Օրհնություն, Աստծո բարեհաճության և սիրո հեղումը մարդու վրա. նախապայման հոգևոր և նյութական բարգավաճման, գոհաբանական, փառաբանական աղոթք (օրհնության սաղմոսներ) առ Աստված. որևէ անձի սիրո դրսևորումը մերձավորի նկատմամբ՝ նրա վրա աստվածային բարեհաճության հրավիրումով։ Նզովքի կամ անեծքի հակոտնյան։ Ըստ Աստվածաշնչի՝ Օրհնությունները կարող են հեղվել Աստծուն սիրելի անձի վրա, եթե նա շարժվում է Աստծո կամքի համաձայն, ինչպես հավատքի հայր Աբրահամի դեպքում. «Անչափ պիտի օրհնեմ քեզ և երկնքի աստղերի, ծովեզերքի ավազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը» ։ Մարդ էակին տրվող աստվածային Օրհնությունը կարող է լինել հավիտենական, ինչպես Աբրահամին և նրա սերնդին տրված Օրհնությունը, և ժամանակավոր, ինչպես Լաբանի վրա իջած Օրհնությունը, որը Հակոբի՝ Աստծո սիրելիի շնորհիվ եղավ.«Լաբանը պատասխանեց նրան.«Քանի որ արժանացա քո բարեհաճությանը, փորձով համոզվեցի, որ Աստված ինձ օրհնեց իմ տուն քո ոտք դնելու առթիվ»:

Աստծուն հղված օրհնությունԽմբագրել

Աստծուն հղված Օրհնության, փառաբանության ցայտուն օրինակ է Մովսեսի երգը, որը Մովսեսն ու իսրայելացիներն ուղղեցին Աստծուն՝ աստվածային հրաշագործությամբ Կարմիր ծովն անցնելուց հետո. «Օրհնենք Տիրոջը, որ փառքով է փառավորված... Նա է իմ Աստվածը և ես նրան եմ փառավորելու...» : Մերձավորին օրհնել՝ նշանակում է նրա վրա հրավիրել Աստծո բարեհաճությունը՝ Օրհնությունը, պահպանությունը, զորությունը։ Այդպես օրհնեց Հակոբը Հովսեփի որդիներին՝ Եփրեմին ու Մանասեին. «Աստված, որին հաճո եղան իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը... Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ փորձանքներից, թող օրհնի այս մանուկներին..., նրանք օրհնյալ լինեն երկրի վրա և շատ բազմանան»: Օրհնության աղբյուրը Աստվածն է՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, և նա է մարդու մեջ ներդնում բարի կամեցողությունը, բարեխոսությունը, աղոթքը և սուրբ իղձերը։ Օրհնյալ մարդը, օժտվելով աստվածային շնորհներով, հաղորդակցվում է աստվածային բնությանը և երանական կյանքին։ Նոր կտակարանում Աստծո օրհնյալ է անվանվում Մարիամ Աստվածածինը. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը»: Աստվածային գերագույն Օրհնության և իշխանության աղբյուրն ու միաժամանակ կրողն է Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, ինչպես և ասվում է Հովհաննեսի Հայտնությունում. «Արժանի է այդ մորթված Գառը Հիսուս ընդունելու մեծություն, իմաստություն, զորություն, պատիվ, փառք և օրհնություն»: «Նա, որ նստած է աթոռի վրա, ինչպես և Գառը Հիսուս, թող օրհնյալ, բարձրացյալ և փառավորյալ լինի հավիտյանս հավիտենից»։ Սուրբ Երրորդության անունից օրհնվում են եկեղեցու բոլոր խորհուրդները, հոգևոր բարեպաշտական արարողությունների ընթացքում կիրառվող նյութերն ու առարկաները։ Քահանան, խաչակնքելով, կարող է Աստծո Օրհնությունը հրավիրել նաև որևէ անձի կամ նվիրական առարկայի վրա։

Օրհնության ծիսակարգերըԽմբագրել

Համապատասխան ծիսակարգով օրհնվում են տունը (տնօրհնեք), խաչը (խաչի օրհնություն և օծում), աղը (աղօրհնեք), սրբալույս Մյուռոնը (մյուռոնօրհնություն),սուրբ Սեղանը, ջուրը , բերքը և այլն։ Եկեղեցում, սաղմոսներից զատ, կատարվում են Օրհնության շարականներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: