Կոստյուշկովկա (լեհ.՝ kościuszkowka), 18-19-րդ դարի լեհական սրի տեսակ, որն իր անվանումը ստացել է Լեհաստանի և Բելառուսի ազգային հերոս Տադեուշ Կոստյուշկոյի պատվին։ Չնայած այդ տիպի սրերը հայտնի էին առնվազն հարյուրամյակի սկզբից, հենց Կոստյուշկոյի գործունեության ժամանակաշրջանում, մասնավորապես, նրա ապստամբության ժամանակ, այդ սրերը լայն տարածում են ստացել լեհական բանակում։ Մյուս անվանում է Ազգային հեծելազորի թրադաշույն կամ սուր[1]։ Այդպիսի սրի բնորոշ գիծն էր համարվում ուղղանկյունաձև դաստապանը[2]։

Կոստյուշկովկա սուր

Լեհական «անվանական» սրերի այլ տեսակներն էին՝ բատորովկա (Ստեֆան Բատորիի պատվին), զիգմունտովկա (Սիգիզմունդ III Վազայի պատվին)[3], յանովկա (Յան Սոբեսկիի պատվին[4]):

Պատմություն խմբագրել

 
Տադեուշ Կոստյուշկոն կոստյուշկովկա սուրը ձեռքին

Կոստյուշկովկա սրերը լայնորեն կիրառվել են լեհական բանակի տարբեր կազմավորումների կողմից, այդ թվում՝

  • հետևակի, հրետանու և Ազգային հեծելազորի սպաների կողմից 1789-1794 թվականներին,
  • Կրակովի գրենադերների սպաների կողմից,
  • թագավորական ուլանների (թեթև հեծելազորի զինվոր) սպաների կողմից,
  • լիտվական հեծելազորի զորագնդերի կողմից՝ 18-րդ դարի երկրորդ կեսին
  • ինքնապաշտպանական քաղաքային ջոկատների կողմից 1794 թվականին
  • Դոմբրովսկու Լեգեոնների սպաների կողմից Իտալիայում։

Զենքերի լեհացի պատմաբան Վլոդիմեժ Կվասնևիչի գնահատմամբ, Կոստյուշկոյի ապստամբության ժամանակ ապստամբների զորամասերում հաշվվում էր կոստյուշկովկա սրերի ավելի քան 10 000 միավոր, իսկ օգտագործման ամբողջ պատմության ընթացքում դրանց թիվը գնահատվում է մի քանի տասնյակ հազար միավոր[5]։

Կառուցվածք խմբագրել

Սրի դաստապանը պողպատից է, բաղկացած խաչարդից, որն ուղիղ անկյան տակ վերածվում է աղեղնակի, որն իր հերթին ուղիղ անկյան տակ միանում է գագաթին։ Ետևի խաչարդը երբեմն ձուլվում էր մուրճի ձևով, ինչը լեհական գուսարական սրերի բնորոշ գիծն էր։ Հարյուրամյակի առաջին կեսին կոստյուշկովկան դաստապանի ներսում ուներ օղակ, որի մեջ անցկացվում էր բութ մատը զենքը պահելու ժամանակ։

Բռնակի առանցքը փայտից էր, վաղ ժամանակների նմուշներում հարթ էր, կաշվե երեսպատումը կարող էր ինչպես լինել, այնպես էլ չլինել։ Դարի երկրորդ կեսին առանցքի վրա սովորաբար կտրվում էին լայնակի ակոսներ, ինչից հետո բռնակը երեսպատվում էր կաշվով։ Գագաթը պողպատից է, մեծ կափարիչի տեսքով։

Շեղբերը բազմազան են իրենց կառուցվածքով և ձևով, 2-4 սմ լայնությամբ, մոտ 85 սմ երկարությամբ[6], 1-6 սմ թեքությամբ, օգտագործվել են լեհական, գերմանական զոլինգենյան կամ այլ արտասահմանյան արտադրության շեղբեր։ Երբեմն օգտագործվել են նաև 16-17-րդ դարի հին շեղբեր։ Շեղբերի վրա արվում էին գրառումներ, խորհրդանիշներ և նախշեր։ Առավել հաճախ հանդիպել են՝ Ստանիսլավ Օգոստոս թագավորի մոնոգրամներ՝ AR, SAR կամ Vivat Kawaleria Narodowa (Կեցցե՜ Ազգային Հեծելազորը), Kawaleria Narodowa (Ազգային Հեծելազոր) գրառումները։

Պատյանը հասարակ էր, փայտե, կաշվեպատ։ Դարի վերջում պատյանները սկսեցին պատրաստել պողպատի թիթեղից, երկու գոտեկապերով, որոնց ամրացվում էին սուսերակալի համար շարժական օղակները։

Տարբերակներ խմբագրել

 
Կոստյուշկովկա սուրը «դասական ոճով» (Կոստյուշկոյի սուրը Ֆրանսիայի թանգարանում)

Գոյություն ունեին կոստյուշկովկա սրերի երկու ենթատեսակներ.

  • 18-րդ դարի երկրորդ կեսի Ազգային հեծելազորի ուղիղ սրեր (այսինքն փաստացիորեն թրադաշույններ)։ Դրանք ունեին բռնակի շատ երկար առանցք և պողպատե, թեթև թեքությամբ վահանակներով, որոնք խաչարդի դեր են կատարում։
  • 18-րդ դարի վերջի, 19-րդ դարի սկզբի «վերաիմաստավորված վառ արտահայտված դասական ոճի» սրեր։ Դրանք գեղեցիկ բռնակով սրեր են, որոնց աղեղակը սկսվում է խաչարդից ուղիղ անկյան տակ և հասնում է մինչև գագաթի հիմքը։

Կոստյուշկովկան՝ ըստ Զաբլոցկու տիպաբանության խմբագրել

Ըստ լեհացի պատմաբան Վոյցեխ Զաբլոցկու դասակարգման, այդպիսի սրերը դասվում են «Ib տեսակի լեհական սրերի» շարքին։ Ըստ Զաբլոցկու տիպաբանության այդ շարքին են դասվում բոլոր այն սրերը, որոնց աղեղակը սկսվում է խաչարդից ուղիղ անկյան տակ, անկախ նրանից, արդյոք այն միանում է գագաթին թե ոչ։ Այդպիսով, Ib տեսակը, բացի կոստյուշկովկա սրից, ներառում է կիսափակ դաստապանով հունգարա-լեհական և գուսարական սրերի տարբերակները[7]։ Միևնույն ժամանակ, վահանակներով սրերը Զաբլոցկու դասակարգման մեջ համարվում են «Ib տեսակի լեհական սրեր» անկախ նրանից թե աղեղակը ուղիղ անկյան տակ է անցնում գագաթի մոտ թե ոչ[8]։ Այդպիսով, կոստյուշկովկա սրերը Զաբլոցկու դասակարգման մեջ առանձնանում են երկու տեսակների միջև։

Կոստյուշկովկա սրերը պատկերավոր արվեստում խմբագրել

Կոստյուշկովկա սրերը պատկերվել են նկարագրված ժամանակաշրջանի նկարիչների աշխատանքներում։ Այդ սրերի պատկերները կարելի է գտնել Կանալետտոյի և Ֆրանցիսկ Սմուգլևիչի, Ալեքսանդր Օրլովսկու, Միխալ Ստախովիչի և Յուզեֆ Խարասիմովիչի նկարներում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լեհական ավանդույթում թրադաշույն անվանում էին մարտական սրերը
  2. 2,0 2,1 Квасневич, 2005, с. 67—70.
  3. Квасневич, 2005, с. 75.
  4. Квасневич, 2005, с. 78.
  5. Квасневич, 2005, с. 70.
  6. Квасневич, 2005, с. 69.
  7. Zabłocki, 1989, s. 60, 69—70.
  8. Zabłocki, 1989, s. 60, 73—74, 172—182.