Կառլեն Կարապետյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կառլեն Վլադիմիրի Կարապետյան (սեպտեմբերի 21, 1938(1938-09-21), Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, Վրաստանի վաստակավոր նկարիչ։

Կառլեն Կարապետյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1938(1938-09-21) (85 տարեկան)
ԾննդավայրԱխալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1968)
Մասնագիտություննկարիչ
Ժանրգրաֆիկա

Կենսագրություն խմբագրել

Կառլեն Վլադիմիրի (Կարոյի) Կարապետյանը ծնվել է Ախալքալաքում 1938 թվականի սեպտեմբերի 21-ին աշխատավորի ընտանիքում։ Փոքր հասակից զրկվել է ծնողներից. նրան մեծացրել և դաստիարակել է տատը։ Սովորել և ավարտել է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի հայկական միջնակարգ դպրոցը (1961)։

1962 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի նորաստեղծ գեղագիտական ֆակուլտետի նկարչական բաժինը, որտեղ դասավանդում էին ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ՝ Հովհաննես Զարդարյանը, Ղուկաս Չուբարյանը, Էդուարդ Իսաբեկյանը, Հմայակ Ավետիսյանը և Արտաշես Հովսեփյանը։

1968 թվականին վերադարձել է Ախալքալաք և աշխատանքի անցել հայկական միջնակարգ և ռուսաց դպրոցներում, որպես նկարչության և գծագրության ուսուցիչ։ Նույն թվականին հայկական դպրոցում ստեղծել է նկարչական խմբակ, որտեղ ընդգրկվել են մոտ 10 տաղանդավոր աշակերտներ։ Խմբակի շնորհիվ սաներից շատերը դարձել են ճանաչված արվեստագետներ՝ Սմբատ և Ռաֆիկ Մկրտչյաններ (քանդակագործներ), Ալբերտ Գոգորյան, Մնացական Ղալաչյան, Սամվել Նահատակյան (գեղանկարիչներ), Սուսաննա Ավետիսյան (ճարտարապետ) և կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը։

1985 թվականին մասնակցել է Երևանի նկարիչների տանը բացված «Պատմության քառուղիներով» ցուցահանդեսին։ Նրա «Հայոց վիշտը անհուն մի ծով» կտավն արժանացել է մեծ գնահաականի և դարձել նկարիչների միության սեփականությունը։ 1990 թվականին մեծ դժվարությամբ հիմնադրել է Ախալքալաքի գեղարվեստի դպրոցը և այն դարձրել ամենաճանաչված դպրոցը ողջ Վրաստանում։ Վրաստանի մշակույթի նախարարությունը 2010 թվականին նրան շնորհել է Վաստակավոր նկարչի կոչում։ Կառլեն Կարապետյանի անունը ներառված է Հայաստանի համառոտ հանրագիտարանի երկրորդ հատորում, Իոսյանի «Սամցխե-Ջավախքի նշանավոր հայորդիները» գրքում և Ալբերտ Փարսատանանի «Հայը» գրքում։

Ցուցահանդեսներ խմբագրել

1994 թվականին Կարապետյանի նախաձեռնությամբ Երևանի նկարիչների տանը բացվեցլ է Ջավախքի նկարիչների անդրանիկ ցուցահանդեսը։ Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ Երևանում, Չարենցավանում, Գյումրիում, Թբիլիսիում, Բորժոմիում և Ախալցիխեում։ 2002 թվականին Կարապտյանի ստեղծագործական աշխատանքներն երկու ամիս ցուցադրվել են ԱՄՆ-ում և Կանադայում։ 2004 թվականին Կառլեն Կարապետյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ջավախքի նկարիչների հերթական ցուցահանդեսը։ Նույն թվականին նկարիչների միությունը ներկայացրել է 12 ժամանակակից նկարիչների աշխատանքները ԱՄՆ-ում, այդ թվում՝ Կառլեն Կարապետյանի։

Պարգևներ խմբագրել

  • Վրաստանի վաստակավոր նկարիչ, 2010
  • Արծաթե հուշամեդալ հայ արվեստը տարածելու և զարգացնելու համար 2004
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» շքանշան, 2014[1]

Մեջբերումներ Կառլեն Կարապետյանից խմբագրել

  Շատերն ինձ ասում են, որ իմ նկարներում պատկերված մարդը տխուր է. իրականում ես նկարում եմ այն, ինչ զգում եմ։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Կառլեն Կարապետյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.