Կարապետ Ավեսյան

երաժիշտ

Կարապետ Վարդանի Ավեսյան (ապրիլի 28, 1979(1979-04-28), Բեյրութ, Լիբանան), հայ երաժիշտ, կոմպոզիտոր, դիրիժոր, Լիբանանի կոմպոզիտորների միության անդամ։

Կարապետ Ավեսյան
Ծնվել էապրիլի 28, 1979(1979-04-28) (44 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Երկիր Լիբանան
Մասնագիտություներաժիշտ, կոմպոզիտոր և դիրիժոր
ԱշխատավայրԲարսեղ Կանաչյանի անվան երաժշտական քոլեջ, Լիբանանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ և Լիբանանի կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2006)

Կենսագրություն խմբագրել

Կարապետ Ավեսյանը ծնվել է Բեյրութում, 1979 թվականի ապրիլի 28-ին։

2006 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Զոհրաբյանի դասարան), իսկ 2007 թվականին՝ դիրիժորության բաժինը (Արամ Ղարաբեկյանի դասարան)։

2007 թվականին Կարապետ Ավեսյանը վերադարձել է Լիբանան և ստանձնել «Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական քոլեջի տեսության բաժնի ղեկավարի պաշտոնը։ 2009 թվականին Ս. Քեչիկի հետ Կարապետ Ավեսյանը ստեղծել է կամերային նվագախումբ։ 2008 թվականից հանդիսանում է Լիբանանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր և պետական կոնսերվատորիայի դասախոս, 2007-2011 թվականներին եղել է Մերձավոր Արևելքի Աստվածաբանական ճեմարանի երգչախմբի ղեկավար դասախոս։ 2009–2012 թվականներին ղեկավարել է Բեյրութի «Արմիս» երգչախումբը, մասնակցել «Բեյրութ Չանց» միջազգային փառատոնին։

2010 թվականից Կարապետ Ավեսյանը դասավանդում է Բեյրութի Արաբական համալսարանի ճարտարապետության բաժնում։ 2012 և 2014 թվականին Փարիզում և Չիկագոյում կատարելագործվել է դիրիժորության միջազգային վարպետաց դասընթացներում։ Երաժիշտը հանդիսանում է «Սուրբ Միշել» ինստիտուտի Երիտասարդական կամերային նվագախմբի հիմնադիր ղեկավար (2013), 2014 թվականից՝ Լիբանանի ազգային երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր։

Ստեղծագործություններ խմբագրել

Կարապետ Ավեսյանը կամերային, խմբերգերի ստեղծագործությունների հեղինակ է, մշակել է լիբանանյան. ժողովրդական երգեր՝ էստրադային նվագախմբի համար։

Գրել է սոնատին (2002)՝ կլառնետի և դաշնամուրի, «Ցոլուն աստղեր» (Հովհաննես Թումանյանի խոսքերով, 2002)՝ երգչախմբի, թեմա և վարիացիաներ (2003)՝ դաշնամուրի, «Երեք հայրեն Քուչակէն» (2004) վոկալ շարք՝ մեցցո սոպրանոյի և դաշնամուրի, սիմֆոնիկ պատկեր (2006)՝ նվագախմբի, սոնատ (2005)՝ ջութակի և դաշնամուրի համար, դաշնամուրային կվարտետ (2003), լարային կվարտետ (2008) և այլ աշխատություններ։

2004 թվականին Երևանում արժանացել է Կոմպոզիտորների Ղազարոս Սարյանի անվան մրցույթի 3-րդ մրցանակին։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։