Կարին (ավանդական երգի-պարի համույթ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարին (այլ կիրառումներ)
Կարին, ավանդական երգի-պարի խումբ, հիմնադրվել է 2001 թվականին՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կողմից։
Պատմություն
խմբագրել«Կարին» ավանդական երգի-պարի համույթն արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և դափնեգրերի՝ մասնակցելով մի շարք մրցույթների, փառատոնների և հեռուստանախագծերի։ Այս ամենին զուգահեռ համերգներ է ունեցել սկզբում ՀՀ տարածքում, ապա նաև սփյուռքում՝ իրականացնելով բանահավաքչական աշխատանքներ։ Մենահամերգներով հանդես է եկել Արցախում և Վրաստանի հայաբնակ շրջաններում։
Հայաստանի Պարարվեստի Միության կազմակերպած «Պարատուն» հանրապետական փառատոնի դափնեկիր է։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կազմակերպած Ազգագրական խմբերի հանրապետական փառատոնի լավագույնն է՝ տարբեր նոմինացիաներում։ Արժանացել է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի կազմակերպած «Արևային անձրև» համահայկական մրցույթ-փառատոնի դիպլոմի։
2003 թվականին «Կարինը» առաջին անգամ հանդես եկավ մենահամերգով՝ «Հավերժի ճամփորդը» ծրագրով՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում[1]։
2004 թվականի մայիսի 9-ին ներկայացրել է «Մեր Հաղթանակը» ծրագիրը։
Մեծ Եղեռնի 90-ամյակին նվիրված միջոցառումներ է կազմակերպել Հայաստանում, Ջավախքում և Ախալցխայում 2005 թվականին՝ «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա» վերնագրով։ «Կարին»-ի երգերի և պարերի ներկայացմամբ նկարահանվել է «Ուխտագնացություն երգով» երաժշտական ֆիլմը և «Սասնա ծռեր» տեսապատումը, որի ռեժիսորը Արտակ Ավդալյանն է։
2005 թվականից ի վեր «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի և Նարեկացի արվեստի միության հետ համատեղ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը իրականացնում է «Մեր պարերը և մենք» պարուսուցման ծրագիրը, որն իրականացվում է ամեն ամիս՝ հայ ավանդական մշակույթը հայ կենցաղ վերադարձնելու նպատակով։ 2009 թվականից ծրագրին միացան նաև Գաֆեսճյան հիմնադրամն ու Երևանի Ճարտարագիտական համալսարանը՝ որոնց համագործակցության շնորհիվ էլ ծրագրի աշխարհագրական սահմանները դուրս եկան անգամ Հայաստանի Հանրապետության սահմաններից։
2007 թվականին բեմականացվեց Ազգագրական թատրոնի անդրանիկ նմուշները՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փետրվարին կայացավ «Հայոց երգի Հայրիկը» համերգ-ներկայացումը, մայիսին՝ «Խնգահոտ Էրգիր» ներկայացումը։
«Կարին» ավանդական երգի-պարի խումբը 2008 թվականին արժանացավ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրին՝ հայ ավանդական մշակույթի պահպանման համար։
2009 թվականին «Կարին»-ը բեմադրեց «Վարք Հայոց» ներկայացումը՝ հիմնված Պ. Սևակի «Եվ այր մի Մաշտոց անուն» պոեմի և Գ. Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատությունների վրա։
2010 թվականի հոկտեմբերին մի շարք համերգներով ներկայացել է Իրանի Իսլամական Հանրապետության հայկական գաղթօջախներում։
2011 թվականի ապրիլին Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում տեղի ունեցած Ազգային պարերի միջազգային XIV մրցույթ-փառատոնում «Կարին»-ը արժանացավ առաջին մրցանակի՝ ավանդական պար անվանակարգում, և մրցանակի՝ երգեցողության և երաժշտական նվագակցության անվանակարգում։ Իսպանիայում և Թուրքիայում Ստամբուլի հայ գաղթօջախներում հանդես է եկել մենահամերգներով։ Նոյեմբերին մեկնել է Իրանի Իսլամական հանրապետություն՝ հյուրախաղերի։ 2011 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, իսկ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ Ոսկե մեդալի` մշակույթի նախարարության բարձրագույն մեդալի։ Սեպտեմբերի 21-ին Սերժ Սարգսյանը անկախության 20-րդ ամյակի կապակցությամբ «Կարին»-ի գեղարվեստական ղեկավարին շնորհեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում։
Իր 10-ամյա հոբելյանին նվիրված մենահամերգը «Կարին»-ը ներկայացրեց 2012 թվականի փետրվարին։ Այն վերնագրված էր «Դարձ յարմատս»։ Ապա խումբը մեկնեց ԱՄՆ, ուր ներկայացավ լավագույն համարներով և իրականացրեց պարուսուցման դասընթացներ։ Հունիսին «Կարին»-ը իր «Որն է Բաբո մեր հայրենիք» խորագրով մենահամերգին ներկայացրեց մի շարք նոր փրկված պարեր, երգեր։
Իր համերգներից մեծ մասի ընթացքում «Կարին»-ը ներկայացնում է իր շարունակական բանահավաքչական աշխատանքների շնորհիվ վերացումից փրկված պարեր և երգեր, որոնք երբևէ ներկայացված չեն եղել այլ խմբերի համերգացանկում։
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի խմբավարը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող և արվեստագիտության թեկնածու Տաթև Շախկուլյանն է, երաժշտական մասի ղեկավարը՝ Սևադա Իրիցյանը։
Գործունեություն
խմբագրել«ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ»
խմբագրելԾրագրի գաղափարն առաջացել է «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի անդամ մի քանի երիտասարդների մոտ, ովքեր ցանկանում էին հային սովերեցնել ճանաչել իր ազգային մշակույթը, վերհիշել հայ ազգագրական պարերն ու դրանց նշանակությունը։ Եվ «Կարին» ավանդական երգի-պարի համույթն իր վրա ստանձնեց այդ համարձակ ծրագրի իրականացումը և հային վերադարձրեց հայկական պարարվեստի մոռացված եզակի նմուշներ։
«Մեր պարերը և մենք» խորագիրը կրող այս միջոցառումներն անց են կացվում արդեն շուրջ 10 տարի՝ Նարեկացի արվեստի միության, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի և մի շարք նվիրյալների աջակցությամբ։ Ծրագրի շնորհիվ բազմաթիվ հայեր արդեն սովորել են իրենց ազգային պարերը, իսկ այլազգիները տեսնելով այս ամենը համոզվում են հայերի բարձրարժեք մշակույթ ունեցող հին ազգ լինելու մեջ։
«Մեր պարերը և մենք» ծրագիր-միջոցառման շրջանակներում մասնակիցները և՛ սովորում են պարաքայլերը, հասկանում պարերի բովանդակությունն ու պարում դրանք, և՛ ներգրավվում մի շարժման մեջ, որը նվիրված է մշակույթի, ազգի, երկրի, ազգային գաղափարախոսության պահպանմանն ու սեփական արժեքների ու հարստության գնահատմանը։ Ծրագրի երկու կարևոր նպատակներն են «Մեր պարեր»-ի ներկայացումը, լուսաբանումն ու ուսուցանումը և «Մենք»-ի՝ որպես «մեր պարերի» կրողների ու փոխանցողների ձևավորումը։
«Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնություն
խմբագրել2011 թվականին ձևավորվեց «Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը՝ կամավորական սկզբունքներով։ Այս նախաձեռնությամբ մասնակիցները ցանկանում են տարածել հայկական ազգագրական պարերը և պահպանել հայ մշակույթը։ Կազմակերպվում են ավանդական պարի բաց միջոցառում-դասընթացներ՝ Երևանում, Արցախում և շրջաններում, իսկ ձմռանը պարբերաբար այցելում են մանկատներ, դպրոցներ և այլ ուսումնական հաստատություններ։
Առ այսօր «Պարենք Հայերեն» նախաձեռնությունն անցկացրել է տասից ավելի միջոցառումներ Հ.Ա.Թ.-ում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարության հետ համագործակցության շնորհիվ։ Այցելել է Հանքավանի «Արագած» ճամբար և անապահով ընտանիքների շուրջ 300 երեխաների հետ պարային միջոցառումներ անցկացրել։ Զանազան միջոցառումներ են կազմակերպվել նաև Եղվարդում, Գորիսում, Էջմիածնի Արաքս գյուղում, Նոյեմբերյանի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում, Նոր Հաճընում, Արցախի Քարվաճառում և Բրաջուր գյուղում։
«Ծովակ» ավանդական երգի-պարի մանկապատանեկան խումբ
խմբագրել2001 թվականին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում հիմնադրվեց «ԿԱՐԻՆ» ավանդական մշակութային միության «ԾՈՎԱԿ» ավանդական երգի-պարի մանկապատանեկան խումբը։ Այն համարվում է «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խմբի նախասկիզբը։ Մանկապատանեկան խումբը կրում է կոմպոզիտոր, հանրահայտ երաժշտագետ Ծովակ Համբարձումյանի անունը, ով մեծ աջակցություն է ցուցաբերել խմբին։
«ԾՈՎԱԿ» խմբի առաջին սերնդի ներկայացուցիչները այժմ համալրում են «ԿԱՐԻՆ»-ի հիմնական կազմը։ Իսկ այսօրվա «ԾՈՎԱԿ»-ի կազմը լրացնում են խմբի երրորդ սերնդի ներկայացուցիչները։
Խումբը վերակազմավորվել է 2012 թվականի սեպտեմբերին ՀՀ ԿԳՆ մշակույթի կենտրոնում, որտեղ էլ այժմ գործում է։ Կենտրոնի տնօրենը Անդրանիկ Հովհաննիսյանն է, գեղարվեստական ղեկավարը՝ Սամվել Բալոյանը։
Խմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը Գագիկ Գինոսյանն է, խմբավարը՝ Գեղամ Օհանյանը, պարուսույցները՝ Անի Գինոսյանն ու Հարություն Բաղդասարյանը։
«Դարույնք»
խմբագրելԱյս ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ։ 7-ից բարձր տարիքի այն անձինք, ովքեր ցանկանում են ծանոթանալ հայ ազգային պարին, ընդգրկված են այս նախագծում։ Նրանց թիվը հասնում է 50-ի, սակայն օրեցօր ավելանում են մասնակիցները, ովքեր ցանկանում են անաղարտ պահել հայ ազգային մշակույթը։ Կայացավ համագործակցություն «Կարին»-ի հետ, որն էլ դարձավ ծրագրի թիմակիցը։
Հովհան Դաշտոյանը, ով նախագծի պարուսույցն է և «Կարին» համույթի անդամ, շաբաթական երկու օր ՝ շաբաթ և կիրակի, այցելում է Գավառ և իր պարային գիտելիքները փոխանցում ընդգրկված մասնակիցներին։ Այժմ նրանց իր փորձն է փոխանցում նաև Կորյուն Դավթյանը։ Պարուսուցման ընթացքում սովորում են Ալաշկերտի, Վանի, Շատախի, Սասունի, Կարինի և այլ շրջանների ռազմապարեր և ծիսական-պաշտամունքային պարեր։
Բացի պարելուց, մասնակիցները ծանոթանում են նաև իրենց մշակույթին, կապվում արմատների հետ՝ ուսումնասիրելով հայոց պատմություն, ազգային մի շարք ավանդույթներ՝ երգեր, էպոս, հեքիաթներ, ծեսեր և այլն։
Խումբն իր անվանումը ստացել է 2012 թվականին՝ ի պատիվ Բագրատունյաց նախարարների ոստան «Դարույնք» բերդ-ամրոցի։ Այն նպատակ է հետապնդում վերակագնել և հայությանը ներկայացնել Նոր Բայազետի ազգային ծեսերը, ավանդույթները, երգերն ու պարերը։
Ամեն ամսվա վերջին օրը խումբը մասնակցում է ազգային պարերի բաց դասերին, որոնք անց են կացվում հենց Երևանում։
Խումբն ունի տարազ, որը նախագծվել և կարվել է Հայ ասպետ կրթադաստիարակչական հիմնադրամի արտադրամասի վարպետների կողմից։ Այն ունի Նոր Բայազետին բնորոշ սիմվոլներ։
«Գեղամա» մարզային հեռուստաընկերության «Ազգային դիմագիծ» հաղորդման շրջանակներում յուրաքանչյուր շաբաթ ներկայացվում է խմբի առօրյան, գործունեությունը, կազմակերպվում է նաև պարերի ուսուցում, խոսվում դրանց ծագման և պատմության մասին։
Խմբի առաջին համերգային ծրագիրը կայացել է 2012 թվականին Գավառում՝ «Իմ հին ու նոր Բայազետ» խորագրով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կարին ավանդական երգի-պարի համույթ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքէջ Արխիվացված 2015-12-31 Wayback Machine