Հաց մեծաց կամ կոչունքի ճաշ, հայոց ազնվական այրերի ներքին բարեկամության ընթրիք, որը մատուցվել է հին Հայաստանում[1]։ Արարողակարգի գլխավոր անձը ճաշկերույթի կազմակերպիչն էր, որը կոչվել է կոչնատեր։ Հաց մեծաց կազմակերպելու իրավունք վերապահված է եղել հայոց արքաներին և նախարարներին։ Եղիշեն վկայում է, որ հայ անվազարմ տիկնայք և թագուհիները նույնպես իրավունք ունեին կազմակերպելու կոչունքի արարողություն։ Պատմությունից մեզ հայտնի են Տիրան Բ, Արշակ Բ, Պապ, Վարազդատ արքաների կազմակերպած կոչունքի ճաշերի նկարագրությունները։ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ պատմիչն իր «Պատմություն տիեզերական» երկում նկարագրում է Աշոտ Ա Մեծ Բագրատունու տված բարեգործական հացկերույթը։ Կոչունքի ճաշը նպաստում էր ներկաների միջև լավ հարաբերությունների պահպանմանը։ Սովորաբար այսպիսի ճաշկերույթով էր ավարտվում արքայական որսորդությունը, երբ սեղանին մատուցվում էր նաև որսամիսը։

Արարողակարգ

խմբագրել

Հաց մեծացն առաձնանում էր իր արարողակարգով, ներկաների թվով, կերակրատեսակների ճոխությամբ։ Կոչունքի ճաշ կազմակերպելը բարդ և պատասխանատու ընթացք ուներ։ Հայոց թագուհին հսկում էր թագավորական կոչունքի ճաշի կազմակերպման ընթացքը։ Հրավերներն ուղարկելու համար թագուհու սպասավորների թվում կար նվիրակ կոչվող պաշտոնյա, որի պարտականությունը հյուրերին խնջույքի հրավիրելն էր։

Ժամանումն ու ընդունելությունը տեղի էր ունենում տաճարի ներքին դահլիճում, որտեղ հյուրերին դիմավորում էր ճաշի կազմակերպիչը։ Այս սրահում հյուրերը ազատվում էին իրենց ծանր արտահագուստներից, գլխանոցներից, թագերից։ Փավստոս Բուզանդը հայտնում է, որ նույնիսկ արքայի թագն էր հանվում կոչունքի ճաշի ժամանակ և պահվում էր հատուկ սրահում։ Հյուրերի մոտ մնում էին միայն զենքերը, որոնք առավելապես դրվագանախշ և թանկարժեք զարդեր էին, քան մարտական զենքեր։

Ընդունելությանից հետո տեղի էր ունենում լվացման արարողությունը։ Նաժիշտները բերում էին հատուկ սպասք և ջուր, և հյուրերը լվացվում էին օշնայով։ Ձեռքերը չորացնում էին դաստարակով կամ անձեռոցով։

Ընդունելության կարևոր արարողակարգ էր աղուհացով դիմավորումը, որն արտահայտում էր բարի կամք, խաղաղություն և նվիրվածություն։ Աղուհաց կտրողները կանգնում էին այնպես, որ հացը կտրելիս նրանց ձեռքերը խաչաձև հատվեն։ Ապա ազնվական հյուրերն անցնում էին դեպի հացկերույթի հիմնական սրահ, որը կոչվում էր տաճար, և նստում էին հատուկ աթոռների վրա, որոնք կոչվում էին բազմակալներ կամ բազմագահեր։ Սրանք շատ գեղեցիկ էին՝ զարդարված արժեքավոր քարերով։ Նստում էին արքայից հետո՝ ըստ պաշտոնի։ Արքայական հացկերույթները սովորաբար բաժանվում էին երկու մասի՝ կերակուրի և խմիչքի։ Սկզբում մատուցվում էին կերակուրները, ապա՝ խմիչքը։ Երբ հյուրերը նստում էին իրենց տեղերում, իսկ կերակուրը մատուցվում էր, սկսվում էր նվագի արարողակարգը։ Հյուրընկալող արքան լցնում էր իր բաժակը գինով, ճառ ասում և անում առաջին կումը։ Հյուրերն այնուհետև խմում էին նույն բաժակից՝ ի նշան հավասարության և հավատարմության։

Սեղանների գեղեցիկ հարդարմամբ զբաղվում էին հայոց տիկինները՝ զարդարելով դրանք զանազան ծաղկամաններով և բնական ծաղիկների փնջերով։

Հյուրերի համար պատրաստված սեղանը թանկարժեք էր՝ նկարազարդ սփրոցով, ոսկուց և արծաթից պատրաստված սպասքով։ Յուրաքանչյուր հյուրի համար նախապատրաստված էին սկուտեղներ, դանակներ և պատառաքաղներ։ Հայոց ազնվական կանայք հոգում էին նաև սրահի անուշահոտությամբ՝ օգտագործելով հատուկ անուշահոտ խունկ ու բուրավետ նյութեր, որի մասին վկայում է վենետիկյան հայրենից Գրիգոր վարդապետը։

Կոչնականը մեծարում էր հյուրերին մեծագույն հարգանքով։ Հյուրընկալող տանտիրուհին՝ իշխանուհին կամ թագուհին ողջ հացկերույթի ընթացքում շրջում էր հյուրերի շուրջ՝ հոգատարությամբ հարցնելով, թե ինչի պակաս ունեն։ Պատմիչները նշում են, որ այս գեղեցիկ սովորույթը հատուկ է եղել միայն հայերին։ Հայոց թագուհին վերահսկում էր նաև կոչունքի ճաշերի պատրաստման ընթացքը՝ ընտրելով, թե ինչ համեմունքներով պետք է հարստացվեին խնջույքի կերակրատեսակները։

  Անոնց մէջ չէր երեւար՝ թէ ով է նաժիշտը, եւ ով է տիկինը  

Ուտեստներ

խմբագրել

Արքայական խնջույքի սկզբում մատուցվում էին ջրալի կերակուրներ, որոնք պատմիչները անվանում են թան կամ ապուր՝ տարբեր տեսակներով, ինչպես նաև արգանակներ՝ տարբեր համեմունքներով։ Ապուրի մատուցումը առաջին հերթին նպատակ ուներ բացելու հյուրերի ախորժակը հիմնական կերակուրների համար։ Հիմնական կերակուրները բաժանվում էին յոթ տեսակի։ Սկզբում մատուցվում էին չորքոտանիների մսեղենը։ Ազնվականները նախընտրում էին որսամիս՝ վարազ, եղջերու, այծյամ։ Արշակունյաց արքունիքում արքայի համար ընտիր և համեղ գինի պատրաստելու պատիվը տրված էր Գնունյաց տոհմի անդամներին։

Ազնվականների համար պատրաստվում էին նաև հատուկ համեմունքներ, որոնք կոչվում էին անուշիչ խորտիկներ։ Առանձնակի նրբահամ խորտիկներ էին համարվում երեների ուղեղները՝ համեմված և հատկապես պատրաստված կանանց համար։ Այս ամենից հետո սեղանին դրվում էր թռչնամիսը, ապա՝ ձկնատեսակները։

Հայոց արքունական սեղանի իրական զարդը հասարակ հացն ու գինին էին։ Ազնվականների հացը թխվում էր հատուկ տեսակի ալյուրից, որը կոչվում էր նաշիհ։ Գինին մատուցվում էր առանձին կարգով։ Խնջույքի երկրորդ մասում մատռվակները կանգնում էին հյուրերի դիմաց և հյուրասիրում նրանց յուրատեսակ գինիներով, որոնց պատրաստելիս խառնում էին տարբեր բույսերի և ծաղիկների թուրմեր։

Ոճիրներ և դավադրություններ

խմբագրել

Պատմությունից հայտնի են նաև դեպքեր, երբ կոչունքի ճաշի ժամանակ կազմակերպվել են ոճիրներ և դավադրություններ։ Նման ճաշկերույթի ժամանակ է սպանվել Պապ թագավորը։

  ... մինչ Պապ թագավորը ուրախության գինին բռնած էր մտտներով ու նայում էր գուսանների խմբին, մինչ ձախ ձեռքը արմունկին հենած՝ մատներում բռնած ուներ ոսկե թասը, իսկ աջ ձեռքը դրել էր նրանի կոթին, որ կապած ուներ աջ ազդրին, մինչ բաժակը բերանն էր տարել, որ խմեր, Հունաց զորքերին աչքի ակնարկով նշան է տրվում, և երկու սակրավոր զինվորներ, որ ետևից կանգնած էին սպասավորության ոսկեպորտ վահաններով, հանկարծորեն միասին սակրերը բարձրացնելով զարկում են Պապ թագավորին...  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Թագակիրները. Հաց մեծաց». www.1tv.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 3-ին.