Կիստեֆոս (նորվ.՝ Kistefos Sculpture Park), պատմական թանգարան, ազգային նշանակության առաջին արդյունաբերական հուշարձանը և ժամանակակից քանդակագործության խոշորագույն զբոսայգին Նորվեգիայում ու Հյուսիսային Եվրոպայում։ Հիմնադրվել է նախկին Կիստեֆոսյան ցելյուլոզի կոմբինատի տարածքում (նորվ.՝ Kistefos Wood Pulp Mill) «Կիստեֆոս» մասնավոր ընկերության սեփականատիրոջ հիդրոէլեկտրակայանի հետ։ Գտնվում է Օփլան նահանգի Եվնաքեր կոմունայում՝ Օսլոյից 80 կմ հյուսիս։ Զբոսայգու մակերեսը մոտ 1400 մ² է, տեղակայված է Ռանդսելվա գետի երկու կողմում[1]։

Kistefos Træsliberi ցելյուլոզի նախկին կոմբինատ

Պատմություն խմբագրել

 
Կիստեֆոսի գեղարվեստական պատկերասրահ

Զբոսայգու պատմությունն սկսվում է երբեմնի արդյունաբերական ձեռնարկության՝ ցելյուլոզի կոմբինատի հիմնադրումից։ Ցելյուլոզի վերամշակման կոմբինատը Ռանդսելվա գետի վրա հիմնադրել, կառուցել է Անդրեաս Քրիստենը 1899 թվականին, ապա վաճառել է այն։ 1955 թվականին գործարանը փակվել է, բայց բոլոր մեխանիզմներն ու գործիքները թողնվել են տեղում՝ այն հույսով, որ գործարանը կարող է մի օր վերագործարկվել։ Ներկայումս հին գործարանների շինությունները, որոնք կառուցվել են ավելի քան 100 տարի առաջ, զբոսայգու և արվեստի գործերի ցուցադրման հետ միասին կազմում են Նորվեգական արդյունաբերական թանգարանը։

Ընկերության սեփականատերը նորվեգացի հայտնի բիզնեսմեն և արվեստի գործերի էքսցենտրիկ[2] կոլեկցիոներ Քրիստեն Սվեասն է՝ հիմնադիր Անդրեաս Քրիստենի թոռը։ Նա 1993 թվականին գնել է հողն ու հին շինությունները և ձևափոխել Kistefos հոլդինգի։ Նա հիմնադրել է Կիստեֆոս թանգարանի հիմնադրամը, որում, բացի սեփականատիրոջից, ներդրում է ունեցել նաև քաղաքապետարանը[3]։

 
Եվնաքերի հիդրոէլեկտրակայան

Երբ Քրիստեն Սվեասը ձեռք բերեց համալիրը արդյունաբերական թանգարան և քանդակների զբոսայգի ստեղծելու համար իր անձնական հավաքածուից, այն լքված շինություն էր՝ մի քանի հեկտար հողով։ Հիմա այն լայնածավալ մշակված տարածք է այգով, որտեղ 1996 թվականից բացվել է թանգարան։ Այնտեղ պահպանվում է հիմնական թեման՝ արդյունաբերության պատմությունը, այդ պատճառով թանգարանի կենտրոնը համարվում են գործարանի պատմական շինություններն ու հին փայտե ջրաղացը։ Թանգարանը պատասխանատվություն է կրում պատմական օբյեկտների պահպանման համար։ Որոշ մեխանիզմներ վերականգնվել են և բերվել գործող վիճակի, որպեսզի հաճախորդները հնարավորություն ունենան տեսնել, թե ինչպես է տեղի ունեցել արդյունաբերության զարգացումը փայտանյութի վերամշակման ու պատրաստման բնագավառում[4]։

Զբոսայգու տարածքում տեղակայված է նաև հիդրոէլեկտրակայան։

 
Մամլիչ փայտե զանգվածի համար՝ արդյունաբերական թանգարանի ցուցանմուշ

Արդիականություն խմբագրել

Թանգարանի պատմական հատվածը ներկա ժամանակների հետ կապում է քանդակների զբոսայգին՝ ներկայացված հայտնի քանդակագործների ու նկարիչների աշխատանքներով։ Թանգարանի տարածքում սեզոնի ընթացքում բացի գեղարվեստական ցուցադրություններից նաև անցկացվում են միջոցառումներ՝ համերգներ և դասախոսություններ։ Ամեն ամառ թանգարանը հարևան Նյուբրուկետ քաղաքում կազմակերպում է արտագնա գեղարվեստական ցուցահանդեսներ[5]։

1999 թվականից Քրիստեն Սվեասի՝ նախնիների ժառանգությունը ժամանակակից կյանքի հետ միավորելու ձգտման շնորհիվ թանգարանում գործում է մոդեռն ուղղության 46 քանդակից բաղկացած մշտական էքսպոզիցիայով գեղարվեստական պատկերասրահ, որը տեղակայված է ցելյուլոզային կոմբինատի տարածքում։ Քանդակների զբոսայգին գտնվում է լայնածավալ այգու տարածքում։ Այնտեղ ներկայացված են քանդակներ, որոնք փոխանցում են նորվեգական և արտասահմանյան ժամանակակից նկարիչների, այդ թվում՝ միջազգային հեղինակություն ունեցող քանդակագործների ինտերակտիվ և ճանաչողական փորձը։ 2019 թվականի մայիսին քանդակների հավաքածուն համալրվել է ճապոնացի նկարչուհի Կուսամայի ստեղծագործություններով։ Զբոսայգում կան այնպիսի վարպետների ստեղծագործություններ, ինչպիսիք են Մարիաննա Հասկեն, պրովոկացիաների վարպետ Բժարն Մելգաարդը[6], Ջոն Ջերարդը, Մարկ Կուննին, Օլաֆուր Էլիասսոնը, Լինդա Բենգլիսը, Ֆեռնանդո Բոտերոն, Էլմգրինը և Դրագսերթը ու Անիշ Կապուրը, Իլյա Կաբակովը և ուրիշներ[7]։

«The Twist» կամուրջ Կիստեֆոսում խմբագրել

2014 թվականին թանգարանը կազմակերպեց կամրջի պրոյեկտի և նոր շենքի համար միջազգային մրցույթ, որպեսզի հնարավորություն ունենա ընդլայնել միջոցառումների ծրագիրը, իր գործունեությունը, ինչպես նաև ավելացնել աշխատաժամերը։ Մրցույթում հաղթած BIG (Բյարկե Ինգելսի խումբը) ստուդիայի ճարտարապետներն ու ոճաբաններն առաջարկեցին նոր թանգարանի համար ամենաօրիգինալ նախագիծը՝ կառուցել կամուրջ՝ նրան միացնելով շենքը։ Ճարտարապետների գաղափարով՝ այն ոչ միայն գետի ափերն էր միավորում, այլև նրա օրիգինալ ոլորված կառուցվածքը թույլ տվեց ներսում տեղադրել ցուցանմուշներ և ավելի մեծ քանակությամբ այցելուներ ընդունել[8]։

Երկաթից ու ալյումինից պատրաստված կառույցը՝ ալիքաձև պատկերասրահի տեսքով կամուրջը, որն անցնում է գետի վրայով, միավորում է գետի հյուսիսային ու հարավային ափերը։ Գրեթե 1,5 հազար քառակուսի մետր ներքին տարածությունը թույլ է տալիս այցելուներին ծանոթանալ պատկերասրահի արվեստի գործերի հավաքածուին և միևնույն ժամանակ հիանալ հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհաններից երևացող բնապատկերով։ Twins կամուրջը հանրության համար բացվել է 2019 թվականի սեպտեմբերի 18-ին։ Ժամանակավոր ցուցադրությունը ներկայացվել է բրիտանացի կոնցեպտուալ նկարիչներ Մարտին Քրիդի և Հովարդ Հոջկինի աշխատանքներով[9]։

Շինությունն այնպես է նախագծվել, որպեսզի կատարի կամրջի գործառույթ։ Այն շարժական է, բայց նրա մասերը հմտորեն հարմարեցված են ճարտարապետների կողմից և թաքցված են դիզայնի մեջ։ Կամրջի և շինության սպիտակ երկրաչափական կառուցվածքը ընդարձակվում է ջրի վրա, բարակ է և միևնույն ժամանակ ծավալուն՝ այդ կերպ ստեղծելով շարժման տպավորություն։ Այդ դինամիզմը առկա է նաև ներսում։ Ներքին հարդարանքը պատրաստված է փայտերից և ներկված է սպիտակ՝ համադրվելով արտաքին տեսքի հետ։ Միևնույն ժամանակ դրա ձևավորումը հղում է դեպի նորվեգական ավանդական ճարտարապետությունը և տեղական գյուղական տների ու ցախատների ոճին, քանի որ փայտով երեսապատումը ավանդույթ է Նորվեգիայի ճարտարապետության մեջ։

Քանի որ զբոսայգին գտնվում է գետի երկու ափին, զբոսաշրջիկների ուղին որոշ անհարմարություններ էր առաջացնում այցելուների համար. երթուղիներից մեկը փակուղային էր, և ճանապարհորդությունն ավարտելու համար նրանք ստիպված էին վերադառնալ։ Հիմա ապահովված է զբոսաշրջիկների անընդհատ շարժը, բացի այդ, անձրևոտ եղանակի պայմաններում նրանք ստիպված չեն լինի թրջվել[10]։

  Նախագծման, շինարարության և ձևավորման երկար տարիներից հետո մենք ուրախ ենք Կիստեֆոսում բացել այս գեղեցիկ նոր տարածությունը՝ «The Twist»-ը։ Պատկերասրահը մեր ծրագրերում ներառված է եղել գրեթե 20 տարի։ Թանգարանում երբեք չեն եղել այդպիսի յուրահատուկ շինություններ, և ես ուրախ եմ, որ դա կատարվեց։ Հիմա մենք ունենք մի տեսակ բնական կամուրջ, և մարդիկ կարող են ազատ ճանապարհորդել այնտեղ և վերադառնալ՝ ուսումնասիրելով ամբողջ տարածքը։ Ես կարծում եմ՝ մենք կարող ենք ասել, որ նոր շենքը բավականին յուրահատուկ է։ Մեր նպատակն է Kistefos-ը դարձնել հարմարավետ տեղ, որպեսզի բոլորը կարողանան ուսումնասիրել ժամանակավոր ցուցադրության գործերը և համաշխարհային մակարդակի քանդակները զբոսայգում՝ որպես լրացում թանգարանի արդյունաբերական ժառանգության հագեցած ծրագրի։
- Քրիստեն Սվեաս[11]
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kistefos-Museet». https://snl.no/Kistefos-Museet (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Норвежский миллионер празднует юбилей в Петербурге». www.altfornorge.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «Kistefos_AS». snl.no (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «Kistefos». www.kistefosmuseum.no (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Kistefos-Museet - History, art, playfulness and picturesque». www.visitnorway.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «В Норвегии разразился скандал вокруг «дьявольского» дома». style.rbc.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. «Kistefos Museum. Bjarke Ingels Group (BIG)». www.architectmagazine.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. «Необычный музей в Норвегии». ru.euronews.com (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. «Скрученный музей парка скульптур Kistefos». www.archidizain.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. Сергей Забуранный. «И снова BIG. Открыт невероятный музей в Норвегии». thearchitect.pro (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. «The Twist: A New Gallery in Kistefos Sculpture Park Connects Two River Banks». www.thisiscolossal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.