Համբարձում Ղանդիլյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղանդիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համբարձում Աղասիի Ղանդիլյան (հունիսի 3, 1927, Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 3, 1993, Երևան, Հայաստան), խորհրդային տնտեսական, պետական և քաղաքական գործիչ։ ՀԽՍՀ երկաթուղու ղեկավար (1972-1992)։ ԽՄԿԿ անդամ։
Համբարձում Ղանդիլյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Վրաստանի տեխնիկական համալսարան և Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | ինժեներ |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունիսի 3, 1927 |
Ծննդավայր | Արմավիր, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | մայիսի 3, 1993 (65 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1927 թվականին, Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում, Արևմտյան Հայաստանից գաղթած բանվորի ընտանիքում։ Երկաթուղու աշխատանքների կազմակերպման բնագավառում հայտնի է դարձել նախկին Խորհրդային Միության տարածքներում՝ նախ Դոնեցկում, ապա Աստրախանում, ակտիվորեն մասնակցել է նաև Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին[1]։ 1946 թվականից ներգրավված է եղել տնտեսական, հասարակական և քաղաքական աշխատանքներում։ 1946-1993 թվականներին եղել է կայարանապետ, Ուկրաինական ԽՍՀ Դոնեցկի մարզի երկաթուղային բաժանմունքի պետ, Վոլգայի, Հարավ-Արևելյան և Աստրախանի երկաթուղիների կայարանների պետ, Անդրկովկասյան երկաթուղու Երևանի մասնաճյուղի ղեկավար։
Ղանդիլյանը Հայաստան է տեղափոխվել 1972 թվականին (Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հրավերով), նշանակվել է Անդրկովկասյան երկաթուղու Երևանի մասնաճյուղի ղեկավար, որը գտնվել է փակուղում։ Ղանդիլյանը շատ բան է արել պատմության այդ դժվարին և շրջադարձային փուլում Հայաստանի երկաթուղիները պահպանելու համար։ Հենց նրա օրոք է երկաթուղային ցանցն ամբողջությամբ էլեկտրաֆիկացվել և ավտոմատացվել, կառուցվել են նոր կայարաններ և երկաթուղագծեր՝ Իջևան-Հրազդան՝ 8 կիլոմետրանոց Մեղրաձոր թունելով և Մասիս-Նուռնուս՝ Հրազդան գետի կիրճով եզակի երկհարկանի կամուրջով։
Ղանդիլյանը շուտով ոտքի է կանգնեցրել Հայաստանի երկաթուղին, նրա դրած հիմքերի, կարգուկանոնի և պատասխանատվության շնորհիվ երկաթգիծը շարունակել է աշխատել 90-ականներին, հաճախակի կազմակերպվող դիվերսիաների պայմաններում, երբ երկաթուղու վնասված հատվածները շուտափույթ վերականգնվել են, նա անձամբ է վերահսկել այդ աշխատանքները, շուրջօրյա հերթապահություն է սահմանվել կայարաններում։ Ծանր շրջափակման պայմաններում, երբ վագոնները մնացել են կես ճանապարհին, նա նույնիսկ կարողացել է բանակցել ադրբեջանցիների հետ և վագոնները հասցնել Հայաստան։ Այդ վագոններով տեղափոխվող ապրանքները՝ հացահատիկը, ալյուրը, մազութը և այլն կենսական նշանակություն ունեին Հայաստանի համար։
1975, 1980, 1985, 1990 թվականներին Ղանդիլյանն ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 9-12-րդ գումարումների պատգամավոր։
1993 թվականին դարձել է պատվիրված սպանության զոհ[2]։
Սպիտակի երկրաշարժ
խմբագրելԱնգնահատելի է Ղանդիլյանի ներդրումը Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման գործում, 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո կատարվել է «տիտանական» աշխատանք, Ղանդիլյանի ջանքերով և նրա մշտական հսկողության ներքո երկաթուղին կարճ ժամանակում արագ վերականգնվել և աշխատել է լարված ռեժիմով՝ ապահովելով աղետի գոտու համար տարբեր հանրապետություններից Հայաստան ուղարկված բեռների տեղափոխումը և բեռնաթափումը։
Հիշատակ
խմբագրել- 2008 թվականին Համբարձում Ղանդիլյանի անունով է կոչվել է ER2-988 էլեկտրագնացքը։ Ի սկզբանե գնացքը նախատեսված է եղել Երևան-Արմավիր արագընթաց երթուղով երթևեկելու համար, սակայն չվացուցակի զուգակցման կրճատման պատճառով էլեկտրագնացքը հանվել է շարժակազմից։
- 2021 թվականի ապրիլի 9-ին Գյումրու լոկոմոտիվային դեպոյում տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության «Համբարձում Ղանդիլյան» անվանական էլեկտրաքարշի շահագործման հանձնման հանդիսավոր արարողությունը[3]։
- Գյումրիի կայարանամերձ նախկին Սևյան փողոցը 2000 թվականին վերանվանվել է Համբարձում Ղանդիլյանի անունով[4]։
- Գյումրիում կայարանամերձ հրապարակի կենտրոնում գտնվող պուրակում 2002 թվականին կանգնեցվել է Ղանդիլյանի կիսանդրին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Համբարձում Ղանդիլյան․ Հիշատակի խոսք
- ↑ Համբարձում Ղանդիլյանի սպանությունը, 430 վագոն գողացված վառելանյութը և «Կայարան օպերացիան»
- ↑ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում գործարկվել է հայկական երկաթուղու երկարամյա ղեկավար Համբարձում Ղանդիլյանի անվան էլեկտրաքարշը
- ↑ Daily, A. Z. G. «ԷԼԵԿՏՐԱՔԱՐՇԸ ԿԿՈՉՎԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՂԱՆԴԻԼՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ». AZG Daily. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.