«Շաբաթվա հոդված» նախագիծ

Սուրբ Նշան եկեղեցի (նաև՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի), չգործող հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Հանդիսանում է Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միջև վիճաբանության առարկա, քանի որ վերջինը եկեղեցին վրացականացնելու ցանկություն է հայտնել։ Այն գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հին թաղամասերից մեկի՝ Կալոյի (նախկին Սուրբ Նշան) թաղամասում, Վերցխլի (նախկին Ոսկերիչների) և Սուլթանաշվիլի (նախկին Սուրբ Նշան, հետագայում Հ.Հակոբյան) փողոցների միջակայքում։

Եկեղեցու հիմնադրման ստույգ ժամանակն անորոշ է։ Հիմնադրման թվականը որոշելիս գիտական շրջանակները մինչ այսօր հիմնվել են եկեղեցու հյուսիսային մուտքի բարավորին առկա շինարարական արձանագրության հաղորդած տվյալների վրա, համաձայն որի` եկեղեցին կառուցվել է 1703 - 1720 թվականների ընթացքում, որին 1780 թվականին ավելացվել է գմբեթ։ Շրջանառվել է նաև եկեղեցին 1701 թվականին հիմնադրված լինելու վարկածը, որի հիմքը Մ.Բրոսեի աշխատության սխալ ընթերցումն է։ Ըստ Սամվել Կարապետյանի՝ 17-րդ դարից պահպանված վերոնշյալ սկզբնաղբյուրային հիշատակությունները հաստատում են այն իրողությունը, որ նախքան կանգուն եկեղեցու կառուցումը և առնվազն շուրջ մեկ դար առաջ տեղում եղել է ավելի հին նույնանուն հայկական եկեղեցի, որը վերջին անգամ հիմնովին վերաշինվել է 1662 թվականին հայտնի քարահատ-ճարտարապետ Նավասարդի ձեռքով։

Սուրբ Նշան եկեղեցին ունի 17-18-րդ դարերում հայակական եկեղեցաշինության մեջ լայն տարածում գտած գմբեթավոր եռանավ բազիլիկի հորինվածք։ Սրածայր վեղարով ավարտվող արտաքուստ 12 նիստանի թմբուկը և թաղերը ներքուստ պահում են երկու զույգ հաստահեղույս սյուները։ Սուրբ Նիկողայոսի անվամբ օծված, արևելքում կիսաբոլորակ եզրագծով ավագ խորանից բացված են դեպի ներս լայնացող երեք լուսամուտներ։ Անդրեաս առաքյալի և Սուրբ Գևորգի անուններով օծված հյուսիսային և հարավային խորաններով ավանդատների մուտքերը բացված են արևմտյան կողմերից՝ աղոթասրահի մեջ։ Ավանդատները կրկնահարկ են։ Երկրորդ հարկում մուտքերը բացված են խորանի մեջ և նրա հետ հաղորդակցվում են 17-ական աստիճանների միջոցով...Ավելին