«Շաբաթվա հոդված» նախագիծ

Արամ Եղիայի Խաչատրյան, հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1945), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական։

Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Թիֆլիսում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Չունենալով տարրական երաժշտական գիտելիքներ՝ ընդունվել է Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ՝ համատեղությամբ սովորելով Մոսկվայի կոնսերվատորիայում։ Առաջին մեծ գործը եղել է «Դաշնամուրի կոնցերտը» (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ հարմոնիաներով, թովիչ ռիթմերով, վիրտուոզությամբ, իմպրովիզացիաներով և զգացական մեղեդիներով։

Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր, ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։ Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի, Միջին Արևելքի ժողովրդի ազգային երաժշտությունը...Ավելին