Բացել գլխավոր ցանկը
Deklaracia SSSR.jpg

ԽՍՀՄ–ի կազմավորումը սկսվեց Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, երբ առաջ եկավ ՌԽԴՍՀ–ի և խորհրդային այլ հանրապետությունների միջև հարաբերությունների հստակեցման և պետական կարգի որոշման խնդիրը։

ՌԽԴՍՀ–ի և խորհրդային հանրապետությունների միջև 1920–1922 թվականներին կնքվեցին արտաքին քաղաքականության, պաշտպանության և տնտեսական գործունեության բնագավառում համագործակցական պայմանագրեր։ Խորհրդային հանրապետություններն անկախ էին, բայց ձևականորեն և այդ պայմանագրերը չէին ենթադրում նրանց իշխանության բարձրագույն մարմինների ենթակայությունը ՌԽԴՍՀ–ի կառավարությանը։ Խորհրդային Ռուսաս­տանի ղեկավարության կարծիքով՝ Ռուսական կայսրության կազմում գտնվելու ընթացքում այդ պետությունների ժողովուրդների միջև ձևավորվել էին պատմական, տնտեսական և մշակութային հարաբերություններ, և այդ ամենը տրամաբանական էր դարձնում նրանց միավորումը։

Առաջ քաշվող ծրագրերըԽմբագրել

Խորհրդային հանրապետությունների միավորումը պետք է իրագործվեր «վերևից»։ Իոսիֆ Ստալինն առաջ քաշեց «ինքնավարացման ծրագիրը»։ Դրանով առաջարկում էր ինքնավար հանրապետությունների կարգավիճակով խորհրդային հանրապետություններն ընդգրկել ՌԽԴՍՀ–ի կազմի մեջ։ Վլադիմիր Լենինը դեմ էր այս ծրագրին, նա առաջ քաշեց Եվրոպայի և Ասիայի խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միություն ստեղծելու գաղափարը։ Վերջինիս համոզմամբ՝ դաշնային միավորումն ընդամենը միասնական պետության հասնելու անցումային փուլ էր։ Ի վերջո Կենտկոմն ընդունեց դաշնային կառույց ունեցող պետության լենինյան տեսակետը։ Շատ կարևոր էր անդրկովկասյան երեք հանրապետությունների խնդիրը։ Լենինը պնդում էր, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբե­ջանը ապագա Միության կազմի մեջ մտնեն Անդրկովկասյան դաշնության ձևով։ Անդրկովկասյան դաշնության ղեկավար մարմիններում ապահովելով Մոսկվային հավատարիմ կադրերի նշանակումը՝ խորհրդային կառավարությունը կարող էր ապահովել իր համար ընդունելի որոշումների կայացումը։ Մոսկվայի հետևողական ճնշման արդյունքում 1922 թվականի մարտի 12–ին երեք անդրկովկասյան հանրապետությունները կնքեցին դաշնային միության պայմանագիր։ Արդյունքում ի հայտ եկավ Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Դաշնային Միությունը (ԱԽՍՀԴՄ)։ Նոր էր ձևավորվել ԱԽՍՀԴՄ–ն, երբ Մոսկվան արտահայտեց իր դժգոհությունը։ Պարզվեց, որ պահանջվում էր ստեղծել ոչ թե հանրապետությունների դաշնային միություն, այլ միասնական դաշնային հանրապետություն։ 1922 թվականի դեկտեմբերի 13–ին հռչակվեց Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽԴՍՀ) և ընդունվեց վերջինիս սահմանադրությունը։ Իսկ արդեն դեկտեմբերի 30–ին ստեղծվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ), որի կազմի մեջ մտան ՌԽԴՍՀ–ն, Ուկրաինական ԽՍՀ–ն, Բելառուսական ԽՍՀ–ն և Անդրկովկասի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունը (ԱԽԴՍՀ)։

ԽՍՀՄ ստեղծումըԽմբագրել

1924 թվականի հունվարի 31–ին ընդունվեց ԽՍՀՄ առաջին սահմանադրությունը, բարձրագույն մարմին հռչակվեց ԽՍՀՄ Խորհուրդների համագումարը։ Բոլոր միութենական հանրապետությունները պահպանում էին անկախության ձևական դրսևորումները ներքին ինքնակառավարման գործերում։ Իշխանության դաշնային մարմինների լիազորությունների շրջանակների մեջ մտնում էին միայն չորս բնագավառներ՝ արտաքին քաղաքականությունը, զինված ուժերը, կապի և հաղորդակցության միջոցները։ ԽՍՀՄ–ում սոցիալիզմի կառուցման անհրաժեշտ նախապայմաններ համարվեցին արդյունաբերացումը, կոլեկտիվացումը և «մշակութային հեղափոխությունը»։ 1928 թվականին ԽՍՀՄ–ը մուտք գործեց զարգացման նոր փուլ։ Երկրում սկսվեց արդյունաբերացման գործընթացը։ 1929 թվականին սկսվեց կոլեկտիվ տնտեսությունների համատարած ստեղծումը, որը զուգակցվում էր մասնավոր տնտեսությունների վերացմամբ։ Կոլեկտիվացումն իրագործվում էր հակաիրավական մեթոդներով։

 
ԽՍՀՄ զինանշան

Արագացված մեթոդներով իրագործվում էին նաև մշակութային վերափոխումները։ Մեծ աշխատանք էր տարվում բնակչության գրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Արդեն 1927–1928 թվականներին գրագետ բնակչությունը կազմում էր քաղաքային բնակչության 80%-ը, գյուղականի՝ մոտ 43%–ը։ 1930 թվականից մտցվեց պարտադիր տարրական կրթությունը։ Մեծ ուշադրություն էր դարձվում նաև կադրերի պատրաստմանը։ Այդ շրջանում կազմակերպվեց ու կայացավ խորհրդային գիտությունը։ Սակայն դրա հետ մեկտեղ ներմուծվում էին պարտադիր ու կաղապարային դատողություններ, կատարվում բռնի միջամտություններ ստեղծագործական կյանքին։ Գործող գրաքննությունը ոչ միայն բացառում էր որոշ ստեղծագործությունների տպագրումը, այլև հալածանքների ենթարկում դրանց հեղինակներին։

ԱղբյուրներԽմբագրել

  • Համաշխարհային պատմություն 12, հումանիտար հոսք, հեղինակ՝ Վ. Պետրոսյան, Ա. Նազարյան, Ռ. Սաֆրաստյան