Կովկասյան կազմակերպությունների առաջին երկրային համագումար

ՌՍԴԲԿ Կովկասյան կազմակերպությունների առաջին երկրային համագումար, տեղի է ունեցել Թիֆլիսում, 1917 թվականի հոկտեմբերի 2-7-ը։ Մասնակցել է 30 պատգամավոր (27-ը՝ վճռական ձայնով, 3-ը՝ խորհրդակցական), որոնք ներկայացրել են կուսակցության 8636 անդամների։ Համագումարին իրենց պատգամավորներն էին ուղարկել Թիֆլիսի, Բաքվի, Ալեքսանդրապոլի (Լենինական), Քութայիսի, Բաթումի, Ելիզավետպոլի (Կիրովաբադ), Փոթիի, Գորիի, Հաղպատի, Ալավերդու, Կարսի, Սարիղամիշի, Տրապիզոնի, Տուապսեի, Եկատերինոդարի (Կրասնոդար), Կիսլովոդսկ-Պյատիգորսկի, Շարաբխանի, Շուշիի, Զուգդիդիի, Չոխատաուրի-Իփդիսթավի-Էրգետայի բոլշևիկյան կազմակերպությունները և Առաջին գնդացրային գնդի բոլշևիկյան խումբը։

Համագումարում լսվեցին մանդատային հանձնաժողովի զեկուցումը, գեկուցում ՌՍԴԲԿ VI համագումարի մասին, զեկուցումներ տեղերից, Սահմանադիր ժողովին ցույց տրվելիք վերաբերմունքի, ընթացիկ իրադարձությունների, կուսակցական ագիտացիոն մամուլի մասին և այլ հարցեր։ Ընտրվեց Կովկասյան երկրային կոմիտե։ Համագումարի կենտրոնական հարցի՝ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՌՍԴԲԿ ԿԿ անդամ Ստեփան Շահումյանը։

Շահումյանը պնդում էր, որ Անդրկովկասում ևս առկա են «սոցիալիստական հեղափոխության բոլոր նախադրյալները», և որ «Կովկասի բոլշևիկների առաջնահերթ խնդիրն է կենսագործել զինված ապստամբության վերաբերյալ կուսակցության VI համագումարում ընդունված դիրեկտիվը»։ Պրոռուսական դիրքերից, hամագումարը միաժամանակ գտնում էր, որ «Անդրկովկասի ժողովուրդները չպետք է անջատվեն Ռուսաստանից, այլ համատեղ ուժերով կատարեն սոցիալիստական հեղափոխություն»։ Առաջնորդվելով ՌՍԴԲԿ VI համագումարում ընդունված դիրեկտիվներով, համագումարը համապատասխան բանաձևեր ընդունեց ագրարային հարցի, Սահմանադիր ժողովին ցույց տրվելիք վերաբերմունքի և քննարկված մյուս հարցերի վերաբերյալ։

Կովկասյան բանակում կատարվող հեղափոխական աշխատանքի մասին զեկուցեց Դ. Ն. Կորգանովը։ Բանակում կուսակցական քարոզչությունը բարելավելու նպատակով համագումարը որոշեց Կովկասյան երկրային կոմիտեին կից ստեղծել Կովկասյան բանակի ՌՍԴԲԿ կազմակերպությունների ժամանակավոր բյուրո։ Հանձնարարվեց հրավիրել Կովկասյան բանակի բոլշևիկյան կազմակերպությունների համագումար։ Համագումարն ընտրեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրտակուսակցան բանվորական (բոլշևիկների) կուսակցության Կովկասյան երկրային կոմիտե և որոշեց «Կավկազսկի ռաբոչի» («Kавказкий рабочий»), «Բրձոլա» և «Բանվորի կռիվ» թերթերը դարձնել երկրային կոմիտեի օրգաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 634