Հակմանի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Хакмана), ի սկզբանե բնակելի, իսկ ավելի ուշ՝ վարչական շենք Վիբորգում, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին ճարտարապետ Ֆրեդրիկ Տեսլևի նախագծով։ Նեոռենեսանս ոճով կառուցված քառահարկ շենքը տեղակայված է Վիբորգի կենտրոնում` Հյուսիսային Պատվար և Ջրային ուղեկալի փողոցների անկյունում ու ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Վիբորգի քաղաքային վարչության նախագահ ծագումով Բրեմենից գերմանացու ընտանիքից հարուստ ձեռնարկատեր Վիլհելմ Հակմանը լայնորեն հայտնի էր ոչ միայն իր առևտրային և արդյունաբերական գործունեությամբ, այլև բարեգործությամբ։ Անկյունային տեղամասում եկամտային տան կառուցման համար նա ներգրավեց իր կնոջ ազգականին` ճարտարապետ Ֆրեդրիկ Տեսլևին (Տեսլեֆ), ով 1897 թվականին մշակեց շենքի նախագիծը։ 1898 թվականին կառուցված քառահարկ շենքը կարևոր տեղ գրավեց քաղաքի միջնադարյան թաղամասերի ծովափնյա ճակատում։ Ուշադրություն էր գրավում բազմանկյուն կարկառամասը, որը տեսանելի էր հեռվից երրորդ և չորրորդ հարկերի մակարդակում և ավարտվում էր յուրահատուկ գմբեթով։ Այլ տարրերի շարքում, ճակատային զարդարանքը ճարտարապետը վերցրել էր շվեդ-գերմանական վերածննդի դարաշրջանի վարպետներից` Հյուսիսային Պատվարի փողոցի կողմից տանիքի վրա բարձրացող երկու եռանկյուն ճակտոնապատ, ծեփածո բուսական զարդեր և սյուներ վերևի երկու հարկերի մակարդակում։ Բակին նայող պատերը հարթ սվաղված էին և զուրկ զարդերից։ Ստորին հարկերը կառուցելու համար օգտագործվել էր կոպտատաշ քար։ Առափնյա կողմից շքամուտքը զարդարված է սյուններով։

Բոլոր սենյակները նախատեսված էին բնակության համար։ Շինարարությունն ավարտելուց մի քանի տարի անց քանդվեց Հակմանների հին տունը հարևան թաղամասում և նրա տեղում կառուցվեց տպավորիչ «Գրանիտե պալատը»։ Բայց նույնիսկ նրա բնակեցումից հետո եկամտային տան բնակարաններից մեկը մնաց Հակմաններին։ Հակմանների քաղաքային դաստակերտում ներառված էին նաև բակային շինությունները` ախոռները և 18-րդ դարում կառուցված մեկ հարկանի տունը, որում Վիլհելմ Հակմանի նախաձեռնությամբ ընթերցասրահ էր բացվել։

Խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) արդյունքում Հակմանները հեռացան Վիբորգից, բայց նրանց հիմնադրած «Հակման» ռուսական ընկերությունը շարունակեց գործել Ֆինլանդիայում։ Պատերազմի ժամանակ ստացած համեմատաբար աննշան վնասվածքները վերականգնելուց և վերացնելուց հետո Հակմանների նախկին եկամտային տանը տեղակայվեց 30-րդ գվարդիական հրաձգային կորպուսի շտաբը։ Չնայած ճակատային զարդարանքի որոշ տարրերի կորստին, շենքն ընդհանուր առմամբ գտնվում էր բավարար վիճակում, պահպանվել էին ներքին հարդարանքի որոշ տարրեր, ներառյալ բուխարիները։

1998 թվականին մասնաշենքի կազմացրումից և տարածքը ազատելուց հետո շենքը սկսեց քայքայվել։ 2004 թվականին ճակատին տեղադրվեց հուշատախտակ հետևյալ մակագրությամբ.

  1945-1998 թվականներին այս շենքում տեղակայված էր 30-րդ գվարդիական համաբանակայն կարմիր դրոշի շքանշանակիր Լենինգրադյան կորպուսի շտաբը։ Ստեղծվելով 1943 թվականի ապրիլի 30-ին՝ որպես հարձակողական կորպուս, այն իրեն դրսևորել է չխամրող փառքով Լենինգրադի շրջափակումը վերացնելու, Վիբորգի հարձակողական օպերացիայում և Բալթյան պետությունների ազատագրման ժամանակ մղված մարտերում։  

2014 թվականին, երբ կորպուսի շտաբի նախկին շենքը հանձնվեց քաղաքային իշխանություններին, տանը հրդեհ բռնկվեց, որը ոչնչացրեց տանիքը, գմբեթի բազմանկյուն կարկառամասը, ներքին հարդարանքը և ճակատային մասի մի շարք դեկորատիվ տարրեր։ 2020 թվականին նախնական որոշում կայացվեց շենքում դպրոց տեղակայելու համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7
  • Мысько А.С. Прогулки по балтийским крышам. Выборг. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2016. — 120 с. — ISBN 978-5-91882-033-9

Արտաքին հղումներ խմբագրել