«Շաբաթվա հոդված» նախագիծ

Ոսկեպար, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի հյուսիս-արևելքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Բնակավայրը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհին։ Գյուղից հյուսիս գտնվում է Բաղանիս, հարավում՝ Աճարկուտ, հարավ-արևելքում՝ Կիրանց գյուղերը։ Ունի դարերի պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Բնությունը գեղեցիկ է, կազմված է մեծամասամբ անտառապատ լեռներից, իսկ բնակավայրի տարածքով հոսում է համանուն գետը։ Գյուղի արևելյան և արևմտյան կողմում են գտնվում Վերին Ոսկեպար և Ներքին Ոսկեպար նախկին բնակավայրերը, որոնց տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է Ոսկեպար գյուղի հետ։ Բնակավայրի անվան ծագման մասին ստույգ տվյալներ հայտնի չեն, սակայն, ըստ ուսումնասիրությունների, մեզ հասած «Ոսկեպար» անունը դարերի, միգուցե նաև հազարամյակների վաղեմություն ունի և խորհրդանշում է արգասաբերություն ու առատություն։ Գյուղը պաշտոնապես կոչվում է Ոսկեպար, նախկինում անվանել են նաև Ոսկեպատ, Ոսկեպարիսպ։ Ադրբեջանցիները գյուղն անվանել են հայկական Ոսկեպար անվան աղավաղված ձևով՝ Ախսիբարա

Ոսկեպարը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Որպես գյուղը հիմնադրվել է առնվազն 6-ից 7-րդ դարերում։ Հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղի և հարակից տարածքներում պահպանված հուշարձանների ու ավերակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր ժամանակաշրջաններում առնվազն երեք անգամ ենթարկվել է փոքր տարածության վրա տեղափոխության՝ զբաղեցնելով մերթ ներկայիս Վերին Ոսկեպար, մերթ Ներքին Ոսկեպար անունը կրող նախկին բնակավայրերի և հարակից գյուղատեղիների տարածքները։

Ոսկեպար բնակավայրը արևելքից, հյուսիս-արևելքից և հարավ-արևելքից շրջապատված է անտառապատ լեռներով, իսկ արևելքում՝ հիմնականում լերկ լեռներով, որոնք, ձգվելով դեպի Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Գավազան լեռ, վերածվում են դաշտերի ․․․Ավելին