Կիտա Չխենկելի

վրացի լեզվաբան

Կիտա "Պետրե" Չխենկելի (վրաց.՝ კიტა "პეტრე" ჩხენკელი, արևմտյան գրականության մեջ՝ Tschenkéli, նոյեմբերի 8, 1895(1895-11-08) - հոկտեմբերի 22, 1963(1963-10-22)), վրացի լեզվաբան և բառարանագիր, ով բնակվել է Գերմանիայում և Շվեյցարիայում։ Հայտնի է իր Georgisch-Deutsches Wörterbuch-ով (Վրաց-գերմաներեն բառարան), որը «համարվում է ամենաընդարձակ վրացերեն բառարանը ցանկացած արևմտյան լեզվով»[1]։

Կիտա Չխենկելի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1895(1895-11-08)
Մահացել էհոկտեմբերի 22, 1963(1963-10-22) (67 տարեկան)
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան, Հալլե-Վիտենբերգի համալսարան և Համբուրգի համալսարան
Մասնագիտությունբառարանագիր և լեզվաբան
ԱշխատավայրՀամբուրգի համալսարան և Ցյուրիխի համալսարան

Ռուսաստանի և Վրաստանի մենշևիկյան շարժման առաջնորդ Ակակի Չխենկելիի կրտսեր եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

 
Կիտա Չխենկելին նվիրված հուշատախտակ Ցյուրիխի Թատրոնի փողոց 4 հասցեում, որտեղ Չխենկելին ապրել է 1943-1965 թվականներին

Կիտա Չխենկելին ծնվել է Քութայիսում, հոգևորականի ընտանիքում։ 1912 թվականին գերազանցությամբ ավարտել է Քութայիսիի գիմնազիան, 1913-1917 թվականներին Մոսկվայի համալսարանում սովորել է իրավունք և համաշխարհային գրականություն։ 1918 թվականին վերադառնալով անկախ Վրաստան՝ ակտիվորեն ներգրավվել է երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ 1920 թվականին պետական ​​միջոցներով ուղարկվել է Գերմանիա՝ բարձրագույն կրթությունն ավարտելու։ Հալլեի և Համբուրգի համալսարաններում սովորել է փիլիսոփայություն, քաղաքական տնտեսություն և գյուղատնտեսություն։ Այնուհետև, որպես ներգաղթյալ, հաստատվել է Գերմանիայում։ 1936 թվականին Կիտա Չխենկելին ստացել է քաղաքական տնտեսագիտության դոկտորի գիտական ​​աստիճան (ատենախոսության թեմա՝ «Վրաստանում հողի կառավարման հիմնական առանձնահատկությունները») և նույն թվականին աշխատանքի է անցել Համբուրգի համալսարանում։ Այստեղ դասավանդել է ռուսաց լեզու, իսկ մեկ տարի անց՝ վրացերեն։ Կիտա Չխենկելին բարձրագույն բանասիրական կրթություն չի ստացել, բայց մեծ հետաքրքրությամբ է սկսել լեզվաբանական գործունեությունը և վրացերենը հասանելի դարձրել արևմտաեվրոպացիներին[2]։

1938 թվականից Կիտա Չխենկելին մեծ ոգևորությամբ նյութեր է հավաքել վրաց-գերմաներեն բառարանի և վրացերենի դասագրքի համար, սակայն 1943 թվականին Համբուրգի ռմբակոծության ժամանակ ամբողջ նյութն ավերվել է։ Կիտա Չխենկելին տեղափոխվել է Շվեյցարիա, հաստատվել Ցյուրիխում, իսկ 50 տարեկանում վերսկսել է վրաց լեզվի դասագրքի և վրաց-գերմաներեն բառարանի պատերազմի ժամանակ ոչնչացված նյութերի վերականգնումն ու վերահավաքագրում-մշակումը։ Չխենկելին ռուսերեն և վրացերեն է դասավանդել Ցյուրիխի համալսարանում և Համադաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Ցյուրիխի համալսարանում հիմնել է վրաց լեզվի բաժին։ Գերմաներեն է թարգմանել և 1957 թվականին Ցյուրիխում հրատարակել «Վիսրամիանին» (վրաց.՝ ვისრამიანი, Wisramiani: oder die Geschichte der Liebe von Wis und Ramin, 1957) և Ընձենավորը (Der Mann im Pantherfell, 1974)։ Շվեյցարիայում վրացական տպարան չի եղել։ Չխենկելին Շվեյցարիայի իշխանությունների թույլտվությամբ և ֆինանսական աջակցությամբ Ցյուրիխում հիմնել է վրացական «Ամիրանի» հրատարակչությունը և իր ձեռքով ձուլել վրացական Sastambo տառատեսակի հավաքածու և տպել է իր աշխատանքները։ 1958 թվականին գերմաներեն լույս է տեսել 1500 էջանոց «Վրացերենի ներածություն» երկհատորյակը։ Այդ աշխատանքի համար 1961 թվականին Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը Կիտա Չխենկելիին շնորհել է փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում՝ «Honoris Cauza»[2]:

1960 թվականին հատվածներով տպագրվել է Կիտա Չխենկելիի երկրորդ մեծ աշխատությունը՝ «Վրաց-գերմաներեն բառարան» (deutsch-georgische Wörterbücher)[3], որոնց առաջին վեց գրքերը լույս են տեսել հեղինակի կենդանության օրոք, իսկ Կիտա Չխենկելին մահացել է յոթերորդին աշխատելիս։ Նրա գործը շարունակել են աշակերտները՝ պրոֆեսոր Յոլանդա Մարչևիի գլխավորությամբ, ով Կիտայի մահից հետո ղեկավարել է Ցյուրիխի համալսարանի վրաց լեզվի ամբիոնը։ Գրքի հրատարակման հարցում նրանց մեծ օգնություն է ցույց տվել Վիկտոր Նոզաձեն։

Կիտա Չխենկելին մահացել է թոքաբորբից, Ցյուրիխում, 68 տարեկան հասակում։ Թաղվել է Ցյուրիխում։ Գերեզմանը կորել է[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Whitby, Mary (ed., 2007), Byzantines and Crusaders in Non-Greek Sources, 1025-1204, p. 204. British Academy, 9780197263785.
  2. 2,0 2,1 2,2 Կիտա Չխենկելիի կենսագրությունը Վրաստանի ազգային խորհրդարանական գրադարանի կայքում
  3. Cherchi, Marcello (1997), Modern Georgian Morphosyntax, p. 52. Otto Harrassowitz Verlag, 3447039469.

Աղբյուրներ խմբագրել

  • პაპავა, თამარ. კიტა ჩხენკელი // გაბნეული საფლავები / თ. პაპავა. - პარიზი, 1970. - გვ.51-53. - სტატიას ახლავს კიტა ჩხენკელის ფოტო.
  • ჩხენკელი კიტა // ქართველები უცხოეთში : წ.1 / რუსუდან დაუშვილი, გრიგოლ კალანდაძე, რუმუდან კობახიძე, გოჩა ჯაფარიძე, თემურ ტარტარაშვილი. - თბ., 2012. - გვ.205. - პარალელური ტექსტი ქართ. და ინგლ. ენ.
  • ფეიქრიშვილი, ჟუჟუნა. კიტა ჩხენკელი - ჰონორის კაუზას : ქართველოლოგიური მოღვაწეობა უცხოეთში // მე და ჩემი ეკლესია / ჟუჟუნა ფეიქრიშვილი. - თბილისი, 2014. - ISBN 978-9941-22-401-0. - გვ.29-32.