Կարմրակատար շամփրուկ
Կարմրակատար շամփրուկ | |
Կարմրակատար շամփրուկ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Ենթադաս | Տիպիկ թռչուններ (Neognathae) |
Վերնակարգ | Neoaves |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Շամփրուկներ (Laniidae) |
Ցեղ | Lanius |
Տեսակ | Կարմրակատար շամփրուկ (L. senator) |
Միջազգային անվանում | |
Lanius senator | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կարմրակատար շամփրուկ (լատին․՝ Lanius senator), շամփրուկների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված Հայաստանի կարմիր գրքում։ Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Կարմրակատար շամփրուկի գլուխը շագանակագույն է, թևերը, պոչը, ճակատը և աչքից դեպի ականջը ու ծոծրակը տարածվող շերտերը սև են, թևի վրա ունի սպիտակ շերտ, որն ավելի լավ է երևում թռիչքի ընթացքում, վերին կտուցի հիմքում ունի սպիտակ շերտ, որովայնը սպիտակ է՝ շիկավուն երանգով, պոչի եզրային փետուրները սպիտակ են, կտուցի ծայրը կեռ է և սուր։ Էգ թռչունի գարնանային գուներանգները մեղմ են, ձագերի փետրավորումը՝ ալիքավոր նախշերով։ Քաշը՝ 33-40 գ, թևի երկարությունը՝ 94-102 մմ[1]։
Բնադրում խմբագրել
Գարնանը վերադառնում է ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Տարածված է կիսանապատային գոտում, մասամբ՝ լեռնային տափաստաններում։ Հիմնական բնադրավայրերն են՝ Աշտարակից մինչև Երասխ, Վայքը և Զանգեզուրը։ Բնադրվում է թփերի և ծառերի վրա, բույնը սարքում է օշինդրից, բրդի կտորներից, տեղադրում գետնից 60-70 սմ բարձր։ Մայիսին դնում է 5-7 կանաչավուն կամ երկնագույն, մոխրամանուշակագույն պտերով ձու[1]։
Սննդառություն խմբագրել
Սնվում է հիմնականում բզեզներով և այլ անողնաշարներով։ Օգտակար թռչուն է[1]։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է հարավային և միջին Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, Իրանում[1]։
Պահպանություն խմբագրել
Սակավաթիվ օլիգոտոպային տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալները բավարար չեն։ Մեղրու շրջանում խտությունը կազմում է միջին հաշվով 0,34 թռչուն 1 հեկտարին։
Կարմրակատար շամփրուկի թվաքանակի վրա կարող է բացասականորեն ազդել գյուղատնտեսական նպատակներով կիսաանապատների յուրացումը, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարում թունաքիմիկատների օգտագործումը։
Պոպուլյացիայի մի մասը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 34.
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակատար շամփրուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրակատար շամփրուկ» հոդվածին։ |