Բացել գլխավոր ցանկը

Շատիվանք, Շատիկ անապատ, Ներքին Նորավանք, Հայաստանի Վայոց ձորի մարզի Շատին գյուղից մոտ 4 կմ արևելք, Եղեգիսի ձախ ափին բարձրացող լեռան լանջին, գագաթից քիչ ցածր: Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ 929 թվականին հիմնադրել է Սյունյաց Տեր Հակոբ եպիսկոպոսը՝

Շատիվանք
18 Շատիվանք Emma YSU.jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Տեղագրությունգյուղ Շատին, Վայոց ձորի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կոորդինատներ: 39°50′30.220000099997″ հս․ լ. 45°19′31.470000100008″ ավ. ե. / 39.84172777780555208° հս․. լ. 45.32540833336111064° ավ. ե. / 39.84172777780555208; 45.32540833336111064
shativank
Aquote1.png ...Սմբատ իշխանի, նրա կին Սոփիայի ու եղբայր Սահակի աջակցությամբ: Այնտեղ կանգնեցնում է եկեղեցի՝ տաշած վեմերով, զարդարում զանազան երանգներով գեղեցիկ նկարներով: Aquote2.png


ՊատմությունԽմբագրել

Ըստ պատմիչի՝ վանքը եղել է «խստակրոն, մեծահռչակ մշտնջենավորանոց»: Շատինում պահպանվել են 10–14-րդ դարերում բազմաթիվ խաչքարեր, վիմագիր արձանագրություններ և դրանց բեկորներ: 14-րդ դարից հետո վանքը անկում է ապրել. հավանաբար ավերվել է, որովհետև 17-րդ դարի կեսին նույն տեղում փաստորեն նոր վանք են կառուցել:

Ներկայիս եկեղեցին՝ երկու զույգ T-աձև մույթերով, կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներով, երկթեք տանիքով եռանավ բազիլիկը, կառուցվել է սրբատաշ բազալտ քարերով 1655 թվականին և կոչվել Ս. Սիոն: Մեկենասը նախկին վաճառական Հակոբ Ջուղայեցին է, ում անունով մարմարե խաչքար է ագուցված Ս. Սիոն եկեղեցու արևմտյան դռան վերևում: Նա, թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է Շատին վանքի միաբան՝ իր միջոցները ի նպաստ դնելով կրոնական կենտրոնի ընդարձակման և բարգավաճման գործին: 17-րդ դարի 2-րդ կեսին վանքի միաբանությունը որոշել է այն վերահաստատել որպես անապատ: Բայց չունենալով համապատասխան կանոնադրություն, ըստ 17-րդ դարի պատմիչ Զաքարիա Սարկավագի, դիմել է Հովհաննավանքի եպիսկոպոս Հովհաննեսի օգնությանը, որը մինչ այդ յոթ տարի անցկացրել էր Լիմ անապատում և քաջ ծանոթ էր անապատական կյանքի առանձնահատկություններին: Վերափոխումից հետո Շատին վանքը կոչվել է Շատիկ անապատ և հետագայում հիշատակվում է այս երկու անուններով:

Վանքի մոտավորապես ուղղանկյուն հատակագծով, հարավից երեք կիսաշրջանաձև բուրգերով ուժեղացված պարիսպները, դրանց կից բնակելի սենյակները, սեղանատունը (այժմ՝ քանդված) կառուցել է Մովսես վարդապետը 1655–1668 թվականներին, իսկ պարիսպներից դուրս գտնվող գոմը և ախոռը՝ Անտոն վարդապետը՝ 1749 թվականին։

Շատին վանքը եղել է ուշ միջնադարի Սյունիքի կրոնական և մշակութային խոշոր կենտրոններից, ունեցել 90 միաբան: Նրա տնտեսական հզորության վկայությունն են արտադրական (ձիթհան, ջրաղաց) ու մեծաքանակ օժանդակ շինությունները, ջրանցքը և կամուրջը: Վանքի բարգավաճմանը նպաստել են նրա հարմար աշխարհագրական դիրքը (Նախիջևանը և Սյունիքը Սևանի ավազանին կապող ճանապարհի վրա տեղադրված լինելը) և սերտ կապերը Ջուղայի ու Գողթն գավառի հետ: Շատին վանքը եղել է նաև նշանավոր գրչության կենտրոն, և այդ գործում մեծ ավանդ ունի Հակոբ Ջուղայեցին, որի գրչին է պատկանում ձեռագրերի մի մասը: Շատին վանքի մշակութային և տնտեսական ծաղկման գործում Հակոբ Ջուղայեցու ունեցած մեծ վաստակի աննախադեպ գնահատականն է դեռ կենդանության օրոք՝ 1661 թվականին նրա պատվին կանգնեցված խաչքարը[1]:

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986:
  • Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 1–3, Վաղ-պատ, 1870:
  • Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893: Դիվան հայ վիմագրության, պր. 3, Ե., 1967:
  • Հասրաթյան Մ., Սյունիքի XVII–XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան։ Երևան: Հայկական հանրագիտարան հրատ.։ 2002։ էջ 819