Հայաստանի ազգային ռադիոյի կամերային երգչախումբ

Հայաստանի ազգային ռադիոյի կամերային երգչախումբ, կամերային երգչախումբ, ստեղծվել է 1929 թվականին։

Նկարագրություն խմբագրել

Հայաստանի ազգային ռադիոյի կամերային երգչախումբը ստեղծվել է 1929 թվականին։ Տարիներ ի վեր երգչախումբը ղեկավարել են Մարտին Մազմանյանը, Թաթուլ Ալթունյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Կարո Զաքարյանը։

Որոշակի դադարից հետո երգչախումբը վերակազմավորվել է 1979 թվականին։ 1979-1984 թթ. երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է եղել կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, խմբավարը՝ Հարություն Թոփիկյանը։

1984-2002 թթ. երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է եղել Տիգրան Հեքեքյանը։

Համերգներ և փառատոներ խմբագրել

Երգչախումբը մասնակցել է բազում խոշոր միջազգային փառատոների, բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հունգարիայում, Էստոնիայում, Ուզբեկստանում (1980-1983), Բալթյան երկրներում, Ռուսաստանում, Լեհաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Վրաստանում, Իսրայելում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում (1980-1993)։ Երգչախումբը պարբերաբար հանդես է եկել բարեգործական համերգներով Հայաստանում և արտերկրում։ 1988-1993 թթ. բոլոր համերգները կայացել են ի նպաստ Լեռնային Ղարաբաղի։ 1990 թվականին Լիտվայում կայացած համերգաշարից գոյացած հասույթը փոխանցվել է Լիտվայի մանկական ֆոնդին։ 1991 թվականին Հայաստանի ռադիոյի երգչախմբի կատարմամբ Հոլանդիայում թողարկվեց ձայնասկավառակ, որի վաճառքից գոյացած 100.000 ԱՄՆ դոլարը նվիրաբերվեց 1988 թվականի երկրաշարժից տուժածների օգնության ֆոնդին։

Մրցանակներ խմբագրել

Երգչախումբն ու նրա մենակատարները հաղթող են ճանաչվել խոշոր միջազգային մրցույթներում ՝

  • 1991 թ.` 2 ոսկե, 1 արծաթե մեդալներ (Ռուդեպուրտ, ՀԱՀ)
  • 1991 թ.` երրորդ մրցանակ (Արհնեմ, Հոլանդիա)
  • 1992 թ.՝ գլխավոր մրցանակ և ոսկե մեդալ (Տակարացկա, Ճապոնիա)

Երգացանկ և ձայնագրություններ խմբագրել

Երգչախումբը ունեցել է հարուստ երգացանկ, որում ընդգրկված են եղել հայկական ժողովրդական երգերի մշակումներ, հայ, արևմտաեվրոպական և ամերիկյան հոգևոր, դասական, ժամանակակից, ջազային երաժշտություն։ Այդ երգացանկով թողարկվել է 4 ձայնապնակ Մոսկվայում և Հոլանդիայում, 4 խտասալիկ Միացյալ Նահանգներում, Հոլանդիայում, Ֆրանսիայում ու Մոսկվայում։ Երգչախմբի կատարումներով հարյուրավոր ստեղծագործություններ համալրել են ռադիոյի ոսկե ֆոնդը։

Անդամակցություն խմբագրել

Երգչախումբը 1991 թվականից Եվրոպական երգչախմբերի միջազգային ֆեդերացիայի (EUROPA CANTAT) անդամ է։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։