Կորոնար իշեմիան (միոկարդիալ իշեմիան[1] կամ սրտային իշեմիան[2]) բժշկական տերմին է, որը խոսում է կորոնար զարկերակներում անբավարար արյունահոսքի մասին[3]։ Կորոնար իշեմիան կապված է սրտի հիվանդությունների, ինչպես նաև սրտամկանի ինֆարկտի հետ։

Ախտանշաններ

խմբագրել

Ախտանիշները, որոնք ունեն կարճ տևողություն խոսում են կորոնար իշեմիայի մասին, իսկ ավելի երկարատևները՝ սրտամկանի ինֆարկտի[2]։ Կորոնար իշեմիայի ախտանիշները կարելի է դասակարգել որպես տիպիկ և ատիպիկ[2]։

Տիպիկ նշաններ

խմբագրել

Կրծքավանդակի ցավը կորոնար իշեմիայի գլխավոր նշանն է։ Եթե կրծքավանդակի ցավն առաջանում է ֆիզիկական ակտիվության կամ սեռական հարաբերության ժամանակ և անցնում է հանգստից հետո, կարելի է ենթադրել իշեմիա կամ կրծքահեղձուկ (ստենոկարդիա)[2]։ Որոշ հիվանդներ ցավը բնութագրում են այնպես, կարծես փիղը նստած է իրենց կրծքավանդակին։ Այլ տիպիկ ախտանիշներից են քրտնարտադրությունը՝ ձեռքերի քրտնած ափերը, կպչուն մաշկը, սրտխառնոցը կամ փսխումը, հևոցը[2]։ Դեպի ձախ ձեռք ճառագայթող կրծքավանդակի ցավը նույնպես հանդիսանում է կորոնար իշեմիայի նշան։ Որոշ դեպքերում ցավը կարող է ուղղակիորեն ճառագայթել դեպի մեջք։

Ատիպիկ նշաններ

խմբագրել

Ատիպիկ նշանները կանանց, դիաբետիկների և տարեց մարդկանց մոտ հանդիպում են ավելի հաճախ, քան այլ անձանց[2]։ Այս ախտանիշները ներառում են ստամոքսի ցավը, ընդհանուր թուլությունը, այրոցն ու անհանգստությունը[2]։ Ախտանիշների բացակայությունը խոսում է համր իշեմիայի մասին։

Կողմնակի էֆֆեկտներ

խմբագրել

Կորոնար իշեմիան, չբուժելու պարագայում, կարող է հանգեցնել մի շարք բարդությունների, որոնցից են զարկերակային հիպերտենզիան և արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը։ Վերջիններս, ինչպես նաև կորոնար զարկերակների նեղացումը կարող են նպաստել սրտամկանի ինֆարկտի առաջացմանը[4]։ Ոմանց մոտ կարող է դիտվել կրծքավանդակի տևական ցավ կամ ստենոկարդիա։ Սրտամկանի ինֆարկտը կարող է բերել առիթմիաների առաջացման, ինչպես նաև անուղղելի վնաս հասցնել սրտամկանին[4]։ Չբուժելու դեպքում կորոնար իշեմիան կարող է հանգեցնել նաև ինսուլտի։

Պատճառներ

խմբագրել

Կորոնար զարկերակների հիվանդության պատճառը ճարպային ներառուկների նստեցումն է կորոնար զարկերակների պատերին, որի արդյունքում նեղանում են անոթները և խանգարվում է արյան հոսքը։ Այսպիսով սիրտը ստանում է անբավարար թթվածին և արյուն, որն էլ կարող է բերել սրտամկանի ինֆարկտի առաջացման[5]։ Կորոնար զարկերակների այն հիվանդությունը, որը բերում է անոթների նեղացման և թթվածնի ու արյան անբավարար մատակարարման, կոչվում է աթերոսկլերոզ[4]։ Աթերոսկլերոզը համարվում է կորոնար իշեմիայի ամենատարածված պատճառը։ Կորոնար զարկերակների հիվանդությունը կարող է զարգանալ ժամանակի ընթացքում[5]։

Որոշակի գործոններ, օրինակ ընտանեկան պատմությունը, մեծ դեր ունեն հիվանդության առաջացման հարցում։ Այլ գործոններից են ծխելը, բարձր զարկերակային ճնշումը, դիաբետը, ճարպակալումը, անշարժ կենսակերպը և խոլեստերինի բարձր մակարդակը[6]։

Ախտորոշում

խմբագրել

Կորոնար իշեմիայի կասկածի դեպքում բժիշկը պետք է կատարի մի խումբ հետազոտություններ ախտորոշումը հաստատելու համար։ Այսօր ամենատարածված հետազոտություններն են էլեկտրասրտագրությունը, ծանրաբեռնվածության սթրես թեստը և կորոնար անգիոգրաֆիան[6]։ Բժիշկը նաև պետք է հիվանդին հղի մի շարք հարցեր հիվանդության պատմությանը ծանոթանալու համար, ներառյալ կրծքավանդակի ցավի կամ հևոցի նախկին էպիզոդները, ինչպես նաև ախտանիշների տևողությունը, հաճախականությունը և դրանց վերացմանն ուղղված միջոցառումները։

Էլեկտրոսրտագրություն

խմբագրել

Էլեկտրասրտագրության (ԷՍԳ) ժամանակ հիվանդի ձեռքերին, ոտքերին և կրծքավանդակին տեղադրում են փոքրիկ էլեկտրոդներ, որոնք գրանցում են սրտամկանի առաջացրած ցանկացած առիթմիա[6]։ Այս հետազոտությունն անցավ է, օգնում է հայտնաբերել սրտամկանի անբավարար արյունահոսքը և անցյալում եղած ցանկացած վնասում[6]։

ԷՍԳ կարող է հայտնաբերել նաև ձախ փորոքի սրտամկանի պատի հաստացումը և էլեկտրական իմպուլսի փոխանցման ցանկացած խանգարում[6]։

Այն արագ է և օգնում է բժշկին տեսնել սրտի կծկման հաճախությունը, սրտի առանցքը, P/PR-ը, QRS-ը, QT/QTcF-ը, P/QRS/T-ը և այլ ցուցանիշներ ։

Ծանրաբեռնվածության սթրես թեստ

խմբագրել

Սթրես թեստի նպատակը սրտամկանը ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով սթրեսի ենթարկելն է։ Բժիշկը հիվանդին հանձնարարում է մի շարք վարժություններ սրտամկանի սթրեսի նկատմամբ տոլերանտությունը գնահատելու համար[6]։

Այս թեստերը ԷՍԳ-ի միջոցով գնահատում են սրտամկանի առաջացրած էլեկտրական իմպուլսները ֆիզիկական վարժություն կատարելու ընթացքում։ Թեստի ժամանակ հիվանդն օգտվում է վազքուղուց կամ հեծանիվից։ Վազքուղու թեքությունը կամ հեծանվի դիմադրությունը անընդհատ մեծացնում են այնքան, մինչև հասնեն հիվանդի տարիքին և քաշին համապատասխան նպատակային սրտի կծկման հաճախականությանը[6]։

Ծանրաբեռնվածության թեստը հիվանդի խցանված անոթների առկայության պարագայում կարող է ճշգրիտ չլինել։ Կանայք և երիտասարդները անգամ կորոնար իշեմիայի և կորոնար զարկերակների հիվանդության բացակայության դեպքում կարող են ունենալ թեստի անոմալ արդյունքներ[6]։

Կորոնար անգիոգրաֆիա

խմբագրել

Կորոնար անգիոգրաֆիան կատարվում է միայն եթե ԷՍԳ-ն կամ ծանրաբեռնվածության թեստը հայտնաբերել են կորոնար իշեմիայի կամ կորոնար զարկերակների հիվանդության նշաններ[6]։

Այս հետազոտությունը շատ կարևոր է զարկերակի նեղացման ճիշտ հատվածը հայտնաբերելու, անգիոպլաստիկայի կամ շունտավորման անհրաժեշտությունը պարզելու համար։

Միջամտության ընթացքում բժիշկը կատարում է փոքր կտրվածք աճուկային (ազդրային) կամ դաստակային (ճաճանչային ) հատվածում և տեղադրում է կաթետր։ Կաթետրը վերջնամասում ունի փոքրիկ տեսախցիկ, որի միջոցով բժիշկը գտնում է զարկերակները։ Զարկերակները գտնելուց հետո վերջիններիս լուսանցքի մեջ ներարկվում է կոնտրաստ նյութ՝ նեղացումները տեսանելի դարձնելու համար։ Կոնրաստ նյութը կարելի է տեսնել հատուկ ռենտգեն սարքի միջոցով[6]։ Հետազոտությունը տևում է մեկից երկու ժամ։

Բուժում

խմբագրել

Կորոնար իշեմիան բուժվում է, բայց չի ապաքինվում[7]։ Կենսակերպի փոփոխությունը նշանակված բուժման հետ համատեղ կարող է կանխել անոթների հետագա նեղացումը և բարելավել հիվանդի ինքնազգացողությունը։

Հետազոտություները պարզել են, որ ծխելը թողնելը իջեցնում է հոսպիտալիզացիայի ռիսկը հաջորդող երկու տարվա ընթացքում[7]։ Ծխելը մեծացնում է զարկերակային գերճնշման առաջացման և արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման ռիսկը։ Ծխելը թողնելը կարող է իջեցնել զարկերակային ճնշումը և տրիգլիցերիդների մակարդակը։ Պասիվ ծխելը նույնպես վնասակար է սրտամկանի համար[7]։

Առողջ սնունդ

խմբագրել

Սննդակարգը շատ կարևոր գործոն է կորոնար իշեմիայի և կորոնար զարկերակների հիվանդության առաջացման և կանխարգելման հարցում[7]։ Սրտի համար առողջ սննդակարգը պետք է պարունակի քիչ քանակությամբ հագեցած ճարպեր և խոլեստերին, և մեծ քանակությամբ բարդ ածխաջրեր[7]։ Բարդ ածխաջրերից են մրգերը, բանջարեղենը և բոլոր տեսակի հացահատիկները։ Նման սննդակարգի ընտրությունը կարող է իջեցնել սրտամկանի ինֆարկտի կամ ցանկացած այլ սրտային անբավարարության առաջացման ռիսկը[7]։

Սրտի համար առողջ սննդակարգը ներառում է նաև նատրումի քիչ և կալիումի շատ քանակների օգտագործումը[7]։ Կալիումի քիչ և նատրիումի շատ քանակները նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը։

Ֆիզիկական ակտիվություն

խմբագրել

Մեծացնելով ֆիզիկական ակտիվությունը կարելի է կառավարել մարմնի զանգվածը, իջեցնել զարկերակային ճնշումը և ազատվել սթրեսից[7]։ Հիվանդությունների հսկման կենտրոնը խորհուրդ է տալիս կատարել 30 րոպե տևողությամբ ֆիզիկական վարժություններ օրական 1 անգամ։ Վերջիններս կարելի է փոխարինել օրական 3 անգամ հաճախականությամբ, 8-10 րոպե տևողությամբ վարժություններով[7]։ Նմանատիպ մարզումները կարող են իջեցնել կորոնար իշեմիա կամ սրտի որևէ այլ հիվանդություն ունենալու ռիսկը, եթե իրականացվեն չափավոր ինտենսիվությամբ[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Myocardial ischemia». Mayo Clinic. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Potochny, Evy. "Cardiac Ischemia Symptoms." LiveStrong. Demand Media, 9 March 2010. Web. 6 Nov. 2010.
  3. «Sacred Heart Medical Center. Spokane, Washington. Coronary Ischemia». Shmc.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 ["Ischemia." Ischemic Heart Disease. Ischemic Heart Disease, n.d. Web. 6 Nov. 2010.]
  5. 5,0 5,1 [RelayHealth. "Coronary Artery Disease." Adult Health Advisor (July 2009): 1. Consumer Health Complete. Web. 4 Nov. 2010.]
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 [Gerstenblith, Gary, and Simeon. Margolis. "Diagnosis of Coronary Heart Disease." Hopkins Heart (Jan. 2008): 18-25. Consumer Health Complete. Web. 17 Nov. 2010.]
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 [Gerstenblith, Gary, and Simeon Margolis. "Lifestyle Measures to Prevent and Treat Coronary Artery Disease." Hopkins Heart (Jan. 2008): 25-36.Consumer Health Complete. Web. 29 Nov. 2010.]