Գյումրու երկաթուղային հանգույց

Գյումրու երկաթուղային հանգույց, Հայաստանի երկաթուղային տրանսպորտի հնագույն և ամենախոշոր կենտրոնը։ Հիմնադրվել է 1897 թվականին։ Առաջին գնացքը Թիֆլիսից Ալեքսանդրապոլ (Գյումրի) է ժամանել 1899 թվականի փետրվարի 7-ին։ Հետագայում (մինչև 1902) երկաթուղին հասել է Կարս, Երևան, իսկ մի փոքր ավելի ուշ՝ Ջուղա, ապա՝ Թավրիզ։ Երկաթուղային հանգույց. ունի լոկոմոտիվային և վագոնային դեպոներ, կայարան, գծի ուղեմաս, մատակարարման և կապի տեղամասեր, կապիտալ շինարարության ու նորոգման ծառայություններ, ուր կատարվում է շոգեքարշերի ու էլեկտրաքարշերի միջին, ընթացիկ նորոգում, ապրանքատար վագոնների հիմնական և ընթացիկ նորոգում և տեխնիկական հատուկ սպասարկում։

Գյումրու երկաթուղային կայարան

Գյումրու երկաթուղային հանգույց ունեցել է հեղափոխական հերոսական ավանդույթներ։ Այստեղ են ստեղծվել Հայաստանում սոցիալ-դեմոկրատական առաջին խմբակները. 1905-1907 թթ.-ի ռուսական առաջին հեղափոխության տարիներին տեղի են ունեցել բանվորական գործադուլներ։ Այստեղ է 1920 թվականի մայիսի 10-ին սկսվել Մայիսյան ապստամբությունը Հայաստանում։ Գյումրու երկաթուղային հանգույցի կոլեկտիվները գործուն մասնակցություն են ցուցաբերել 1920 - 1940-ական թթ. երկրի քայքայված տնտեսության վերականգնման, հարևան շրջաններում կոոպերատիվ շարժման, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավերված երկաթգծերի վերականգնման աշխատանքներին։ Ետպատերազմյան տարիներին Գյումրու երկաթուղայինները շուրջ հարյուր անգամ հաղթող են ճանաչվել համամիութենական, հանրապետական և անդրկովկասյան երկաթուղայինների սոցիալիստական մրցություններում։ Գյումրու երկաթուղային հանգույցի ավելի քան չորս հազար բանվոր ծառայողներ պարգևատրվել են ԽՍՀՄ շքանշաններով և մեդալներով, իսկ Ա. Խաչատրյանը, Ս. Միքայելյանը և Ս. Գևորգյանը արժանացել են սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման։ Տասնյակ երկաթուղայիններ ընտրվել են ԽՍՀՄ և ՀԽՍՀ Գերագույն սովետների դեպուտատներ, ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների պատգամավորներ։

2013 թվականի դրությամբ Գյումրիից գնացքներ կան դեպի Երևան և Բաթում քաղաքներ։

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 553