթիվ զվարճալի պատմություններ կան, որոնք վկայում են այն մասին, որ թութակը կարողացել է տարբեր բառեր արտասանել մի քանի լեզուներով և սուլել այն մեղեդիները, որոնք Հայդնը կատարել է դաշնամուրով։ Հայդնի տան խնջույքների ժամանակ, երբ առաջարկվել է կայսր Ֆրանց II-ի կենացը, նա սուլել է Gott erhalte Franz den Kaiser («Աստված պահապան կայսր Ֆրանցին») մեղեդին, որը Հայդնը ստեղծել էր 1797 թվականին[1]։

Էկզոտիկ թռչունը Վիեննայի հասարակության մեծ ուշադրությունն է գրավել լեզուների տաղանդի շնորհիվ։ Մոխրագույն թութակը հայտնի էր նրանով, որ կարողանում էր բարձրաձայն կանչել. «Արի, Հայդն պապա, գեղեցիկ Պապերլի մոտ» և «Պապա Հայդն»[2][3][4]։

Յոզեֆ Հայդնը ջանք չի խնայել թռչունի առողջությունը վերականգնելու համար, երբ մի անգամ նա ծանր հիվանդացել է։ Հայդնը տիրոլյան թռչավաճառ Հասբերգերին հրավիրել է Վիեննա՝ թռչունին առողջացնելու համար[5]։

Յոզեֆ Հայդնի մահից հետո, 1809 թվականի մայիսին, էկզոտիկ թռչունը դարձել է այն կալվածքի մի մասը, որը նշված էր, այսպես կոչված, գույքային տրակտատում։ Ի վերջո, թութակն աճուրդի է հանվել և վաճառվել ահռելի գնով՝ 1415 գուլդենով, որն այսօր մոտավորապես համարժեք է 32500 եվրոյի։ Գնորդը եղել է արքայազն Էստերհազիի փեսան՝ Յոհան ցու Լիխտենշտայնը։ Մոխրագույն թութակն ավելի բարձր գին ուներ, քան Հայդնը ժամանակին վճարել էր իր ամբողջ տան համար։

Հայդնի թութակի խրտվիլակն այժմ ցուցադրվում է Վիեննայի Երաժշտության տան Հայդնի սրահում։

Այլ կոմպոզիտորների թռչուններ խմբագրել

Տարաշխարհիկ և արժեքավոր թռչունները գնահատված են եղել երաժիշտների շրջանում։ Հայտնի է, որ Ժան Ֆիլիպ Ռամոյի Կակոտ թութակը կարողացել է կռկռալ դրվագներ նրա «Կաստոր և Պոլուքս» օպերայի Tristes apprêts արիայից[6]։ Ասում են, որ Ջուզեպպե Վերդին ունեցել է կանաչ թութակ, որը կարող էր սուլել նրա «Ռիգոլետտո» օպերայի La donna è mobile արիայի մեղեդին։ Ռիխարդ Վագները ևս ունեցել է մի թութակ, որը կարողացել է արտասանել «Ռիխարդ» և «ազատություն» բառերը, ինչպես նաև սուլել մի կարճ հատված «Ռիենցի» օպերայից[7]։

Արվեստում խմբագրել

2009 թվականին՝ Հայդնյան տարում, Վիլֆրիդ Պլոդերերը ստեղծել է Daddybird քանդակը, որը հիշեցնում է Հայդնի թութակին, և այն նվիրել է Հայդնյան տարվա հովանավորներին, վարկատուներին և վաստակաշատ աշխատակիցներին[8]։

Բանաստեղծուհի Սյուզան Ստեֆանը էկզոտիկ թռչունի մասին պատմել է 2015 թվականին և նրան ընտրել որպես իր պոեզիայի երրորդ հատորի վերնագիր[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Der Sattlermeister von der Wieden. Neidl, Wien 1870, S. 88. 
  2. Mischke Joachim (2009-05-30)։ «Musik-Genie der Klassik: Haydn, Haydn über alles»։ www.abendblatt.de (de-DE)։ Վերցված է 2023-08-14 
  3. «Als Joseph Haydns Papagei das Kaiserlied krächzte...»։ vienna.at։ 2009-04-06։ Վերցված է 2023-08-14 
  4. C. Albert Ludwig: Joseph Haydn: Ein Lebensbild nach authentischen Quellen. Adolf Büchting, Nordhausen 1867, S. 114. 
  5. Papageien. In: Leonhard Bauer (Hrsg.): Altwiener Blatt. Band 1, Nr. 7. Wien 1874, S. 12. 
  6. Der Sattlermeister von der Wieden. Neidl, Wien 1870, S. 85 f. 
  7. Rainer Schmitz, Benno Ure: Tasten, Töne und Tumulte: Alles, was Sie über Musik nicht wissen. Siedler, München 2016, ISBN 978-3-8275-0083-0, S. 720. 
  8. «„Daddybirds“ als Dankeschön - oesterreich.ORF.at» (գերմաներեն) 
  9. «Dämmerung mit Grieg und Haydns Papagei» (գերմաներեն)