Բացել գլխավոր ցանկը
«Տիրոջ մուտքը Երուսաղեմ», մանրանկար Հաղպատի Ավետարանից, նկարիչ՝ Մարգարե

Հաղպատի Ավետարան, հայկական մանրանկարչության հուշարձան, ձեռագիր մագաղաթե Ավետարան։ Ընդօրինակել են երկու գրիչներ Հաղպատում։ Առաջինը, որի անունը հայտնի չէ, գրել է 2-10-րդ պրակները, երկրորդը՝ Հակոբ գրիչը՝ 11-ից մինչև վերջ, ինչպես և ձեռագիրը զարդարել կիսախորաններով, զարդագրերով և լուսանցազարդերով, որոնք չի գունավորել։ Ձեռագիրը տարվել է Անի, որտեղ գրիչ և նկարիչ Մարգարեն գունազարդել է այն, փոխել երկու կիսախորանները, սկզբից ավելացրել տասը նկարազարդ խորան, գրել համաբարբառը, ապա նկարել տերունական պատկերներ, որոնցից պահպանվել են երկուսը։ Այնուհետև ձեռագիրը տարվել է Հոռոմոսի վանք, որի առաջնորդ Աբրահամը կազմել է և հանձնել պատվիրատու Սահակ կրոնավորին, որը 1211 թվականին նվիրել է Արջո Առիճի եկեղեցուն։ 1223 թվականին Անիի գավառում այն գնել է արցախցի Սարգիսը և նվիրել Խաչենի եպիսկոպոսարանին։ 1920-ական թթ. Գ. Հովսեփյանը Արցախի Գետաշեն գյուղի եկեղեցուց Հաղպատի Ավետարանը բերել է Էջմիածնի վանքի մատենադարան։ Այժմ այն գտնվում է Երևանի Մատենադարանում (ձեռագիր դ 6288)։ Ձեռագիրը հանրահայտ է Մարգարեի բարձրարվեստ ու անչափ ինքնատիպ նկարներով, որտեղ պատկերվել են կենցաղային տեսարաններ, ժամանակի աշխարհիկ կյանքը, պատմական դեմքեր ևն։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png