ՀԽՍՀ խորհուրդների համագումար

Խորհուրդների համագումար, ՀԽՍՀ պետական իշխանության բարձրագույն մարմինը 1922-1937 թվականներին։ Կազմավորվել է գավառային խորհուրդների ներկայացուցիչներից՝ 5 հազար բնակչից մեկ պատգամավոր հաշվով։ Դրա կազմի մեջ էին մտնում բանվորների, գյուղացիների, կարմիրգվարդիականների ներկայացուցիչները՝ անկախ սեռից ու ազգային պատկանելությունից։ Համագումարը տնօրինում էր հանրապետության սահմանադրության հաստատման, փոփոխման և լրացման, տնտեսական և մշակութային շինարարության ղեկավարման, պետական գործունեության մյուս կարևորագույն հարցերը։ Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում ՀԽՍՀ պետական իշխանության բարձրագույն մարմինը համագումարի ընտրած հանրապետության Կենտրոնական գործադիր կոմիտեն էր։ Համագումարի և Կենտգործկոմի տնօրինությանը վերապահված չէր միայն ԽՍՀՄ իրավասությանը ենթակա հարցերի քննարկումը (ԽՍՀՄ կազմավորումից հետո)։ Մինչև 1937 թվականը գումարվել է ՀԽՍՀ սովետների 9 համագումար․

ՀԽՍՀ սովետների IX արտակարգ համագումարն ընդունեց ՀԽՍՀ նոր սահմանադրությունը, որով ՀԽՍՀ պետական իշխանության բարձրագույն մարմին հռչակեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 13