Հայագիտակ, հրատարակչություն։ Հիմնադրվել է 1991 թվականին Երևանում։ Հայագիտական բարեգործական ընկերության հրատարակություն։ Նախագահ՝ Ալբերտ Իսոյան, տնօրեն՝ Վահագն Իսոյան (2006 թվականից)։ Հրատարակում է հայագիտական աշխատություններ, տեղեկատուներ, պատկերագրքեր, հուշանվերային քարե կազմով գրքեր։

Հայագիտակ
Հիմնադրվել է1991
ՀիմնադիրԱլբերտ Իսոյան
Հրատարակման վայրԵրևան

Պատմություն խմբագրել

Լույս է ընծայել «Հայերն աշխարհում» (1995 թվական) տեղեկատու բառարանը, «Ամենայն հայոց կաթողիկոսներ» (2001 թվական) պատկերագիրքը, Նիկողայոս Ադոնցի «Հայկական հարց» (1996 թվական) և «Հայաստանի ոսկեհանք» (2006 թվական) հոդվածների ժողովածուները, Ֆեոդոր Դոստոևսկու «Արևելյան հարց» (2007 թվական) օրագրությունը, ռուսերեն վերահրատարակել է Յ. Շիլթբերգերի 1886 թվականին տպագրված «Ճանապարհորդություն Մյունխենից Եվրոպա, Ասիա, Աֆրիկա 1394–1427» երկը (2012 թվական), Սերգեյ Գլինկայի և Վ. Աբազայի ուսումնասիրությունները, որոնք մատենագիտության հազվագյուտ նմուշներ են։ 2009-2012 թվականներին նմանահանությամբ լույս է ընծայել Ղևոնդ Ալիշանի «Սիսական», «Շիրակ», «Այրարատ», «Սիսուան» աշխատությունները և Սայաթ-Նովայի խաղերի՝ Գևորգ Ախվերդյանի (1852 թվական) հրատարակած ժողովածուն։ «Հայագիտակ»-ի նախաձեռնությամբ ստեղծվել է «Գիր» մատենաշարը. լույս է ընծայել «Գանձարան հայ հին բանաստեղծության» (2000 թվական) ժողովածուն, Հովհաննես Թումանյանի (2001 թվական), Ավետիք Իսահակյանի (2001 թվական), Վահան Տերյանի (2005 թվական), Ակսել Բակունցի (2009 թվական) ընտրանիները, Հրանտ Մաթևոսյանի «Սպիտակ թղթի առջև» (2004 թվական), Եղիշե Չարենցի «Վերջին խոսք...» (2007 թվական) ժողովածուները։ 1997 թվականից հրատարակում է հուշանվերային գրքերի մատենաշար։ 2011 թվականին Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ հրատարակել է բանաստեղծությունների (վանակատե, փայտե և այլ կազմերով, զանազան դրվագումներով), նաև «Վահան Տերյան։ Տերյանագիտություն և մատենագիտություն», 2012 թվականին՝ «Դյուցազնագիրք, 1991–2011 թվականներ» ժողովածուները։ Ուշագրավ է «Սև գիրք։ Նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին» (հայերեն՝ 2011, ռուսերենից լրացված հրատարակություն՝ 2012 թվական, կազմող՝ Ա. Իսոյան), «Երկիր դրախտավայր. օտարերկրացիները Հայաստանի և հայերի մասին...» (2014 թվական, կազմող՝ Ա. Իսոյան, ընդգրկում է 300 հեղինակ) ժողովածուները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։